HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչպես են եվրոպական երկրները փորձում խուսափել երկրորդ լոքդաունից

Այս տարվա գարնանը, կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու համար, Եվրոպայի երկրների մեծ մասը սկսեցին որոշակի սահմանափակումներ մտցնել։ Հանրային կյանքը և տնտեսությունը փաստացի պարալիզացվեց։ Ամառային ամիսներին սահմանափակումները թուլացվեցին, դրանց մի մասն էլ չեղարկվեց։ Սակայն ներկայումս իրավիճակը շարունակում է բարդանալ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում յուրաքանչյուր օր կորոնավիրուսով վարակվում է 40 000- 50 000 մարդ։ Այդպիսի կայուն աճը անհնար է բացատրել միայն իրականացվող թեստերի թվաքանակի աճով։ «Սեպտեմբերի տվյալները պետք է բոլորի համար սթափության ահազանգ լինեն»,- հայտարարել էր ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն։ Ամենշաբաթյա ցուցանիշները ներկայումս գերազանցում են այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են Եվրոպայում՝ այս տարվա մարտին։

Այդուհանդերձ, եվրոպական երկրների ղեկավարներն ամեն գնով ցանկանում են խուսափել երկրորդ լոքդաունից՝ համարելով, որ դրանց հետևանքները աղետալի կլինեն իրենց երկրների համար։

Գարնանը կարանտինային խիստ սահմանափակումներից մեծապես տուժել են Իսպանիան և Ֆրանսիան։ Այս երկրներում տնտեսական անկումը մեծ է եղել։ Եվ հենց այդ երկրներում ներկայումս գրանցվում է վարակվածների թվի կտրուկ աճ։ Սակայն Ֆրանսիան հույս ունի խուսափել նոր համազգային լոքդաունից և շրջանցել կարանտինային սահմանափակումները, հատկապես, Փարիզում, Մարսելում, Բորդոյում, Նիսում և Թուլուզում, որտեղ համաճարակային իրավիճակն ամենից բարդն է։ Այս քաղաքներում արգելվել է հավաքների իրականացումը, սահմանափակվել են բարերի աշխատաժամանակը և հնարավորությունն այցելել ծերանոցներ։ Փարիզում և որոշ այլ քաղաքներում նախատեսվում է դիմակների պարտադիր կրում՝ սեփական բնակարաններից դուրս։

Սահմանափակումներն առավել խիստ են Իսպանիայում։ Սեպտեմբերի 21-ից կարանտին է հայտարարվել Մադրիդի վեց շրջաններում և հարևան յոթ կոմունաներում։ Արգելված գոտիներ այցելությունները կամ դրանց լքումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում. աշխատանքի, հիվանդանոց կամ էլ դպրոց գնալու համար, եթե անձը մեկուսացված չէ։ Այդպիսի սահմանափակումներ մտցվել են այնպիսի թաղամասերում, որտեղ երկու շաբաթվա ընթացքում գրանցվում են կորոնավիրուսի բարձր ցուցանիշներ։ Մադրիդի ինքնավար շրջանի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն նշել է, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են կանխարգելել երկրորդ ամբողջական լոքդաունը, որը աղետ կլիներ տնտեսության համար։

Գերմանիայի համար ևս նոր լոքդաունը կունենար ծանր հետևանքներ։ Գերմանական մասնավոր հատվածի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն կհանգեցնի սնանկության ալիքի առաջացման։ Գերմանիայում նույնպես աճում է վարակվածների թիվը, սակայն երկրորդ լոքդաունի մասին դեռևս խոսք չի գնում։ Առողջապահության նախարար Յենս Շպանը հույսը դնում է քաղաքացիների գիտակցության և պատասխանատվության վրա։ Նա կարծում է, որ կարելի է խուսափել համավարակից, եթե առանձին շրջաններում կտրուկ գործողություններ իրականացվեն կորոնավիրուսի բռնկումների նկատմամբ։

Երկրորդ լոքդաունին չի պատրաստվում նաև Գերմանիայի ֆինանսների նախարարությունը։ 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հավելյալ 96 միլիարդ եվրոյի փոխառություններ՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հաղթահարման համար։ Ընդ որում, Գերմանիայի ֆինանսների նախարարությունը ելնում է նրանից, որ համավարակը ևս մեկ անգամ չի պարալիզացնի գերմանական տնտեսական կյանքը։

Իրավիճակը մի փոքր այլ է Մեծ Բրիտանիայում։ Մի քանի օր առաջ երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, BBC-ին տված հարցազրույցում, հայտնել էր, որ կառավարությունը ցանկանում է խուսափել համազգային լոքդաունից, սակայն դրան պատրաստ են։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է գրեթե 42 հազար մարդ. ավելի շատ, քան եվրոպական մեկ այլ երկրում։ Եվ հիմա Մեծ Բրիտանիայում ոչ միայն աճում են կորոնավիրուսով վարակվածների թվերը, այլև հոսպիտալացվածների։ Այդ նպատակով, շուրջ մեկ շաբաթ առաջ, Մեծ Բրիտանիայում էականորեն խստացվել են սահմանափակումները։ Ինչպես եվրոպական մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայում ևս, իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը հնարավոր է լինում պահել կորոնավիրուսի օջախներում խիստ սահմանափակումների ներդրման շնորհիվ։ 

Բրիտանացի առաջատար գիտնականներն էլ առաջարկել են կառավարությանը հոկտեմբերին՝ աշնանային արձակուրդների ժամանակ, հայտարարել երկշաբաթյա խիստ կարանտին։ Գիտնականներից մեկը «Financial Times»-ին տված հարցազրույցում նշել է, որ չնայած դպրոցական արձակուրդները տևում են մեկ շաբաթ, սակայն ևս մեկ շաբաթով դրանց երկարաձգումը, չի ազդի կրթության որակի վրա։

Եվրոպայում որևէ երկիր չի ցանկանում երկրորդ լոքդաուն, ինչպես դա արդեն եղել է Իսրայելի պարագայում։ Բրիտանական կառավարությունն ու գիտնականները կոչ են անում հանրությանը պահպանել սահմանված կանոնները, հակառակ դեպքում երկիրը ստիպված կներդնի հավելյալ սահմանափակումներ։

Լուսանկարը՝ AP Photo/Manu Fernandez

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter