
60 մլն եվրո՝ COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար. ՀՀ-ԵՄ 2 համաձայնագիր կստորագրվի
Հայաստանի և Եվրոպական միության միջև 2 համաձայնագիր կստորագրվի։ Առաջին համաձայնագրով Եվրոպական միությունը COVID-19-ի բացասական հետևանքները առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում մեղմելու համար Հայաստանին կտրամադրի 30 մլն եվրո։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ Կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում:
Ծրագրով մասնավորապես նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:
Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։
Նախատեսված է նաև օգնել Կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝ COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։
Բացի սրանից՝ Եվրոպական միությունը Հայաստանին ևս 30 մլն եվրո կտրամադրի, արդեն՝ դատական ոլորտում բարեփոխումների համար։ Դրանից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն-ն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին։
Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։
Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Հիմքում ընկած են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Արտացոլված են նաև հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ամեն տարվա համար նախատեսված է 9 մլն եվրոյի հատկացում: Առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ այս տարի, և 3 կոմպոնենտի համար է նախատեսված այս գումարը: Առաջինը՝ դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու նախանշված ծրագրի իրականացմանը: Երկրորդ կոմպոնենտը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, ներառված է նաև էլէկտրոնային գործիքների ներդրումը: Երրորդ կոմպոնենտը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում: Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանումը ձևավորվի սահմանված ստանդարտների համապատասխան, ձեւավորվեն հակակոռուպցիոն վերքաննիչ դատարանները:
Մեկնաբանել