HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքների հիմնական դպրոցների շրջանավարտներն ավագ դպրոց տեղափոխվելու դժվարություններ ունեն

Արմավիրի մարզում երեք համայնք դպրոց չունի: Երեք գյուղական համայնքում էլ դպրոցները հիմնական են և ավագ դասարաններն ավարտելու համար երեխաները դժվարությունների առաջ են կանգնում: Քաղաքային համայնքներում գործող հիմնական դպրոցների 9-րդ դասարանի շրջանավարտներն ուսումը շարունակում են քոլեջներում կամ ավագ դպրոցներում, ինչը տեղափոխման առումով դժվարություններ չի առաջացնում:

Այլ է վիճակը գյուղական համայնքների հիմնական դպրոցներում սովորողների դեպքում: Վերջիններս ունեն տեղափոխման հետ կապված դժվարություններ: Համայնքները չունեն միջհամայնքային տրանսպորտային միջոցներ:

2020թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի հանրակրթական դպրոցներ է հաճախել 35,079 աշակերտ: Համեմատության համար նշենք, որ 2019թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոց է հաճախել 33,246 աշակերտ, իսկ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 34214 աշակերտ:

Մարզի Կողբավան, Ծաղկունք և Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքները չունեն հանրակրթական ուսումնական հաստատություններ: Նշված համայնքների երեխաները հաճախում են համապատասխանաբար՝ Վանանդի, Ծիածանի, Շահումյանի միջնակարգ դպրոցներ:

Ծաղկունք և Շահումյանի թ/ֆ համայնքների երեխաները դպրոց են հաճախում ոտքով, քանի որ Ծիածանի և Շահումյանի դպրոցների շենքերը համեմատաբար մոտ են գտնվում այդ համայնքներին: Օրինակ՝ Ծաղկունք համայնքը Ծիածանից հեռու է 1-2 կմ, և երեխաները ճանապարհն անցնում են ոտքով:

Ինչ վերաբերում է Կողբավանին, ապա «Հետք»-ը գրել էր, որ 2019թ. համայնքապետարանը միկրոավտոբուս է գնել և երեխաներին ամեն օր տեղափոխում են 8 կմ հեռավորության վրա գտնվող Վանանդ գյուղի դպրոց ու հետ բերում: Կողբավանում չի գործում հասարակական տրանսպորտ: Դպրոցահասակների հետ Վանանդ են գնում նաև մանկահասակ երեխաները:

Ինչպես տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից, Տալվորիկ, Ֆերիկ և Լեռնամերձ գյուղական համայնքներում գործում են հիմնական դպրոցներ:

Տրանսպորտի բացակայությունը դժվարություններ է առաջացնում նաև Տալվորիկ համայնքում: Տալվորիկի դպրոցն այս տարի ունեցել է ընդամենը մեկ շրջանավարտ՝ Եվգենյան: Վերջինս ուսումը շարունակում է Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում: Դպրոցի կարգավիճակից ելնելով՝ աղջիկն ավարտել է 9-րդ դասարանը, իսկ ավագ դասարաններն ավարտելու համար պետք է տեղափոխվեր այլ համայնքի դպրոց, քոլեջ կամ ուսումնարան: Եվգենյան նախընտրել է սովորել քոլեջում:

Տալվորիկը Արմավիր քաղաքից հեռու է մոտ 26 կմ: Համայնքը մարզկենտրոն Արմավիրին և այլ համայնքներին կապող հասարակական տրանսպորտ չկա: Այդ է պատճառը, որ ուսանողները, համայնքից դուրս աշխատողները մեծ դժվարություններ են ունենում:

Տալվորիկի հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Սաֆարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ աղջիկը ապրում է Արմավիր քաղաքում՝ ազգականի տանը, քանի որ հասարակական տրանսպորտի բացակայությունը դժվարություններ է առաջացնում:

Տալվորիկի դպրոցը փոքր է, ընդամենը 4 կոմպլեկտավորված դասարան կա: Քիչ ժամաքանակը, ինչպես նաև տրանսպորտի բացակայությունն է պատճառը, որ դպրոցն այժմ ունի մանկավարժի թափուր հաստիքներ: Մաթեմատիկա առարկան դասավանդող ուսուցիչը թոշակառու է: Այս տարի նրա հետ պայմանագիրը մեկ տարով երկարացրել են մինչև մրցույթ հայտարարեն և նոր համալրում կատարեն:

Մյուսը վերաբերում է ֆիզկուլտուրա առարկայի ուսուցչին: Թեև ֆիզկուլտուրա դպրոցում դասավանդվում է ոչ մասնագետ մանկավարժի կողմից, որպեսզի աշակերտները զվաղվեն ֆիզիկական մարմնամարզությամբ, սակայն արդեն 5 տարի է մանկավարժի հաստիքը թափուր է: Հայտարարություն հրապարակում են, բայց հետաքրքրվողներ չկան:

Տալվորիկ համայնքում տիրող իրավիճակին, համայնքում ներդրումների բացակայությանը «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է, սակայն տեղացիների կյանքում ոչինչ չի փոխվել:

Մարզպետարանի փոխանցմամբ՝ Լեռնամերձ համայնքի հիմնական դպրոցի 2 շրջանավարտներն ուսումը շարունակում են Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում: Միջնակարգ դպրոցն ավարտելու համար երեխաները, միևնույն է, պետք է հաճախեին այլ համայնքի դպրոց: Վերջիններիս ծնողները որոշել են, որ նրանք հաճախեն քոլեջ՝ ստանալով նաև միջին մասնագիտական կրթություն:

Նշված դպրոցների շրջանավարտների տեղափոխման ծախսերը հոգում են ծնողները:

Բոլորովին այլ է վիճակը մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում: Այստեղ հիմնական դպրոցի 3 շրջանավարտ, ովքեր ազգությամբ եզդի են, ուսումը չեն  շարունակել: 

Ֆերիկի հիմնական դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանն ասաց, որ Էջմիածնից Ֆերիկ օրը երկու անգամ է տրանսպորտ աշխատում:

«Տրանսպորտն իր հերթին է դժվարություն առաջացնում, բայց հիմնականում իրենք չեն ցանկանում կրթությունը շարունակել այլ ուսումնական հաստատություններում: Կարելի է ասել երկար տարիներ դինամիկան այդպես է: Մի երկու տարի առաջ 9-րդ դասարանն ավարտողներից 4-ը տղայի, մեր հորդորներով կարողացանք համոզել, որ գնան ուսումնարաններ: Աղջիկների դեպքում էլ նույնն է, խուսափում են կրթությունը շարունակել»,- ասում է Լևոն Պողոսյանը:

Ֆերիկի դպրոցի տնօրենն ասում է, որ պետք է աշխատանք տանեն, թե ծնողների, թե երեխաների հետ, որպեսզի կրթությունը շարունակեն:

«Եթե տրանսպորտի հարցը նորմալ կարգավորվի շատ հնարավոր է մեր հորդորներով մի բան փոխվի, որ միջնակարգ կրթությունը պարտադիր է և պետք է շարունակեն: Չեմ ասում, որ բոլորը, բայց հնարավոր է մարդիկ լինեն, ովքեր կշարունակեն ուսումը»,- հավելեց Լ. Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter