HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Մեր խնդիրը ոչ միայն մեր անվտանգությունը պաշտպանելն է, այլեւ անվտանգության նոր գոտի ստեղծելը»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արեւելագետ Կարեն Վերանյանը

-Պարոն Վերանյան, վերջին շրջանում շատ էին կանխատեսումները, որ Ադրբեջանը շատ շուտով Թուրքիայի օգնությամբ հարձակվելու է Արցախի վրա, ինչն էլ տեղի ունեցավ։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը սրանով փորձում է մեկընդմիշտ լուծե՞լ հակամարտությունը, թե՞ ապրիլյան քառօրյայի ժամանակ մի քանի դիրք գրավելով՝ նպատակ ունի կրկին որոշակի տարածքային առաջընթաց գրանցել։

-Կարծում եմ, որ այս անգամ Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրերը շատ ավելի խոշոր ու լայնածավալ են: Իրականում Ադրբեջանն է լայնածավալ հարձակում իրականացնողը, բայց ծրագրի, մտահղացման հեղինակը Թուրքիան է, սա Էրդողանի մշակած ծրագիրն է: Լայնածավալ գործողությունները տեղավորվում են տարածաշրջանն ապակայունացնելու՝ Թուրքիայի ծրագրի տրամաբանության մեջ:

Իհարկե, սա առիթ է Ալիեւի համար՝ օգտվել ստեղծված իրավիճակից, բայց նաեւ հակառակ էֆեկտը կարող է լինել, որովհետեւ եթե երկարեն ռազմական գործողությունները, Ադրբեջանում հեղաշրջման փորձերն աննախադեպ ակտիվանալու են: Ալիեւը սա հստակ գիտակցում է:  

-Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։ Բացի դրանից՝ անցած ժամերի ընթացքում հակառակորդը գործի է դրել իր ունեցած գրեթե ողջ արսենալը։ Միաժամանակ Ադրբեջանն օգտվում է Թուրքիայի միջոցով իր տարածք տարհանված սիրիացի վարձկանների ծառայություններից։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը եւ նրա «մեծ եղբայր» Թուրքիան ահաբեկիչ երկրներ են։

-Թուրքիայի վերաբերյալ շատ են փորձագիտական գնահատականները եւ ոչ միայն ստեղծված իրավիճակի հետ կապված: Ըստ այդմ՝ այո, Թուրքիան պետական եւ քվազիպետական հովանավորչությամբ աջակցում է ահաբեկչությանը, ահաբեկչական խմբավորումներին: Բազմիցս անդրադարձեր են եղել Սիրիայում Թուրքիայի գործողություններին: Սիրիայում Թուրքիան ռազմական առումով, ֆինանսապես իր աջակցությունն է ցուցաբերել տարբեր ահաբեկչական խմբավորումների, գրոհայինների՝ էապես նպաստելով տարածաշրջանի անկայունության խորացմանը:

Սրան, իհարկե, գումարվում է նաեւ Ադրբեջանը: Վերջինս ու Թուրքիան, վստահ կարող ենք ասել, որ հովանավորում են ահաբեկչությունը: Եվ հետեւաբար, քաղաքական ու իրավական տեսանկյունից կարող ենք ամրագրել Ձեր ձեւակերպումը, որ այո, եթե պետությունը հովանավորում, քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչությանն ուղիղ թե անուղղակի խողովակներով, ցույց է տալիս, որ այդ պետությունն ահաբեկչական գործունեություն է իրականացնում:

Ադրբեջանի վերաբերյալ դեռեւս 1990-ականներին է խոսվել, երբ Աֆղանստանից ու Կովկասից տարբեր ահաբեկիչներ ու խմբավորումներ, վարձկաններ, ֆինանսավորմամբ ու, այսպես կոչված, կրոնական համերաշխությամբ առաջնորդվելով, պատերազմ են մղել Արցախի ու Հայաստանի դեմ: Սա անպայման պետք է բարձրաձայնել միջազգային տարբեր ատյաններում, տալ իրավական ու քաղաքական գնահատականներ: Այս խնդիրները միջազգային տարբեր կազմակերպությունների ու խաղացողների կողմից պիտի ստանան գնահատականներ: Ողջ աշխարհում այսօր հակաահաբեկչական պայքար է ընթանում, եւ տվյալ դեպքում հստակ փաստեր կան, որոնց մասին խոսում են տարբեր փորձագետներ ու լրատվականներ, որ Թուրքիան Սիրիայից շուրջ 1000 (խոսվում է նաեւ 4000-ի մասին) գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ մարտնչելու համար:  

-Առաջիկա օրերին չի բացառվում, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Հայկական կողմի այս հնարավոր ուղերձն ինչպե՞ս կարող եք մեկնաբանել։

-Ես դա մեկնաբանում եմ որպես պատասխան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հակաիրավական գործողությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտումների: Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ տապալելու բանակցային գործընթացը, կառուցողական երկխոսության հնարավորությունը՝ այլընտրանքային որեւէ ճանապարհ չթողնելով հայկական կողմերի համար:

Սա շատ սպասելի նախաձեռնություն է, քանի որ հայկական կողմը չի կարող կոշտ չարձագանքել ու կոշտ դիրքորոշում չընդունել Թուրքիայի եւ Ադրբեջանի նման քաղաքականության նկատմամբ: Կարծում եմ, որ հայկական կողմերը չպետք է կանգ առնեն, երբ մենք անցնենք հակագրոհի: Մեր դիրքորոշումը շատ կոշտ պետք է լինի նաեւ ռազմի դաշտում: Միջազգային հանրության հորդորներին, որոնք շատ չեզոք են ու անհասցեատեր, մենք չպետք է տեղի տանք: Հուլիսյան սրացումից ընդամենը 2 ամիս անց Ադրբեջանը դիմում է նոր արկածախնդրության, ու որեւէ երաշխիք չկա, որ այս անգամ էլ, երբ ռազմական գործողությունները կանգ առան, Ադրբեջանը կրկին չի դիմի նման քայլի: Վստահ կարող ենք ասել, որ հերթական էսկալացիան երկար սպասել չի տա:

Ոչ թե ճակամարատի լուծման խնդիր պիտի դնենք, այլ 1990-ականների պատերազմը վերջնական հաղթանակով պսակելու հարց կա:    

-Իսկ միջազգային հանրության ընկալումն ինչպիսի՞ն կլինի, թե՞ մեզ այլեւս չպիտի հետաքրքրի զենքի ուժով եւ սպառնալիքով խոսող ագրեսորի հետ բանակցություն վարելը։

-Միջազգային հանրությունն այսօր կանգնած է ուժեղ դիրքերից խոսող, հաղթանակ կերտող կողմերի կողքին: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից արդարության սկզբունքները, գոյութենության խնդիր լուծող կողմերի դիրքորոշումներն այսօր որեւէ մեկին չեն հետաքրքրում: Միջազգային հանրությունն այսօր կանգնելու է նրա կողմը, ով հաղթանակել է: Միջազգային որեւէ իրավական գնահատական ոչ հիմա է հնչելու, ոչ էլ հետո: Եվ դա նորություն չէ մեզ համար: Մշտապես հնչել են գնահատականներ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որն, ըստ էության, անհասցե, չեզոք հայտարարություն էր: Չեմ կարծում, որ պետք է ավելին սպասել այս պահին: Մեր խնդիրը մեր ուժերով, մեր մոբիլիզացիայի միջոցով ոչ միայն մեր անվտանգությունը պաշտպանելն է, այլեւ անվտանգության նոր գոտի ստեղծելը՝ Արցախի գոյութենության խնդիրը լուծելու համար: Ինչու՞, որովհետեւ մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն այս անգամ թիրախավորել է շատ ավելի մեծ խորության բնակավայրեր, անգամ՝ Ստեփանակերտը, ինչը թույլ է տալիս ասել, որ անվտանգության գոտու ընդլայնման հարցն այլեւս օրհասական նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է բանակցություններին, այսօր միանշանական անիմաստ է խոսել դրանց մասին, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծն այդ հարցը չեզոքացնում է: Մեր խնդիրն է տարբեր քաղաքական խողովակներով աշխատել միջազգային հանրության հետ, միաժամանակ առաջին նպատակը ռազմի դաշտում փայլուն եւ վերջնական հաղթանակ կերտելն է: Հարցի միջանկյալ լուծումներն այլեւս մեզ ձեռնտու չեն, դրանք չեն տալու լուրջ հեռանկար՝ հետագա բանակցությունների, մեր դիրքերն ամրապնդելու համար:

-Այսինքն՝ սա հնարավորություն է հայկական կողմերի համար՝ կոնֆլիկտին վերջնական լուծում տալ:

-Այո, միանշանակ հնարավորություն է: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքով, իրենց ագրեսիվ ու ապօրինի գործողություններով ստեղծում են լավ առիթ, որպեսզի գոնե մի քանի տասնամյակ այս հակամարտության հարցը փակվի: Ես չեմ բացառում, որ եթե մենք ճիշտ կողմնորոշվենք ու մեր առջեւ դնենք շատ ավելի լայնածավալ նպատակներ, կունենանք շատ ավելի լուրջ ռազմավարական ձեռքբերումներ հակամարտութան կարգավորման տեսանկյունից: Այսինքն՝ հակամարտության կարգավորումը կարող ենք վերջնական մեր օգտին գրանցել՝ եւս մեկ անվտանգության գոտի ստեղծելով: Այլապես անհասկանալի է դառնում գործընթացը, երբ Ադրբեջանն ու Թուրքիան դիմում են լարվածության մեծացման, հետո դիրքային որոշ փոփոխություններով, կորուստներով ու հաղթանակներով նոր ուժային հավասարակշռություն է ստեղծվում կողմերի միջեւ, եւ նույն շրջապտույտը կրկին սկսվում է: Սա հյուծող, քայքայող պատերազմ է, որով մենք չպետք է մխիթարվենք՝ ունենալով որոշ ձեռքբերումներ, դիրքային առավելություններ եւ սահմանափակվենք դրանով: Մենք պետք է վերջակետ դնենք այս անդադար շրջապտույտին:

Պետք չէ նայել, թե միջազգային հանրությունն ինչ արձագանք կտա: Միջազգային հանրությունը որեւէ լուրջ, առարկայական եւ դրական առումով հետեւանքային արձագանք չի տալու: Մենք պետք է խոսենք ուժի դիրքերից, որը գնահատվում է միջազգային հանրության կողմից: Միջազգային հանրությունը թող հաշվի նստի այն իրականությանն, որ Հայաստանը ստիպված է խաղաղություն պարտադրել իր հակառակորդներին՝ ստեղծելով երկրորդ անվտանգության գոտի, քանի որ սա իսկապես գոյության խնդիր է:

Լուսանկարը՝ Կ. Վերանյանի ֆեյսբուք էջից             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter