HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցունքներով, սակայն ժպիտով և ոգևորությամբ. Երևանի զինկոմիսարիատներից հերթական խմբերը մեկնեցին

Այսօր վաղ առավոտից հայաստանյան բոլոր զինկոմիսարիատներում հերթեր էին։ Զինկոմիսարիատների մոտ հավաքված էին տարբեր տարիքի մարդիկ՝ կին ու տղամարդ, մեծ ու փոքր։ Կանայք եւ երեխաները ճանապարհում էին համընդհանուր զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնող իրենց ամուսիններին եւ հայրերին։ Ավտոբուսներով դիրքեր ուղևորվողների մեջ կանայք էլ կան։ 

Սաթենիկը ամուսնուն է ճանապարհում, աչքերը կարմրած են, անընդհատ արցունքներն է մաքրում: Ամուսինը՝ Միսակը, սաստում է՝ «Մի լացի, խի՞ ես լացում», հետո թևի տակ է առնում կնոջը։ Միսակը վարորդ է, երեկ ժամը 7-ին Արցախ զբոսաշրջիկների խումբ է տարել, բայց երբ լսել են, որ Արցախում ռազմական գործողություններ են սկսվել, հետ է բերել խմբին, ինքը եկել է զինկոմիսարիատ, գրանցվել, որ գնա։

Նրանք 3 երեխա ունեն՝ 2 տղա, 1 աղջիկ։ Սաթենիկն ասում է՝ երեխաները հպարտ են, որ իրենց հայրը գնում է, ինքն էլ կգնար հաստատ, եթե երեխաները փոքր չլինեին ու նրանց տանը պահող լիներ։

Սպայական կազմից մեզ տեղեկացնում են, որ հավաքվածների մեջ շատ կամավորներ կան, որ եկել են՝ առանց նախապես հաշվառվելու, որպեսզի զինկոմիսարիատներից միանգամից մեկնեն դիրքեր, բայց քանի որ ցուցակներով զորահավաքի մասնակիցների անուններն են նշված, սկզբում գնալու են հաշվառվածները։

Ամբոխի միջից ձայներ են լսվում, ամեն կարճ երկխոսություն մի պատմություն է։ «Կամանդիր, դե ի՞նչ անենք, որ չենք դիմել, եկել ենք, կարևորը ստեղ ենք, մեկա՝ ասիք էս ցուցակով ում անունը կարդացիք, նստած են, էդ ավտոբոսում դատարկ տեղեր կան դեռ, մենք 6 հոգի ենք, լցվենք գնանք, էլի, մինչև նոր ցուցակը կբերեն»,- սպաներից մեկին դիմում է հավաքված տղաներից մեկը։

«Քո սիրած շոկոլադից դրել եմ, շուտ կուտես, չհալվի, հեռախոս վերցրու, խի՞ ես թողում, կարողա մեկ-մեկ զանգես»,-ասում է մի կին գնացողներից մեկին։

«Վա՜յ, այ ախպեր, գնում ենք գանք, իմ անունն են կարդացել, սումկես տվեք, էս ավտոբուսն ա՞  Բաքու գնում»,-ընկերոջը գրկելով՝ ասում է մի տղա, ուսապարկը գցում ուսին ու մտնում ավտոբուս։

«Բալես, նայի, պապան քեզ ձեռքով ա անում, դու էլ իրան ձեռքով արա, հենա, նայի, ավտոբուսի մեջ ա, ասա՝ հաջող, պապ, շուտ կգաս»,-ասում է մի կին՝ երեխան գրկին ու մաքրում արցունքները։ Հետո ասում է, որ իրեն չնկարեն, կարմրած աչքերով չտեսնի ամուսինը։

«Ասում ա՝ նոր զոհեր ունենք, Վահ»,-ասում է մի կին ու լացակումած նայում ամուսնուն, որին պատրաստվում է ճանապարհել։ 

Անդրանիկը եկել է հորը՝ Գարեգինին ճանապարհելու: Գարեգինն արդեն ավտոբուսում նստած է, փոքր եղբայրը ծառայում է, երեկ հորեղբայրն է գնացել, այսօր հորն է ճանապարհում։

«Ես մինչև գնացի գրանցվեմ, պարզվեց՝ հերս ինձնից առաջ ա ընկել, ինձ էլ ասում են գոնե մի հոգի պիտի տանը մնա, հիմա եկել եմ հաջող անելու, բայց մեկ էլ տեսար ես էլ գնացի»,-ասում է Անդրանիկը։

Գարեգինը ժպիտը դեմքին ասում է, որ այլ տարբերակ լինել չէր կարող, չգնալու տարբերակը իր համար բացառված է։ «Մի հատ շուտ գործ կա, գնանք վերջացնենք, գանք»,-ասում է նա։

Հավաքվածների բոլորի ձեռքին ուսապարկեր են՝ առաջին անհրաժեշտության պարագաներով։ Գետնին սնունդով տոպրակներ են դրված, որոնք բերել են գնացողների հարազատները։

Տղաներից մեկն ասում է, որ իր գնալու մասին ոչ ոք չգիտի, տանը տեղյակ չի պահել, որ գրանցվել է։ «Եթե իմ նկարն էլ դնեք ձեր էջում, կարող ա դրանից իմանան, որ գնում եմ, չեմ ասել ոչ ոքի»,-ասում է նա։

Հարություն Ազարյանը նախկին զինվորական է, մասնակցել է նաև Շուշիի ազատագրմանը, երեկ զանգել ու կանչել են, վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հարությունին ճանապարհելու են եկել կինը, մայրը ու տղան։ Նա 3 տղա ունի, երկուսը դեռ անչափահաս են։

Հարությունի կինը ամուր բռնել է ամուսնու ձեռքը, մայրը համբուրում է որդու գլուխը, մոր աչքերը լցվում են արցունքներով, Հարությունն խնդրում է, որ մայրը չլացի, որովհետև ամեն ինչ լավ է լինելու։ 

Մայրը ասում է մեզ՝ «Պետք ա գնա, մեզնից յուրաքանչյուրը, որն ի վիճակի ա, պիտի գնա, ուղղակի դե մայր եմ, նեղվում եմ»։

Ավտոբուսներում նստածները բոլորը ժպտում են։ Երբ արդեն ըստ ցուցակի բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը, ավտոբուսը շարժվում է, շարժվելու հստակ ժամ չկա, շարժվում են այն ժամանակ, երբ բոլոր նստատեղերը զբաղված են լինում, հետո ամեն շարժվող ավտոբուսի ծափահարություններով ճանապարհում են։ 

Մեկնաբանություններ (1)

Samvel
I am indian citizen living in Yerevan can I participate as volunteers

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter