HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Հակառակորդն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ»

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվել են մարտերը, թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են զգալի հաջողություններ։ Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում խոցել է զրահատեխնիկա, կենդանի ուժ, ԱԹՍ-ներ, որոնցից շատերի վերաբերյալ տեսանյութերը՝ որպես ապացույց, ներկայացվել են։ «Ընդհանուր առմամբ պատերազմի սկսվելուց ի վեր հակառակորդը կորցրել է կենդանի ուժ 790 մարդ, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են համառ եւ դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ ադրբեջանական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցված»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից՝ այդ թվում նաեւ ոչ հակատանկային միջոցներից եւս տանկեր են խոցել. «137 տանկ եւ զրահատեխնիկա ենք խոցել, ոչնչացվել է ադրջեբանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ»։

Ըստ Հովհաննիսյանի՝ մարտերը շարունակվում են, զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվում՝ պատճառելով համապատասխան կորուստներ։ Հովհաննիսյանի խոսքով՝ աննախադեպ էր, որ հարձակման ենթարկվեց ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը, հարձակման ենթարկվեց ավիացիոն եւ հրթիռային օդային հարձակման այլ միջոցներից՝ մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից։

Անդրադառնալով թուրքական F-16 կործանիչի կողմից ՀՀ ՍՈւ-25-ի գրոհիչի խոցելուն՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դրա վերաբերյալ Ադրբեջանը հերքում է տարածել՝ նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ «Մենք շատ լավ գիտենք, որ դրանք Ադրբեջանի ռազմաօդային ուժերին չեն պատկանում, դրանք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին, եւ էդ մասին շատ հստակ նշեցինք»։ Հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նշեց, որ տվյալները կամփոփվեն վաղն առավոտյան։

Իրանի տարածքում ադրբեջանական արկերի ընկնելու լուրի վերաբերյալ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մամուլից են ծանոթ, որի մասին իրականական կողմը հայտարարել էր։

Արծրուն Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ որեւէ տեղ խուճապ չկա։

Անդրադառնալով կորցրած եւ գրաված դիրքերին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դիրքերի մասին առանձնահատուկ անդրադարձ չկա։ «Այս պատերազմը առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»,- հավելեց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter