
Ռազմաճակատ. հրետանային մարտկոցը 18 նշանակետ է խփել
Հրետանային մարտկոցը նախորդ օրը 18 նշանակետ է խփել: Մինչեւ մարտկոցի հերթական տեղակայման վայր հասնելն անընդհատ հրետակոծության ձայներ էին լսվում: Զինվորները պատմում են, թե ինչեր են խոցել երեք օրվա ընթացքում՝ զինվորական մեքենաներ, հրետանային մարտկոց, ականանետի կրակակետ, դիրքեր: Այսօր չէին կրակել, սպասում էին հրամանի: Տղաների հետ առօրյայից ենք խոսում, մի քանի րոպե հետո հրամանատարը թաքստոց մտնելու հրաման տվեց: «Անօդաչու սարք է աշխատում, մտեք թաքստոց»,- ասում է տղաներից մեկը: Լսվում են կրակոցների ձայներ, տասը րոպե հետո հայտնում են, որ վտանգ չկա, անօդաչուն խոցել են:
Հազիվ էին տղաները դուրս եկել թաքստոցից, միանգամից կրակի պատրաստվելու հրաման տրվեց: Եվ հրետանին սկսեց աշխատել: Մի քանի համազարկից հետո նորից թաքստոց մտնելու հրաման է տրվում: Բոլորը նորից մտնում են թաքստոցներ: Մի քանի րոպե հետո հրամանը փոխվում է, կրակելուց հետո զինվորները մտնում են թաքստոց, եւ մոտ մեկ ժամ նրանք այդպես են վարում մարտը: Դադարներից մեկի արանքում մենք հրաժեշտ ենք տալիս, նրանք մեզ ասում են՝ զգույշ կլինեք: Այսօր Արցախում ամենատարածված արտահայտությունն է դարձել «զգույշ կլինեք»-ը։
Մեկնաբանել