
Հայկական կողմի խոցած Գյանջայի օդանավակայանն Ադրբեջանի երրորդ օդային դարպասն էր
Այսօր առավոտյան Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի միջազգային օդանավակայանին:
Հիշեցնենք, որ վերջինս սեպտեմբերի 27-ից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից, կիրառվել է նաեւ ռազմական նպատակներով:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին Գյանջայից երկինք բարձրացած թուրքական «F-16» կործանիչները ապահովել են Ադրբեջանի Դալյարի ավիաբազայից օդ բարձրացած ադրբեջանական «Սու-25» գրոհայինների եւ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների ռմբահրթիռային հարվածները, որոնք հասցվել են ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս քաղաքի, Մեծ Մասրիկ, Սոթք գյուղերի եւ դրանց շրջակայքում տեղակայված ՀՀ ԶՈւ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ: Նույն սեպտեմբերի 29-ին թուրքական «F-16»-ը խոցել է ՀՀ օդուժի «Սու-25» գրոհայինը, որը գտնվում էր ՀՀ օդային տարածքում եւ կրակային աջակցություն էր ցույց տալիս հայկական ՀՕՊ-ին:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ թուրքական կործանիչները տեւական ժամանակ գտնվել են Գյանջայի օդանավակայանում եւ ռազմական գործողությունների ժամանակ գործել են հենց այդտեղից։ Այս կործանիչներն Ադրբեջան էին բերվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու պատրվակով, սակայն դրանց ավարտից հետո էլ մնացել էին Ադրբեջանում:
Ավելի ուշ՝ երեկ, հայկական կողմը ապացույցներ ներկայացրեց, որոնցում ֆիքսված է թուրքական «F-16» կործանիչների օդաչուների եւ կարգավարների խոսակցությունը ռազմական գործողությունների եւ Գյանջայի օդանավակայանում վայրէջք կատարելու մասին, ինչը հերթական ապացույցն է, որ թուրքական ռազմական տեխնիկան բազավորվում է Գյանջայում:
Համաձայն թռիչքներին հետեւող flightaware.com կայքի՝ վերջին օրերին Գյանջայում վայրէջք են կատարել Անկարայից եկող «Azerbaijan Airlines»-ի ուղեւորատար օդանավերը: Այսպես՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին ու 25-ին Անկարայից Գյանջա են ժամանել ադրբեջանական փոխադրողի «Airbus A340-500» ինքնաթիռները, որոնք այնուհետ թռել են Բաքու:
Գյանջան ուղեւորահոսքով Ադրբեջանի երրորդ խոշոր միջազգային օդանավակայանն է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան եւ Նախիջեւանի միջազգային օդանավակայաններից հետո: Գյանջայի օդային դարպասներից օգտվում էին ադրբեջանական, թուրքական եւ ռուսական ավիաընկերությունները:
Գյանջայի օդանավակայանն ունի 2 թռիչքուղի՝ բետոնե (երկարությունը՝ 2500 մ) եւ ասֆալտբետոնե (3300 մ) ծածկով, սակայն, ըստ էության, փաստացի գործել է միայն երկրորդը:
2019 թ. Բաքվի օդանավակայանի ուղեւորահոսքը եղել է 4,73 մլն մարդ, Նախիջեւանինը՝ 646 հազ., իսկ Գյանջայինը՝ 154 հազ.:
Իսկ ընդհանրապես Գյանջան (պատմական Գանձակը) Ադրբեջանի երկրորդ խոշորագույն քաղաքն է Բաքվից հետո: Այստեղ ապրում է մոտ 335 հազ. մարդ:
Մեկնաբանել