HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավոր. «Բացի մեր բանակից, մեր կամավորներից՝ որևէ մեկի վրա մեր հույսը չպետք է դնենք»

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Սոս Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունների մասին ի՞նչ տեղեկություններ եք փոխանցում Ձեր միջազգային գործընկերներին, և ի՞նչ արձագանքներ եք ստանում:

Մեր բոլոր գործընկերներն արդեն իրազեկված են թե' թուրքական միջամտության, թե' զինյալ վարձկանների ներգրավման, և թե' Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին: Այդ ամենը մանրամասն փոխանցված է: Շատ կարևոր աշխատանք է իրականացրել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը` ներկայացնելով բոլոր փաստերը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու համար: Այն շատ կարևոր է, որովհետև Եվրոպայի խորհուրդը շատ անգամ հետևում է ՄԻԵԴ վճիռներին, և ըստ էության այդտեղից կարող է սկսվել գործընթաց` Թուրքիայի և Ադրբեջանի վայրագությունները քննարկելու համար:

Բոլոր պատվիրակությունների պատգամավորների հետ խոսել ենք, ունենք դատապարտող հայտարարություններ ԵԽ առանձին պատգամավորների կողմից:

Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։ Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ինչո՞ւ համարժեք գնահատական չի հնչեցնում թուրքական միջամտության վերաբերյալ:

Թուրքական միջամտության վերաբերյալ մեծ խաղացողներից որևէ մեկի մոտ կասկած չկա, դրա մասին հայտարարեց նաև Ֆրանսիայի նախագահը: Այս ծանր օրերին վարչապետը կարևոր ուղերձներ է հղում աշխարհի բոլոր կարևոր խաղացողներին` թե' Թուրքիայի միջամտության, թե' Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ:

Եվ իսկապես, Հայաստանն ու Արցախն այս պահին քաղաքակրթական պայքար են մղում, որտեղ մի կողմից ահաբեկիչներ են, բռնապետական երկրներ, ովքեր սեփական ժողովրդի վրա թքած ունեն և թիրախավորում են խաղաղ բնակչությանը: Սա միայն մեր պատերազմը չէ, իհարկե, մենք ենք այն վարելու, բայց այն նաև քաղաքակիրթ աշխարհի համար է ու շատ կարևոր է այդ ուղերձները միջազգային հանրությանը փոխանցելը: Գուցե ինչ-որ մայրաքաղաքներում նստած մարդիկ սուրճ են խմում և չեն հասկանում ամբողջ վտանգը, որ Թուրքիան է ներկայացնում, բայց աստիճանաբար այդ ընկալումը կա բոլորի մոտ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ ամենահարուստ, ամենակայացած բանակ ունեցող երկրներից է, միգուցե սա՞ է պատճառը, որ գերտերություններն այնքան էլ համարժեք չեն արձագանքում ստեղծված իրավիճակին:

Չեմ կարծում, որ միայն դա է, բայց, իհարկե, կա այդ հանգամանքը, Թուրքիան բավական հզոր պետություն է: Ամեն դեպքում համաշխարհային կարևոր ուժային կենտրոններն արձանագրել են Թուրքիայի միջամտությունը, ու այն պետք է ունենա իր հետևանքները: Սակայն, պետք է հիշել, որ բացի մեր բանակից, մեր կամավորներից որևէ մեկի վրա մեր հույսը չպետք է դնենք:

Պարոն Ավետիսյան, Ձեր գործընկեր Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց, որ չնայած կան քննարկումներ Արցախի անկախության ճանաչման և Հայաստանի հետ վերամիավորման, սակայն ճանաչման գործընթացը չի կարող ինքնանպատակ լինել, եթե չի բերելու շղթայական ճանաչման: Այս պահին մեր արտաքին դիվանագիտությունը ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է Արցախի անկախության ճանաչման համար:

Մարդիկ, ովքեր տեռորիստներ են օգտագործում Արցախի խաղաղ բնակչության դեմ, իհարկե, իրենց հետ ինչ-որ բան բանակցելն առնվազն անտրամաբանական է: Եվ, իհարկե, Արցախի անկախության ճանաչման և հետագա վերամիավորման հարցով պետք է կարողանանք մեր դիվանագիտական քայլերը ճիշտ իրականացնենք: Ըստ էության, սակայն, այդ հարցն այս պահին որոշվում է ռազմաքաղաքական մակարդակով:

Լուսանկարում` Սոս Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter