HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանագետ. «Ալիեւի համար ամենամեծ վտանգը քարոզչական միֆի պայթելն է»

Հարցազրույց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ

-Տիկին Էլիբեգովա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «Ալ Ջազիրային» ու «Ալ Արաբիային» տված հարցազրույցներում խոսել է բանակցություններին վերադառնալու մասին՝ նշելով, որ դրա համար հիմք է անհրաժեշտ։ Ալիեւի կարծիքով՝ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն՝ ԼՂ տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ։ Նաեւ պահանջել է, որ վարչապետը ներողություն խնդրի «Արցախը Հայաստան է» ձեւակերպման համար։ Մեկ շաբաթից ավելի Արցախի դեմ պատերազմող երկրի նախագահի այս հայտարարությունն ինչի՞ մասին է վկայում։

-Արդեն փաստացի 9 օր պատերազմ սանձազերծած եւ հարձակում իրականացրած երկրի նախագահը փորձում է դնել անհնարին նախապայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար եւ բավականին աբսուրդ պահանջներ առաջ քաշելով, չնայած որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ հստակ ֆիքսել էին, որ բանակցային գործընթացը պետք է վերսկսել առանց նոր պայմանների, նախապայմանների, բայց Ալիեւն իր ամբողջ կեցվածքով եւ պահվածքով փորձում է ցույց տալ, որ բանակցային գործընթացին վերադառնալ չի ցանկանում եւ չի պատրաստվում։

-Այս օրերին Ալիեւն ու նրա աշխատակազմն, իրար հերթ չտալով, հաճախ գրառումներ են կատարում սոցիալական ցանցերում այս կամ այն բնակավայրը «ազատագրելու» մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Իշխանությունը հո՞ւյս է տալիս սեփական հանրությանը։ Որքա՞ն կարող է այդպես խաբել։

-Այո, դա քարոզչական շատ պարզ եւ հասկանալի ստանդարտ մեթոդաբանություն է: Հանրության մեջ խուճապը, վախը, դեպրեսիան ինչ-որ կերպ սփոփելու համար իրենց պետք է հանրությանը ցույց տալ ինչ-որ հաջողություններ, նույնիսկ եթե դրանք վիրտուալ են։ Նույն բանն անում էին ապրիլյանի ժամանակ՝ փորձելով հանրությանը ներկայացնել տարածքային լուրջ ձեռքբերումներ, որոնք չէին համապատասխանում իրականությանը։ Այս անգամ մոտավորապես նույն պատկերն է։ Սեփական հանրությանը Ալիեւը փորձում է համոզել, որովհետեւ մարդիկ հարցնում են, թե այդքան ներուժ ներգրավելու եւ տարիներ շարունակ պատրաստվելու արդյունքում ինչու, այնուամենայնիվ, բլիցկրիգով հաջողության չհասան։

-Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում իրենց մարտական զոհերի մասին՝ ըստ էության, վախենալով ներքին ըմբոստությունից եւ խուճապից։ Սակայն միեւնույնն է՝ ընտանիքներն ինչ-որ կերպ իմանալու են իրենց զոհերի մասին։ Կարո՞ղ ենք սպասել հանրային ցասում Ալիեւի իշխանության դեմ ադրբեջանական բանակի հսկայական կորուստների մասին հասարակության իրազեկվելուց հետո։

-Ադրբեջանում շատ վաղուց շատ լավ մեխանիզմ կա նույնիսկ մեծ քանակությամբ զոհերը թաքցնելու համար: Նախ՝ երկիրն է ավելի մեծ, բնակչությունն է ավելի մեծ, եւ ավելի հեշտ է դա անել այնտեղ, երկրորդը՝ գալիս են եւ հուղարկավորությունը իրականացնում են թաքուն, որպեսզի մեծ աղմուկ չլինի, շատ մարդ չիմանա՝ արագ, փակ դագաղներով, միայն զինված ուժերի, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ներկայությամբ են կազմակերպում՝ բարեկամներին ստիպելով լռել այդ մասին։ Սովորաբար այդպիսին է պրակտիկան Ադրբեջանում, եւ այդպես կարողանում են թաքցնել զոհերը։

-Ադրբեջանական բանակն, ըստ էության, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ անցել է թուրք սպաների ղեկավարմանը։ Փաստորեն, Ալիեւը բանակը հանձնել է Էրդողանին, բայց դա էլ չի օգնում հասնել իր նպատակին։ Սուվերեն երկրի նման քայլն ի՞նչ վտանգներով է հղի Ալիեւի համար թե՛ ներկայում, թե՛ ապագայում։

-Ամենամեծ վտանգը քարոզչական այն միֆի, փուչիկի պայթելն է, թե Հայաստանին իբր միշտ օգնում են գերտերությունները եւ, մասնավորապես, ռուսական բանակը, առանց որի հայկական կողմը երբեւէ չէր կարող հաղթել: Դա Ադրբեջանում իրենց գիտակցության մեջ ընդունված միֆ է, որ իրենք մեզ չեն պարտվել, այլ ռուսներին։ Եվ Ալիեւը միշտ շեշտում էր, որ ադրբեջանական բանակն այնքան հզոր է, որ ինքնուրույն կարող է լուծել խնդիրն ու «մեկին մեկ» կարող է դուրս գալ: Մենք հիմա տենսում ենք, որ այդ քարոզչական միֆը ամբողջովին վերացավ՝ եւ՛ Թուրքիան, եւ՛ սիրիացի վարձկանները, եւ՛ միլիարդներով գնված զինտեխնիկան, այնուամենայնիվ, Ալիեւին չկարողացան օգնել, եւ ակնհայտ է, որ հայկական կողմը նույնիսկ միայնակ կարողանում է պայքարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter