HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւելագետ. «Ֆրանսիան մտադրություն չունի ստատուս քվոն փոխելու»

Հարցազրույց ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանի հետ

-Պարոն Եգավյան, պատերազմի այս օրերին Ֆրանսիան առաջինը նախագահի մակարդակով քննադատեց Արցախի դեմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին եւ Թուրքիային։ Նա նաեւ բացահայտ խոսեց Թուրքիայի միջոցով Ադրբեջան ուղարկվող իսլամիստների մասին։ Ըստ Մակրոնի՝ Թուրքիան հատել է կարմիր գիծը, եւ ՆԱՏՕ-ն պետք է քննարկի նրա այդ վարքագիծը։ Ֆրանսիայի նման դիրքորոշումը սպասելի՞ էր Ձեզ համար։ Ֆրանսիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի կայսերապաշտական նկրտումների զսպման եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարում։

-Պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող այս հակամարտությունը դիտվում է որպես ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շատ լավ գիտակցում է, որ Էրդողանը համաշխարհային սպառնալիք է ներկայացնում հատկապես Միջերկրականում, Միջին Արեւելքում եւ նաեւ Արեւելյան Եվրոպայում։ Սակայն միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենաք, որ Լիբիայի ծովեզերքից ոչ հեռու տեղի ունեցած բախումը, երբ ֆրանսիական նավը հայտնվել էր Թուրքիայի կրակի տակ, մեծ ցնցում էր ֆրանսիացների համար։ Մակրոնն անմիջապես փորձել էր դիմել ՆԱՏՕ-ին՝ զորակցություն ստանալու համար, սակայն հուսախաբ եղավ նրանց հակասությունից, այսինքն՝ ՆԱՏՕ-ն զորակցություն չցուցաբերեց Ֆրանսիային, այլ փորձեցին ժամանակ շահել, հատկապես Գերմանիան, որ մեծ շահեր ունի Թուրքիայի հետ, խոչընդոտեց Ֆրանսիային։ Դա է նաեւ պատճառը, որ Լիբիայի, Կիպրոսի, Էգեյան ծովի այս քաղաքականությունն առիթ տվեց Ֆրանսիային մոտենալու Աթենքին եւ Նիկոսիային։

Կարծում եմ՝ Մակրոնը չունի խորը ազդեցություն ՆԱՏՕ-ի մեջ եւ այդ տեսանկյունից ֆրանսիական դիվանագիտությունը փոքր-ինչ կղզիացած է։ Հետեւաբար, պետք է զգույշ լինել այս հարցում եւ ուսումնասիրել Ֆրանսիայի կարողությունը։

Վերադառնալով Մակրոնի վերջին հայտարարություններին՝ դրանք խորհրդանշական մեծ դեր ունեն, եւ առաջին անգամ է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունից արվում են այդպիսի հայտարարություններ։ Համոզված եմ՝ երբ Մակրոնն օգտագործեց Ղարաբաղ բառը՝ որպես երկիր, դա ուղերձ էր թուրքերին եւ ադրբեջանցիներին, համաձայն որի՝ Ֆրանսիան հնարավորություն ունի ճնշում բանեցնելու նրանց վրա՝ սպառնալով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

-Ֆրանսիան միջուկային գերտերություն է, որը մեծ ազդեցություն ունի, մասնավորապես, ԵՄ-ում։ Ի՞նչ շոշափելի արդյունք կարող է ունենալ այս երկրի կեցվածքը միջազգային հանրության դիրքորոշման վրա։

-Կարծում եմ՝ նախորդ պատասխանում փոքր-ինչ անդրադարձա այս հարցին։ Ինչպես արդեն ասացի՝ Ֆրանսիան փոքր-ինչ կղզիացած է ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից, բայց փորձում է պաշտպանել համաշխարհային արժեքները: Հաշվի առնելով նաեւ, որ այս շրջանում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավն է, եւ նկատվում է այդ երկրի նահանջն այս հարցում, Ֆրանսիան օգտագործում է այդ առիթը՝ ավելի աշխույժ շարժվելով դիվանագիտական դաշտում։

Կարծում եմ՝ Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Լավրովի հետ մշտական կապ ունի, եւ այս երկու կողմերը, կարծես, փորձում են իրենց դերերը բաժանել։ Սա նաեւ առիթ է Ֆրանսիայի համար՝ Թուրքիայից վրեժ լուծելու։ Երբ Լիբանանում այս օգոստոսին տեղի ունեցած պայթյունից հետո Ֆրանսիան փորձում էր միջազգային ազդեցություն ունենալ, Թուրքիայի ազդեցությունն արդեն կար այնտեղ։

-Ֆրանսիայի հասարակական եւ քաղաքական գործիչները ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք պահանջել են Ֆրանսիայից վերանայել դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Հնարավոր համարու՞մ եք, որ Ֆրանսիան կարող է ավելի հեռուն գնալ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում՝ մի կողմ թողնելով համանախագահ երկրից ակնկալվող չեզոքությունը։

-Երկու իրողությունները պետք է լավ զատենք՝ Ֆրանսիան մտադրություն չունի ստատուս քվոն փոխելու եւ ուշադրությամբ, զգուշությամբ է հետեւում այս ամեն ինչին։ Ֆրանսիան Հայաստանին համարում է բարեկամ երկիր՝ հաշվի առնելով սփյուռքի կապերը, ամբողջ պատմությունը հայերի հետ, իսկ առեւտրական կապերը շատ թույլ են, սակայն Ադրբեջանի հետ սերտ համագործակցում են տարբեր ոլորտներում. Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանուսա Օլանդի ղեկավարության ժամանակ ֆրանսիական ընկերությունները վաճառեցին ադրբեջանցիներին, այնպես որ Ֆրանսիան հավասարակշռված քաղաքականություն է հետապնդում։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքին եւ կացությանը, Ֆրանսիան գիտակցում է, որ այն թուլացել է, եւ փոփոխություն անելու անհրաժեշտություն կա, բայց քանի որ Թուրքիան ակտիվություն ցուցաբերեց, այս դիվանագիտական գործընթացը, կարծես, սառել է։

Ներկայում Ֆրանսիան շահ ունի որպես միջնորդ ներկայանալ, բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ այն Կովկասի տարածաշրջանում մասնավոր շահ չի հետապնդում, ինչպես ֆրանսիական ավանդական ազդեցությունը եղել Աֆրիկայում կամ այլ ֆրանսախոս երկրներում։ Դրա համար պետք է զգուշությամբ մոտենալ այս հարցին եւ հասկանալ, որ Ֆրանսիան փորձում է հավասարակշռություն եւ չեզոքություն ցուցաբերել։

Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա այս քայլը խորհրդանշական կարեւորություն ունեցավ, որովհետեւ առաջին անգամ է, որ ֆրանսահայ կազմակերպությունները եւ նաեւ ՀՅԴ Հայ դատի կոմիտեն կարողացան այսքան ստորագրություն հավաքել։ Դա ուղղակի ապացույց է, որ ֆրանսիացի ժողովուրդը եւ ֆրանսիական հանրային կարծիքն անկեղծությամբ իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում հայ ժողովրդին, քանի որ հասկացան, թե ով է Էրդողանը, եւ հասկանում են, որ այս հակամարտությունը կղզիացած չէ, այլ ամբողջական խաղի մաս է կազմում։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ներկայում Ֆրանսիան պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ անկախությունը։

-Ասացիք՝ այս հակամարտությունն ամբողջական խաղի մաս է կազմում։ Կմանրամասնե՞ք:

-Անտարակույս Արցախյան հակամարտությունը տարածաշրջանային մեծ խաղի մի մաս է, որում Թուրքիային հաջողվել է շահույթ ստանալ Ռուսաստանի հետ առճակատման մեջ:

Ըստ ֆրանսիական հայացքի՝ Էրդողանն իսկական սպառնալիք է ներկայացնում։ Մարդիկ նաեւ չեն հասկանում Եվրոպայի վախկոտությունը, որը չի համարձակվում վիրավորել Թուրքիային։ Իհարկե, կա ներգաղթյալների հարցը, որը խանգարում է շատ հեռուն գնալ։ Բայց պետք է հիշել նաեւ, որ Եվրամիությունն անդամակցության ծրագրի շրջանակներում շարունակում է զանգվածաբար գումարներ ուղարկել Թուրքիա։

Մեկնաբանություններ (1)

Rose
Europe is letting the mad man Erdegan unchained and free to lash out like a mad dog. He knows ,he has their hands tied and is doing what he likes without anyone lifting a finger. His human right abuses, meddling in others countries internal affairs and minimizing terrorist groups and conflicts with Geeece over the white sea.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter