Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքները
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հունիսի 18-ին որոշել է Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Այս որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, նույնիսկ եթե դատարանը գտել է, որ այդպիսի հիմք կա, ապա Քոչարյանի նկատմամբ կարող էր խափանման միջոց ընտրվել անձնական երաշխավորությունը: Բողոքի երրորդ փաստարկը վերաբերել է գրավի աննախադեպ մեծ չափին:
Տուժողներն ու դատախազությունը, վճռաբեկ բողոք ներկայացնելով, դիրքորոշում են հայտնել, որ բացի կալանավորումից՝ խափանման որևէ այլ միջոց ի զորու չէ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:
Նշենք, որ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել հոկտեմբերի 5-ին: Վարույթ ընդունելուն դեմ է քվեարկել դատավոր Սերժիկ Ավետիսյանը:
Նշենք, որ բողոքը ներկայացնելուց հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սերժիկ Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելուց և գրավը որպես խափանման միջոց կիրառվելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ գրավի գումարի՝ 2 միլիարդ ՀՀ դրամի մեծամասնությունը վճարել են մի քանի գործարար, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, ով Սերժիկ Ավետիսյանի քենակալն է: Ավետիսյանը, սակայն, ինքնաբացարկի միջնորդությունը մերժել էր:
«Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ գործով զեկուցող դատավոր է նշանակվել Լիլիթ Թադևոսյանը, որը, հիշեցնենք, եղել էր 2008-ի իրադարձությունների առթիվ հարցուցված «Յոթի գործով» դատախազական խմբի անդամ և հրաժարվել էր այդ գործով անցնող անձանց՝ Ալեքսանդր Արզումյանյանի, Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրանքից՝ հաշվի առնելով, որ 2009 թվականին Քրեական օրենսգրքում փոփոխություններ են եղել, որոնք, ըստ պաշտպանական կողմի, դատախազները համարել են հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող:
Մեկնաբանել