HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում. ներկա միտումներն ու խոշոր գործընկեր երկրները 

Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակնհայտորեն ներգրավված է նաև Թուրքիան, որն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին:

«Հետքն» ուսումնասիրել է Թուրքիայի տնտեսության միտումները վերջին տարիներին, ինչպես նաև գործընկեր պետությունների շրջանակը՝ ում հետ է առևտուր անում, ովքեր են խոշոր ներդրողները:

Թուրքիայի տնտեսությունը ներկայում ոչ լավագույն ժամանակներն է ապրում: Մի քանի տարվա նկատելի աճից հետո արդեն երեք տարի է՝ տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որը նաև պարբերաբար հասարակական-սոցիալական բողոքների ալիք է բարձրացնում: Այնուամենայնիվ, Թուրքիայի տնտեսության և գործընկեր երկրների  շրջանակն այսօր լայն է:  

Ըստ համաշխարհային բանկի տվյալների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի ծավալով (ՀՆԱ) Թուրքիայի տնտեսությունն աշխարհում 19-րդն է՝ 754.4 մլրդ դոլար ՀՆԱ-ով:

Վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսության համար առաջին անգամ տարեկան անկում է կանխատեսվում

2018 թվականից սկսած Թուրքիան տնտեսական խնդիրների առաջ է կանգնած՝ հայտնվելով անկման՝ ռեցեսիայի մեջ: Մինչ այդ, տնտեսությունը նկատելի տեմպերով աճել է: 

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ տնտեսական անկումը կազմել է 9.9%: Մինչդեռ առաջին եռամսյակում տնտեսությունը կայունացման միտումներ է ցուցաբերել: Սակայն արդեն երկրորդ եռամսյակից, նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը զուգահեռ՝ Թուրքիայում ռեցեսիա է սկսվել: Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան էլ հայտնվել է «ազատ անկման» մեջ: 

Թուրքիայի տնտեսությունը վերջին անգամ տարեկան կտրվածքով անկում է գրանցել 2009 թվականին՝ 4.8%:  Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ բացասական ազդեցություն է թողել Թուրքիայի տնտեսության վրա. կրճատվել է արտահանումը, զբաղվածների թիվը, ներքին առևտրաշրջանառությունը և այլն:

Հաջորդող տարիներին՝ մինչև 2017 թվականը, Թուրքիայի տնտեսությունը մշտապես տարեկան աճ է գրանցել: Ըստ միջազգային կառույցների գնահատականների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, այդ տարիներին Թուրքիայի տնտեսական աճի հիմնական խթանը եղել են օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ):

Սակայն 2018 թվականից աճը խիստ դանդաղել է: Ներդրումների նվազումը, տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայունությունը, Թուրքիայի կառավարության ոչ արդյունավետ քայլերը հանգեցրել են նրան, որ արդեն 2018 թվականի չորրորդ եռամսյակից տնտեսությունը ռեցեսիայի փուլ է մտել: Աճի միտումներ են սկսել գրանցվել միայն 2019-ի երկրորդ կեսից, որին նպաստել է դրամավարկային մեղմող քաղաքականությունը: Թուրքիայի Կենտրոնական բանկը տեսանելիորեն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա նպաստել է վարկերի տոկոսների նվազմանն ու սպառման աճին, որն էլ իր հերթին տնտեսական աճն է խթանել: Արդյունքում, 2019 թվականը Թուրքիան ամփոփել է 0.9% տնտեսական աճով:

Միջազգային մի շարք կառույցներ ու վերլուծական կենտրոններ կանխատեսում են, որ այս տարին Թուրքիան կամփոփի տնտեսական անկմամբ: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին գնահատականների` անկումը կկազմի 5%: 

Թուրքիայի տնտեսության հիմքն այսօր մշակող արդյունաբերությունն է, ինչպես նաև շինարարությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը և ծառայությունների մի քանի տեսակ, այդ թվում՝ տուրիզմը:

Եթե Թուրքիայի տնտեսության կառուցվածքը դիտարկենք ըստ խոշոր խմբերի, ապա 19.4%-ը զբաղեցնում է արդյունաբերությունը (մշակող արդյունաբերություն և հանքարդյունաբերություն), 6.4%-ը՝ գյուղատնտեսությունը, 64.3%-ը ծառայությունները, իսկ մնացած 9.9%-ը արտադրանքից գոյացած հարկերն են:

Վերջին տարիներին Թուրքիան վարում է ներմուծման փոխարինման քաղաքականություն, որը ենթադրում է ներմուծվող ապրանքների որակի և գնի համապատասխան ապրանքների տեղական արտադրության զարգացում: Դա նպաստել է թուրքական մշակող արդունաբերության ընդլայնմանը: Այստեղ առաջատար են հատկապես տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, կաշվեգործությունը, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու էլեկտրական կենցաղային ապրանքների արտադրությունը: Սակայն անկում է գրանցվում նաև այս ոլորտներում:

Կարևոր դեր ունի նաև գյուղատնտեսությունը: Այն հիմնված է մեծ մասամբ ծխախոտի, բամբակի, ձավարեղենի, մրգերի, շաքարի ճակնդեղի աճեցման վրա: Ստացված բերքի զգալի հատվածն արտահանվում է: 

Թուրքիայի տնտեսության մեջ էական դեր ունեն նաև շինարարությունն ու անշարժ գույքի հետ կապված գործունեությունը:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այն այսօր Թուրքիայի տնտեսության մեջ որոշիչ դեր չունի: 

Ներկայում նվազում է նաև Թուրքիայի արտահանումը: Այս տարվա վերջին տվյալներով՝ հունվար-օգոստոսին արտահանումը Թուրքիայից նվազել է 5.7%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 20.4%-ով: 

Վերջին տասը տարիներին Թուրքիայի արտաքին առևտրի դինամիկան խիստ տատանվել է: Մասնավորապես վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին, ներմուծման նվազմանը զուգահեռ արտահանումն աճել է:

2019 թվականին Թուրքիան մոտ 171.5 մլրդ դոլարի ապրանք է արտահանել, որը 2018 թվականի համեմատ աճել է 2.1%-ով: Նույն տարում ներմուծել է 202.7 մլրդ դոլարի ապրանք (անկումը՝ 9.1%): 

Թուրքիան ամենաշատը ներմուծում է նավթամթերք, որը կազմում է ամբողջ ներմուծման մոտ մեկ հինգերորդ մասը, ինչպես նաև մեխանիկական սարքեր ու սարքավորումներ, երկաթ, պողպատ, թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ ու քարեր, պլաստմասսա, պլաստմասսե իրեր: 

Իսկ արտահանման առաջատար հնգյակում են տրանսպորտային միջոցները, մեխանիկական սարքերը, էլեկտրական մեքենաները, սարքավորումները, երկաթը և պողպատը, ինչպես նաև տրիկոտաժե ապրանքները:

Թուրքիայի ամենախոշոր գործընկերները 

Գերմանիա, ՄԹ, Իտալիա. Թուրքիայի արտահանման ամենախոշոր ուղղությունները

2019 թվականի տարեկան տվյալներով՝ Թուրքիայից արտահանվող ապրանքների առաջին հինգ խոշոր շուկաներն են  Գերմանիան, Միացյալ Թագավորությունը (ՄԹ), Իտալիան, Իրաքն ու ԱՄՆ-ն: Այս հինգ երկրների տեսակարար կշիռը միասին Թուրքիայի արտահանման կազմում 30.6% է:

Առաջին տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Նիդերլանդները, Իսրայելն ու Ռումինիան (տե՛ս ստորև տեղադրված գրաֆիկը):

 Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա. Թուրքիայի ներմուծման ամենախոշոր ուղղությունները

Թուրքիան առավել մեծ ծավալի ապրանքներ է ներմուծում Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից ու Իտալիայից: Նշված հինգ երկրների տեսակարար կշիռը Թուրքիայի ներմուծման կազմում 38.8% է: 

Հաջորդող հնգյակում են Հնդկաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունն ու Միացյալ Արաբական Էմիրությունները: 

Ադրբեջանը Թուրքիայի արտաքին առևտրում առաջատար չէ՝ ոչ ներմուծման, ոչ էլ արտահանման ցանկերում: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թուրքիայի արտահանման կազմում մեր երկրի տեսակարար կշիռը երբեք մեծ չի եղել: Այն ընդամենը 0.1-0.2%-ի շրջանակներում է եղել: Իսկ ներմուծում Թուրքիան Հայաստանից գրեթե չի իրականացնում:

Նիդերլանդներ, ԱՄՆ, ՄԹ. Թուրքիայի ամենամեծ ներդրողները

Տնտեսական անկայուն իրավիճակը բացասաբար է ազդել նաև Թուրիքայում կատարվող օտարերկրյա ներդրումների վրա: Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների՝ 2019 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները (զուտ հոսքերը) Թուրքիայում կազմել են 8.4 մլրդ դոլար, որը 2018 թվականի համեմատ նվազել է 35%-ով: 

Թուրքիայի Հանրապետության նախագահին կից ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի հրապարակած վերջին տվյալներով՝ 2003-2018 թվականներին Թուրիքայում ընդհանուր առմամբ կատարվել է 209 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, որոնց գերակշիռ մասը հոսել է ֆինանսական (ընդհանուրի 34%-ը), մշակող արդյունաբերության (24.1%) և էներգետիկայի (11.7%) ոլորտներ: 

Առաջատար հինգ ներդրողներն են Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Լյուքսեմբուրգը, որոնք միասին ապահովել են 2003-2018 թվականներին Թուրիքա հոսած ներդրումների 43%-ը:

2019 թվականի և այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ևս խոշոր ներդրողների ցանկը նույնն է: Նշենք, որ Թուրիքայում ներդրումների ծավալով աչքի են ընկնում նաև Իսպանիան, Գերմանիան, Բելգիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Արաբական էմիրություններն ու Ճապոնիան:

Գլխավոր լուսանկարը՝ Agence France-Presse-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter