The New York Times-ի հետաքննող լրագրողը Ադրբեջանում հայտնաբերել է թուրքական F-16-երի տեղակայման վերաբերյալ փաստեր
Գյանջայում կարող է տեղակայված լինել առնվազն երկու F-16 կործանիչ։ Այդ մասին պարզ է դառնում հոկտեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարից, որը հրապարակել է «The New York Times» պարբերականի հետաքննող լրագրող Քրիստիան Տրիբերտը։
«Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարից պարզ է դառնում, որ ադրբեջանական Գյանջայի միջազգային օդանավակայանում գտնվում է առնվազն երկու F-16 կործանիչ։ Կործանիչները, հավանաբար, գրանցված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հաշվեկշռում»,- գրել է Տրիբերտը։
There are at least two F-16s at Ganja International Airport in Azerbaijan, our analysis of an Oct. 3 @planetlabs satellite image shows. The fighter jets are likely operated by the Turkish Air Force, alongside a possible CN-235 cargo aircraft. Here’s a short thread why. pic.twitter.com/de1XsmXXZr
— Christiaan Triebert (@trbrtc) October 7, 2020
Լրագրողը պնդում է, որ լուսանկարում երևացող ինքնաթիռների մոտավոր չափերը և վիզուալ բնութագիրը համեմատել է Ադրբեջանի զինված ուժերում կիրառվող ռազմական ինքնաթիռների հետ (Միգ-21, Միգ-29, Սու-25, Լ-39): Տրիբերտը գրում է, որ լուսանկարում երևացող ինքնաթիռին ամենամոտը F-16 կործանիչներն են։ Բացի այդ, լուսանկարում երևում է առավել խոշոր բեռնատար ինքնաթիռ, որն ըստ NYT-ի լրագրողի, Թուրքիայի զինված ուժերին պատկանող CN-235 բեռնատար ինքնաթիռ է։
«F-16 կործանիչների առկայությունը կարող է վկայել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության թեժացման մասին, որին ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային մեկ այլ դերակատար՝ Թուրքիան»,- նշել է լրագրողը։
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է մարտական գործողություններին գրոհային ահաբեկիչների ներգրավման մեջ։ Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է տեղափոխել մոտ 4000 գրոհային և մեղադրել Անկարային ադրբեջանական ուժերին զենք մատակարարելու մեջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի մեջ զինադադարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին, սակայն հերքել է իրենց անմիջական մասնակցությունը հակամարտությանը։
Լուսանկարը՝ aerotime.aero-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել