
«Ֆրանսպրես». Ֆրանսիան հույս ունի, որ կողմերը հրադադար կհայտարարեն հոկտեմբերի 9-ին կամ 10-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն արդեն հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ հոկտեմբերի 10-ի առավոտյան կկարողանան հրադադար հայտարարել։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 9-ին, «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։
«Մենք հույս ունենք, որ հրադադար կհայտարարվի այսօր երեկոյան կամ շաբաթ օրը»,- նշել է զրուցակիցը։ Նրա տվյալներով՝ Մակրոնը հոկտեմբերի 8-ին և հոկտեմբերի 9-ի առավոտյան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Մոսկվա կատարած այցից առաջ, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
#BREAKING Karabakh warring parties heading 'towards a truce' Friday or Saturday: France pic.twitter.com/UTfH1CgRIr
— AFP news agency (@AFP) October 9, 2020
Միևնույն ժամանակ «Ֆրանսպրես»-ի աղբյուրը հայտնել է, որ հիմա աշխատանքներ են տարվում առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների գործընթացը սկսվել է հոկտեմբերի 8-ին Ժնևում և ընթացել լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։ Խորհրդակցությունների նպատակով ավելի վաղ Ժնև էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ժնևում համանախագահների հետ հանդիպել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների, որը պետք է իրականացվի Ռուսաստանի արտաքին գործերի նախախարի միջնորդությամբ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։
Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները, մարդասիրական նկատառումներով, զոհվածների մարմինները և գերիներին փոխանակելու համար։
Լուսանկարը՝ «AFP»-ի
Մեկնաբանել