HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ձեռներեց կանայք համախմբվել են բանակին օգնելու համար

Հագուստի արտադրությամբ զբաղվող Թերեզա Ղարաբաղցյանն իր արտադրանքից մի քանի օրինակներ վաճառքի է հանել  փոքրիկ տոնավաճառում և յուրաքանչյուր վաճառված հագուստի գումարը փոխանցելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ բանակի համար:

Նա ու ևս մոտ 40 հայ կին ձեռներցներ այսօր «Լոֆթ» կենտրոնում  են: Ժամը 16:00-ից մեկնարկել է «Կին ձեռներեցները՝ զինվորի կողքին» բարեգործական վաճառքը,  որից  գոյացած ողջ հասույթը կփոխանցվի  «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին: Վաճառվում են տարատեսակներ ապրանքներ՝ սննդից, խմիչքից, թեյերից սկսած մինչև հագուստ, հուշանվերներ ու խաղալիքներ: 

Թերեզան ներկայացնում է «Teress» ապրանքանիշը:  Հագուստի արտադրությամբ է զբաղվում արդեն հինգ տարի: Կատակում է, որ իր ազգանունը շատ խորհրդանշական է այս օրերին և չմասնակցել այս միջոցառմանը չէր կարող: 

Լուսանկարում՝ Թերեզա Ղարաբաղցյանը

«Լոֆթ» կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանը պատմում է, որ միջոցառման կազմակերպման մասին սոցիալական ցանցերում հայտարարությունից հետո բազմաթիվ կին ձեռներցներ ցանկություն են հայտնել մասնակցելու, սակայն տարածքի ոչ մեծ լինելու պատճառով ստիպված են եղել մերժել մի մասին: 

«Այս տարբերակով կանայք կանգնում են մեր զինվորի կողքին: Կան և՜ սկսնակ  ձեռնարկությունների ղեկավարներ, և՜ արդեն իսկ հայկական շուկայում հայտնի ապրանքանիշների հիմնադիրներ:  Տոնավաճառը կտևի մինչև ուշ երեկո՝ այնքան մինչև այցելուների հոսքը դադարի»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ալեքս Միրզոյանը:

Բարեգործական  վաճառքին մասնակցում է նաև «Ապրիկոտ» ապրանքանիշի  հիմնադիր Գայանե Խաչատրյանը: «Ապրիկոտը» արտադրում է  հայկական թեյեր, շոկոլադ ու հուշանվերներ: Արտադրությունում ներգրավված են մոտ 50 կանայք: Գայանե Խաչատրյանը շեշտում է, որ աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը տալիս է հաշմանդամություն ունեցող անձանց: «Ապրիկոտը» ի սկզբանե հիմնադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու հնարավորություն տալու սկզբունքով:  Այս ապրանքանիշի արտադրանքը մեծ մասամբ շատ են սպառում հատկապես օտարեկրյա զբոսաշրջիկները:

Լուսանկարում՝ Գայանե Խաչատրյանը

Վաճառքի սեղաններից մեկն էլ  «ամրագրել է» ManeTiles-ը, որը ներկայացնում է   կերամիկական ապրանքներ: «Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում ենք կերամիկական սպասքի, սալիկների, հուշանվերների արտադրությամբ:  Միացել ենք մեր ընկերների նախաձեռնությանը՝ հուսալով, որ կունենանք այնքան վաճառք, որ կկարողանանք օգնել սահմանում  կանգնած մեր ընկերներին՝ ապրապնդելով մեր թիկունքը»,- ասում է ընկերության մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար  Անի Գևորգյանը: 

Լուսանկարում աջից՝ Անի Գևորգյանը

Կին ձեռներեց Սվետլանա Բաբայանը հինգ տարի առաջ սկսել է մանկական խաղալիքներ արտադրել, սակայն միայն երկու տարի առաջ է որոշել նախասիրությունը բիզնեսի վերածել: Հիմնել է«Hoosh Toys»  Էկոլոգիապես մաքուր խաղալիքների արտադրությունը: 

 Սվետլանա Բաբայանը համառորեն մի քանի անգամ դիմել է այս միջոցառմանը մասնակցելու համար՝ մինչև, որ հաստատվել է մասնակցությունը:

Լուսանկարում աջից՝ Սվետլանա Բաբայանը

Բարեգործական վաճառքին այցելուների հոսք էր նկատվում հենց բացման առաջին իսկ րոպերին։ Ընդհանուր արդյունքները կամփոփվեն միջոցառման ավարտից հետո։ 

Մեկնաբանություններ (1)

mahmouzian mihran
Teresa where do we get your shirt please address or phone the same goes for Mane tiles let us know your address or store thank you

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter