
Արման Թաթոյանը տեսակցել է Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից տուժած ռուս լրագրողին
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 8-ին հասցրել են երկու թիրախային հարված, ինչի հետևանքով այն ավիրվել էր, վիրավորվել էին այդ պահին տաճարում գտնվող երեխաները, կանայք ու տարեցները:
Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և տեսակցել լրագրողին, որը ծանր վիրավորում էր ստացել։ Վերջինս խնդրել է բոլորին փոխանցել, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:
Իրենք՝ լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ:
Լրագրողը պատմել է նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես՝ քաղաքացիական բնակավայրեր են:
Մեկնաբանել