
Ա. Հովհաննիսյան. «Հիմնականում պահպանվում է հրադադարը, չնայած տեղային պրովոկացիաներին, որոնք չեզոքացվում են ՊԲ-ի կողմից»
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմն ունեցել է մոտ 200 զոհ: Հայկական կողմը խոցել է 3 ԱԹՍ, 4 զինտեխնիկա և այլ մանր զինատեսակներ:
Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ Ադրբեջանն ավելի է սաստկացրել ռազմական գործողությունները, սակայն հայկական զինված ուժերը հետ են մղել առաջխաղացման բոլոր փորձերը: Մինչև հրադադար հայտարարելը՝ հոկտեմբերի 9-ի գիշերվա ընթացքում և մինչև հոկտեմբերի 10-ի կեսօր մարտական գործողությունները շարունակվել են։ Թեժ մարտեր են եղել հատկապես Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ:
«Հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ են իրականացվել և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է: Մինչև հրադադար հայտարարելը ադրբեջանական զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր, պրովոկացիան կատարվել է այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արձանագրված լինի»,-հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հրադադար հայտարարելուց հետո Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում հակառակորդին թույլ է տրվել մոտենալ և վերցնել իրենց մի քանի դիակ, սակայն այդ գործընթացը դադարեցվել է, քանի որ նման դեպքերը ևս օգտագործվել են Ադրբեջանի կողմից պրովոկացիաներ անելու նպատակով: Ա. Հովհաննիսյանի ասելով՝ այսուհետ նման գործողություններ թույլ է տրվելու իրականացնել բացառապես «Կարմիր Խաչի» աշխատակիցների ներկայությամբ:
«Հետքի» հարցին, թե ինչու ռազմական դրության պայմաններում, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՆ-ն հայտարարում են՝ չհրապարակել տեսանյութեր և լուսանկարներ մարտական գործողությունների գոտուց, War gonzo ալիքի լրագրողը ներկա է լինում հատուկ օպերացիային, որի տեսանյութում երևում են մեր դիպուկահարները, նրանց դիրքը, դեմքերը, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ տվյալ հարցը քանիցս բարձրացվել է, և Պաշտպանության բանակը հստակ իրականացնում է Արցախում աշխատող տեղական և միջազգային լրատվամիջոցների համակարգման աշխատանքը: Ա. Հովհաննիսյանն առաջարկեց կոնկրետ օրինակներով բարձրաձայնել խնդրի մասին:
Դիրքային փոփոխությունների մասին խոսելիս Հովհաննիսյանը նշեց, որ միայն երկարատև հրադադարի ժամանակ է հնարավոր տվյալներ ներկայացնել:
ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ Սյունիքում իրավիճակը հանգիստ է, և ոչ մի մարտական գործողություն այս պահին տեղի չի ունենում:
Մեկնաբանել