
ԱՀ նախագահ. «Այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին»
«Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացում, եթե չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգաին կառույցներին ու բոլոր երկրներին»,- այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ միջազգային տեռորիզմը Ադրբեջանի միջոցով ներթափանցում է տարածաշրջան և այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին:
ԱՀ նախագահը հայտեց, որ Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, հրթիռային համակարգեր, անօդաչու հարձակողական սարքեր: «Ամբողջ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել, այն էլ մի քանի անգամ: Արցախում ոտնահարում են մարդու իրավունքները, իրականացվում է խաղաղ բնակչության բնաջնջում»,- նշեց նա:
Առավոտվա տվյալներով իրավիճակը շփման գծում համեմատաբար հանգիստ է, բայց այն ամեն պահ կարող է փոխվել: Հրադադարի մասին խոսելիս Հարությունյանը նշեց՝ բոլորն էլ կարող են վկայել, որ երեկ հրադադար չի եղել:
ԱՀ նախագահն ասաց, որ եթե հակառակորդը հաշվի չի առնում միջազգային կառույցների կողմից խաղաղ բանակցությունների անցնելու կոչերը, ինքը դիմելու է բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը: Նա հայտարարեց, որ արցախցիները խաղաղության կողմնակից են, բայց նաև չեն կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին: «Հայտարարելու եմ հայրենական պատերազմ և կոչ եմ անելու բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցություն ունենալ: Ուզու՞մ են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- ասաց նախագահը:
Հադրութում հոկտեմբերի 10-ին դիվերսիոն ներթափանցման փորձի մասին խոսելիս Հարությունյանը փաստեց, որ հակառակորդի դիվերսիոն խմբին հաջողվել է ներթափանցել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք: Խմբի նպատակը ոչ թե դիվերսիա իրականացնելն էր, այլ Հադրութ քաղաքը գրավելը: Հայկական զինված ուժերը կանխել են Հադրութը գրավելու փորձերը: Նախագահը հավելեց նաև, որ ասուլիսից առաջ խոսել է Հադրութ վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինս գտնվում է քաղաքի վարչական շրջանի շենքում:
Հարությունյանը նշեց նաև, որ Իսրայելի կառավարությունը տեղյակ է, որ իր կողմից տրամադրվող անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են ոչ թե պաշտպանական, այլ գրոհելու նպատակով: Վերջինս հիշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործվում էին հենց իսրայելցի մասնագետների միջոցով:
ԱՀ նախագահը հաստատեց նաև, որ պայմանավորվածության համաձայն՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ այսօր պետք է կատարվի դիակների ու գերիների փոխանակում:
Մեկնաբանել