HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արտակ Բեգլարյան. «Ադրբեջանական կողմը զոհված հայ զինծառայողների մարմինների հանդեպ արգելված ոտնձգություններ է կատարում»

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով 25 քաղաքացիական բնակիչ է զոհվել, որից 9-ը՝ կին, 1 երեխա, առվազն 102 հոգի վիրավորվել է։

Այս տեղեկությունները հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 11-ին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսում։ Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, նա հրապարակել էր փաստահավաք առաքելության հիման վրա կազմված երկրորդ միջանկյալ զեկույցը ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ:

ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանը բարձր ճշգրտությամբ քաղաքացիական բնակչության դեմ հեռահար հրթիռներ և զենքեր է կիրառել։ Հակառակորդն ունեցել է ընդգծված միտում՝ հարվածելու և կորուստներ պատճառելու խաղաղ բնակչությանը։ Եղել են ուղիղ հարվածներ քաղաքային բնակչությանը:

Ստեփանակերտում և մի շարք բնակավայրերում կիրառվել են հեռահար բարձր ճշգրտութամբ հրթիռներ բնակելի շենքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: Բեգլարյանը նշեց, որ Արցախում վնասվել կամ ոչնչացվել է 5800 մասնավոր անշարժ գույք, 960 ենթակառուցվածք, արտադրական կամ հանրային նշանակության օբեկտներ են թիրախավորել, 520 շաժական գույք՝ մասնավորապես մեքենաներ:

Թիրախավորվել են ճանապարհներ, կամուրջներ, որի նպատակը քաղաքացիական բնակչությանը շրջակա աշխարհից կտրելն էր, ինչը չի հաջողվել: Վնասվել են  արտադրական տարածքներ, խանութներ, սննդի օբեկտներ, հանրային նշանակության օբեկտներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև՝ հոգևոր և կրոնական նշանակություն ունեցող օբեկտներ: Հակառակորդի թիրախում է եղել սննդի մատակարարումը: «Նրանք առավելագույնն են փորձել  անել, որպեսզի հումանիտար աղետի առաջ կանգնեցնեն»,-նշեց Բեգլարյանը:

Լրագրողներին թիրախավորելու առնչությամբ Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ դա միտումնավոր է եղել: Նրանց թիրախավորելու պատճառներից մեկը վախ առաջացնելն ու նրանց աշխատանքը խոչընդոտելն է եղել:

«Լրագրողներն ունեցել են տարբերանշաններ, նրանց մեքենաները ևս ունեցել են տարբերանշաններ, նրանք, բնականաբար, կատարելիս են եղել մասնագիտական աշխատանք, հետևաբար նրանց ձեռքին եղել են տեսախցիկներ, շատ հանգիստ հնարավոր էր տարբերակել նրանց»,-ասաց նա:

ՄԻՊ-ը փաստեց, որ Ադրբեջանի ԶՈԻ-ի մոտ կան հայ զինծառայողների մարմիններ։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։

«Իմ կոչն ու պահանջն է միջազգային հանրությանը՝ կատարել իրենց պատասխանատվությունը, չսահմանափակվել մեր կարգավիճակով և հնարավորինս աջակցություն ցուցաբերել մարդասիրական, քաղաքական ու տնտեսական տեսանկյուններից»,-ասաց նա։

Բեգլարյանը փաստեց, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործում է ահաբեկչական վարձկան խմբեր, որի ապացույցները հրապարակվել են մի շարք երկրների համապատասխան կառույցների կողմից։ Նրա խոսքով՝ կան իսրայելական, ռուսական, բելառուսական, թուրքական և ուկրաինական արտադրության զենքերի կիրառման հստակ ապացույցներ, այդ զենքերի որոշ պահեստամասեր արտադրվել են այլ պետություններում։ Հետևաբար,  այդ պետությունները ևս կրում են պատասխանատվություն։ Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ այն պետությունները, որոնք զենք են վաճառել ու վաճառում Ադրբեջանին,  պետք է տեսնեն, որ դրանց զգալի մասը դիտավորյալ կերպով կիրառվում է խաղաղ բնակչության դեմ։

Խոսելով հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի հայտարարումից հետո Հադրութում դիվերսիոն հարձակման փորձի մասին՝ Բեգլարյանը նշեց, որ խումբը է մտել Հադրութ, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց: Բացի երեկ հրապարակած դեպքից՝ մոր և հաշմանդամություն ունեցող տղայի գնդակահարության վերաբերյալ, Հադրութում ևս 2 խաղաղ բնակիչ է սպանվել: Երեկ երեկոյան ու գիշերը հրթիռակոծվել են Շուշի, Մարտունի ու Ստեփանակերտ քաղաքները: Կան վիրավորներ ու զոհեր: Մարտունիում սպանվել է 75 տարեկան տղամարդ, Շոշ գյուղում վիրավորվել է 65-ամյա կին: Մնացած մանրամասները դեռ պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter