HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գայանե Աբրահամյան. «Եթե ահաբեկիչները մտնեն տարածաշրջան, հատկապես Վրաստանի միջոցով, շատ հանգիստ անցնելու են Եվրոպա»

Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը  նշում է, որ միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ այս օրերին Արցախի սահմաններում տեղի ունեցող պատերազմը սպառնալիք է նաև իրենց համար: Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ անցել է արդեն իրավիճակին ծանոթանալու փուլը, այժմ միջազգային կառույցներից ակնկալվում են կոնկրետ քայլեր:

Գ. Աբրահամյանի խոսքով՝ առաջին փուլում հիմնական խնդիրը ուղերձը միջազգային կառույցներին հասկանալի դարձնելն էր, թե պատերազմն ով է սկսել, և ինչ հիմնական վտանգներ կան: Տեղեկացնել, որ սա միայն հայ ժողովրդի պատերազմը չէ, ահաբեկչական գործողություն է, որում ներգրավված է նաև Թուրքիան: Դրան հաջորդել են միջազգային կազմակերպությունների ու առանձին երկրների ղեկավարների կոչերը:

Գայանե Աբրահամյանը կարևորում է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը եւ հնչած դատապարտող ելույթները Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Աբրահամյանը նշում է, որ ելույթները կարևոր են, սակայն ոչ բավարար, թեև ընդգծում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից այլ բան ակնկալել պետք չէր:

«Եվրոպական պառլամենտի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց՝ եթե միայն կոչերով պետք է բավարարվենք, կասկածի տակ է դրվում կառույցի գոյության իմաստը: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ միայն կոչերով հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել»,- ասում է Գ. Աբրահամյանը:

Պատգամավորը նշում է, որ տեղեկատվությունը տեղ հասցնելուց հետո հաջորդ փուլում պահանջները փոխվել են: «Այժմ պահանջում ենք սանկցիաների կիրառում և Արցախի անկախության ճանաչում, որը միակ գործիքն է նոր ցեղասպանությունը կանխելու համար»,- ասում է նա:

Նախկինում Հայաստանը հիմնականում շեշտել է Սումգայիթի ջարդերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության խոշտանգումները՝ որպես ցեղասպանության վտանգ և «անջատում հանուն փրկության» թեզը առաջ մղելու գաղափար: Այսօր իրավիճակն այլ է, և ավելի հեշտ է դառնում հիմնական վտանգների մասին տեղեկությունը տեղ հասցնելը։

«Իրենք էլ արդեն տեսնում են, որ հայերի դեմ կիրառվում են Կոնվենցիայով արգելված զենքեր, խախտվում են հումանիզմի կարևոր սկզբունքները: Հադրութի խաղաղ բնակիչների սպանությունը, ահաբեկիչների ներգրավվածությունը շատ ավելի են հեշտացնում դիվանագիտական դաշտում մեր աշխատանքը՝ ցույց տալու, որ այստեղ գոյության կռիվ է: Տարիներ շարունակ ասել ենք, բայց առանձնապես ընկալում չկար, դարձնում էին որպես տարածքային հարց: Այս առումով ընկալումն արդեն փոխվել է»,- ավելացնում է Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց, որ հայ հանրությանը թվում է, թե մեր այսօրվա օրակարգը միջազգային հանրության համար առաջնային է, սակայն այդպես չէ: Ադրբեջանը հարձակման ժամանակահատվածը պատահական չէր ընտրել՝ հաշվի առնելով Եվրոպայում COVID-19-ի տարածումը, ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները, Ռուսաստանում առկա խնդիրները՝ պայմանավորված Բելառուսում ընդվզումներով և այլն: Այսինքն՝ այս պետությունների համար առաջնային այլ հարցեր կային: Աբրահամյանը կարծում է, որ իրավիճակի լուծման համար ակտիվ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանային երկրները, քանի որ այն անմիջապես առնչվում է նաև նրանց շահերին:

«Եթե նախկինում հակամարտությունը, գոնե առերևույթ, հիմնականում Ադրբեջանի և Արցախի միջև էր, ապա այսօր Թուրքիայի ներգրավվածությունը շատ ուղիղ է: Սա, իսկապես, սթափեցնող դեր ուներ Եվրոպայի, Ռուսաստանի համար: Վերջինս, որպես տարածաշրջանի հիմնական խաղացող, որևէ կերպ չէր կարող թույլ տալ, որ այստեղ Թուրքիան իր նկրտումներն առաջ տանի: Այս առումով Եվրոպական խորհրդարանի և մեր գործընկերների վերաբերմունքը ևս հստակ տարբերվում էր: Այսօր էլ «Եվրանեսթ»-ում աշխատաժողով ունեինք, և իմ հիմնական ուղերձն այն էր, որ սա միայն մեր դեմ կամ տարածաշրջանի դեմ սանձազերծված պատերազմ չէ, այլ նաև Եվրոպայի դեմ »,- ասում է Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորը հավելում է, որ եթե ահաբեկիչները մտնեն տարածաշրջան, հատկապես Վրաստանի միջոցով, շատ հանգիստ անցնելու են Եվրոպա: Վրաստանն առանց վիզայի ռեժիմ ունի Եվրոպայի հետ: Գայանե Աբրահամյանն ասում է, որ եվրոպացիներն ունեն այդ գիտակցումը:

Նրա համոզմամբ՝ հաջորդ քայլը պետք է լինի սանկցիաների կիրառումը, որոնցից մեկը Ադրբեջանին ու Թուրքիային ահաբեկչական երկրների ցանկում ներառելն է: Ինչպես նաև՝ Արցախի անկախության ճանաչումը՝ որպես միակ ելք այնտեղ ապրող ժողովրդի գոյության համար:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ այսօր տեղի է ունեցել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստը, որի քննարկման թեմաներից մեկը Արցախի հարցն է եղել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter