HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ֆրանսիայից Երեւան ժամանած վիրաբույժների խումբը կբուժի Արցախում վիրավորվածներին

Ֆրանսիացի մի խումբ բժիշկներ այսօր ժամանեցին Երևան, Արցախում վիրավորված զինծառայողներին և քաղաքացիական անձանց բուժելու համար։ Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։

«Եւ' վախ ունենք և' վախ չունենք, բայց պատկերացնում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք, դրա համար էլ այստեղ ենք»,- ասում է տևական ժամանակ Գազայում աշխատած ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը՝ պատասխանելով հարցին, թե պատկերացնո՞ւմ է՝ ինչ պայմաններում է աշխատելու հրետակոծության տակ գտնվող Ստեփանակերտում։ Նրա համար էական չէ հակամարտության պատճառը, կարևորը՝ վիրավորներին բուժի։ Բժշկի նպատակն է՝ լինել հիվանդների, վիրավորների կողքին։ «Հայերի պարագայում, ամեն անգամ հայի բուժելիս, հայ վիրավորին օգնություն ցույց տալիս տպավորություն է, թե մի ամբողջ ազգի ես օգնում, մի մարդու դեմքով մի ամբողջ ազգ է արտահայտվում»,– ասում է վիրաբույժը։

Հայաստան ժամանած բժիշկների խմբում հայազգի վիրաբույժներ էլ կան։ Նրանցից Միքայել Չափարյանն ուրախ է, որ հայրենիքին օգնելու համար եկել է Երևան։ «Ինձ երբ զանգեց Լևոն Խաչատրյանը, ասաց՝ այս գործը կա, ես միանգամից այո ասացի, և շատ ուրախ ենք, որ մենք այստեղ ենք։ Հուսամ՝ լավ գործ կանենք, ժամանակը շատ կարճ է»,– ասաց Միքայել Չափարյանը։

Մեկ շաբաթվա ծրագրով Հայաստան եկած բժիշկների աշխատանքը հնարավոր է երկարի՝ կախված պատերազմական գործողությունների ընթացքից։ Լևոն Խաչատրյանը չի բացառում, որ իրավիճակով պայմանավորված՝ փոխվեն նաև նրանց պլանները։ Վիրաբույժների խումբն իր հետ բժշկական պարագաներ և գործիքներ է բերել։

«Մենք որպես վիրաբույժներ մտածեցիք՝ ի՞նչ է անհրաժեշտ նման իրավիճակներում։ Մեզ հետ բերել ենք սարքեր, վիրաբուժական գործիքներ, որոշ դեղորայք, հիմնականում՝ հակաբորբոքայիններ, ցավազրկողներ և այրվածքների բուժման, մշակման համար անհրաժեշտ դեղորայք»,- ասաց Լևոն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին, որոնք արձագանքել են իր խնդրանքին և եկել են Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter