
Ռազմաճակատում. հոկտեմբերի 10
«Լեռնիկ, սրանց բերել ես ստեղ, որ ի՞նչ անես, կոտորե՞ս»,- մեզ տեսնելուն պես ասում է հրամանատար Կարեն Շաքարյանը: Լեռնիկ Ասրյանը բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է: Նրա հետ էին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից պայմանավորվել, որպեսզի մեզ թույլատրեն նկարահանումներ կատարել: «Կոտորել» բառը հրամանատարի շուրթերից արդեն լսել էի, գեներալի բառապաշարում շատ գործածվող բառերից է: Մի քանի օր առաջ՝ թեժ մարտերից մեկի ժամանակ, գումարտակի հրամանատարի մոտ լսել էի ռացիայով ասած նրա խոսքերը:
«Հիմա մեր տանկը որ դուրս գա իրենց դեմ, նրանք դեպի ձեզ են գալու, կոտորեք բոլորին»,- լսվում էր Շաքարյանի ձայնը:
Հոկտեմբերի 10-ին հայտարարված երկօրյա հրադադարի առաջին օրն է հյուսիսային սահմանագծում: Ճանապարհին արդեն հրամանատարի ռացիան միանում է, անընդհատ կապի են դուրս գալիս տարբեր հատվածներից: Լարված է, մարտեր են ընթանում տարբեր հատվածներում, տեղ-տեղ ադրբեջանցիները փորձում էին առաջ գալ, սակայն նրանց առաջխաղացումը կասեցվում էր: Հրամանատարի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո շարժվում ենք առաջնագիծ: Գեներալը լավ տրամադարություն ուներ, այլապես մեզ չէր վերցնի իր հետ: Ընդհանրապես, այս օրերին սպաներին անհանգստացնել չարժե, լարված են, անքուն գիշերներից հետո նրանց ավելորդ հարցեր պետք չէ տալ: Նրանք հաստատ լրագրողներով զբաղվելու ժամանակ չունեն: Մենք էլ փորձում ենք աննկատ մնալ, չխանգարել: Շարժվում ենք դիրքերի ուղղությամբ: Մեքենայի մեջ, երբ ասում եմ՝ հոգնա՞ծ եք, գեներալ, նայում է իմ ուղղությամբ եւ պատասխանում՝ 12 օրվա ընթացքում երեւի մի վեց ժամ եմ քնել:
«Այստեղ րոպեում հազար արկ է ընկել»,- տեղանքը ցույց տալով՝ ասում է հրամանատարը:
Հետո պատմում է Տարոնի մասին. «Հերոս է, զուսպ է ու ինչքան զուսպ է, այնքան լավ կռվել է»:
Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հարցնում եմ, թե ինչ է արել, որ գեներալը գովում է իրեն: Քոչարյանը միայն ուսերն է թոթվում: Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կողքից հավելում է. «Ի՞նչ պիտի անենք, արտառոց ոչ մի բան, հայրենիքի պաշտպանության գործով ենք զբաղված»:
Իրավիճակը սահմանի այս հատվածում ադրբեջանցիների հարձակման առաջին օրվանից ծանր է: Շաքարյանին հարցնում եմ՝ ինչպե՞ս է իրավիճակը, պատասխանում է՝ կայուն ծանր: Նման բան սովորաբար բժիշկներից ես լսում: Ցանկացած կրակոց զեկուցվում է, արձանագրվում ժամը, տեղանքը, զինատեսակը: Մի քիչ հետո հեռվում երեւում են Չայլուն եւ Լենինավանը: Հետո՝ Լյուլասազի բարձունքը, Մատաղիսի դիրքերը:
Վերադարձին հրամանատարի տրամադրությունը փոխվել էր: Չգիտեմ՝ ինչն էր պատճառը: Ամբողջ ճանապարհին նա լուռ էր: Հետո մեզ արագ հրաժեշտ տվեց, ասաց. «Շտապ պետք է գնամ»: Մենք այնքան քիչ բան գիտենք այս պատերազմի մասին ու այնքան քիչ բան կարող ենք պատմել իմացածից: Զինադադարի առաջին օրն է, երեկոյան ժամը հինգը, ու հակառակորդը զինադադարն անընդհատ խախտում է:
Մեկնաբանել