HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ծնողներից մեկն արտերկրում է եղել, երբ տեղեկություն է ստացել որդու գերեվարման մասին․ Արտակ Զեյնալյանը մանրամասնում է

Իրավապաշպան Արտակ Զեյնալյանն այսօր ֆեյսբուք գրառում է կատարել այն մասին, որ հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են։ Իրավաբանների խումբը գերեվարվածների ընտանիքների անդամների անունից դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Հետք»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը որոշ մանրամասն է ներկայացրել դիմումի վերաբերյալ։

-Պարո՛ն Զեյնալյան, Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի ծնողներն ինչպե՞ս են տեղեկացել իրենց որդիների գերեվարվելու մասին։

-Ծնողներից մեկն արտերկրում արտագնա աշխատանքի մեջ է եղել, իրեն տեղեկացրել են, որ համացանցում այդպիսի տեղեկություն կա։ Հետագայում զինկոմիսարիատները պաշտոնապես ծնողներին իրազեկել են, նրանց ներկայացրել են տեսագրություններ,  և ծնողները ճանաչել են իրենց որդիներին։

-Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ «անաչառ մարդասիրական կազմակերպությունը, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին»։ Դուք տեղեկություններ ունե՞ք՝ այս պահին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվա՞ծ է Սարգսյանի և Ամիրջանյանի կարգավիճակի մասին։

-Ոչ, տեղյակ չեմ։

-Հայտնի՞ է, թե ինչ պայմաններում են նրանք հայտնվել գերության մեջ։

-Այս պահին նման տվյալներ հայտնի չեն։

-Իրավաբանների խումբը Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու պահանջով։ Ինչո՞ւ է այս պահին ՄԻԵԴ դիմելու անհրաժեշտություն առաջացել։ Դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադարի ռեժիմը չպահպանելու հանգամանքով, ինչպիսի պայմաններում անհնարին է դարձել գերիների փոխանակումը։

-Դիմումը սկսվել է գրվել մինչև հումանիտար հրադադարի մասին համաձայնագրի ստորագրվելը։ Մենք մեկ օր սպասեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչ ընթացք է ստանում և երբ տեսանք, որ ընթացք չի ստանում, դիմումը ձևափոխեցինք և ներկայացրինք Եվրոպական դատարան։

-ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից արդեն իսկ պահանջել է գերեվարված երկու զինծառայողների պահման պայմանների, բժշկական հետազոտությունների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց փոխանակման հնարավորության մասին տեղեկություններ։ Միջանկյալ միջոց կիրառելու դիմումի լուծման համար առհասարակ լինո՞ւմ է սահմանված վերջնաժամետ։

-Ոչ, դա պայմանավորված է կոնկրետ գործի հանգամանքներով, Եվրոպական դատարանը, իր կանոնակարգի դրույթների համաձայն, որոշում է կայացնում։

-Ադրբեջանի համար ՄԻԵԴ-ի կողմից տրված հարցերին պատասխանելու վերջնաժամկետ է սահմանվել հոկեմբերի 22-ը։ Եթե մինչ այդ Ադրբեջանը չպատասխանի ՄԻԵԴ-ի հարցադրումներին, ապա ո՞րը կարող է լինել հաջորդ քայլը։

-Եվրոպական դատարանն արդեն պետք է որոշում կայացնի։ Այս պահին վարույթը կասեցված է․ հարցադրումներ են արվել։ Հետագայում պետք է նորոգվի վարույթը, և եթե դատական ակտը չկատարվի, ապա այն տեղափոխվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վարույթ, որի հսկողության տակ այն պետք է կատարվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter