Նավթը, Ադրբեջանն ու խոշոր գործընկերները
Արցախա֊ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը հակառակորդներին ու նրանցից յուրաքանչյուրի տնտեսությունը ավելի լավ ճանաչելու առիթ է։ Մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք Թուրքիայի տնտեսությանը, ներկա միտումներին ու նրա խոշոր գործընկեր երկրներին։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ադրբեջանի տնտեսությունը։
Ադրբեջանի տնտեսությունը, որը հիմնված է նավթարդյունաբերության վրա, այսօր անկման միտումներ է գրանցում։ Մի կողմից նավթի համաշխարհային գների անկումն է էական բացասական ազդեցություն թողնում, մյուս կողմից՝ կորոնավիրուսի համավարակը։ Այս ամենին գումարվում են նաև ղարաբաղաադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի հետևանքները։
Չնայած նավթագազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանի տնտեսությունն այսօր չի գնահատվում որպես զարգացած։ Այն դիվերսիֆիկացված չէ և ուղղակիորեն կախված է նավթի համաշխարհային շուկայի միտումներից։ Նավթի գնային տատանումներն անմիջապես ազդում են թե՛ երկրի արդյունաբերության, թե՛ պետական բյուջեի և շղթայաբար ամբողջ տնտեսության վրա։ Երկրի իշխանությունները մշտապես «խաղադրույք» են անում նավթի և այլ բնական պաշարների վրա, որոնց հաշվին էլ մեծամասամբ պահում են տնտեսությունը։
Տարբեր հրապարակումների համաձայն, այդ թվում՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA), նավթի ապացուցված պաշարները Ադրբեջանում ներկայում կազմում են 7 մլրդ բարել։ Այս ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում, ըստ EIA֊ի տվյալների, 21-րդ տեղում է։ Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնական կայքերը մշտապես հակասական տեղեկություններ են հրապարակում ինչպես նավթի ու գազի պաշարների, այնպես էլ՝ արդյունահանման վերաբերյալ։
Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետները փաստում են, որ իրենց երկրի Վիճակագրական կոմիտեն կեղծում է մակրոտնտեսական տվյալները և ցույց չի տալիս ներկայում առաջացած ճգնաժամային խնդիրները։ Բայց, նույնիսկ կեղծելու պարագայում, վիճակագրությունը չի կարողանում թաքցնել անկումը։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվար-օգոստոսին, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, երկրի տնտեսական անկումը կազմել է 3%: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.1%֊ով, բեռնափոխադրումների ոլորտում գրանցվել է 18.3% անկում, ծառայությունների ծավալը կրճատվել է 24%-ով և այլն։
Ադրբեջանի տնտեսությունը վերջին տարիներին դանդաղ տեմպերով է աճել
Ինչպես վկայում են Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տվյալները, 2019 թվականին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 2.2%։ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 48 մլրդ դոլար է։ Այս ցուցանիշով Ադրբեջանն, ըստ Համաշխարհային բանկի կազմած վարկանիշի, 89-րդ տեղում է 203 երկրների ցանկում։
Մինչև 2008 թվականը Ադրբեջանի տնտեսությունն աճել է բարձր տեմպերով, որն այդ տնտեսություն հոսող նավթադոլարների հաշվին է եղել։
2008-2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տնտեսական աճը խիստ դանդաղել է։ Վերջին տնտեսական անկումը, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է 2016 թվականին։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ 2020 թվականը Ադրբեջանը կփակի 4% տնտեսական անկմամբ։
EurAsia Daily-ին տված հարցազրույցում ադրբեջանցի տնտեսագետներ Նաթիհ Ջաֆարլին և Աքրամ Հասանովը պատմել են, որ Ադրբեջանի տնտեսությունը խիստ տուժում է կորոնավիրուսի համավարակի արդյունքում։ «Իրականում, համավարակը ցույց տվեց, թե երկրում որքան ոչ հավաստի է վարվել վիճակագրությունը։ Բոլոր ուղղություններով առկա է տնտեսական ցուցանիշների վատթարացում։ Համավարակն ազդել է բնակչության բոլոր շերտերի վրա, և, ընդհանուր առմամբ, հանրապետության բնակչության բարեկեցությունը նվազել է»,- ասել է Նաթիհ Ջաֆարլին։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի միակ «անվտանգության բարձիկը» Նավթային ֆոնդն է, որտեղ կուտակված է մոտ 40 մլրդ դոլար։
Ադրբեջանում, ըստ պաշտոնական վերջին տվյալների, աղքատության մակարդակը ընդամենը 5.1% է (2018 թվականի տվյալներով), իսկ գործազրկության մակարդակը՝ 5.5 % (2019 թվականի տվյալներով)։ Մինչդեռ թե' ադրբեջանական հասարակությունը, թե՛ վերլուծաբանները վերապահում ունեն այս թվերի առնչությամբ, քանի որ երկրի Վիճակագրական կոմիտեն հայտնի է տարբեր հնարքների արդյունքում ցանկալի թվեր ստանալու փորձով։ Ադրբեջանի հասարակությունում այսօր տարատեսակ շերտերի՝ հարուստների ու աղքատների միջև մեծ «ճեղքվածք» կա։
Ադրբեջանի կախվածությունը նավթից
Ադրբեջանի ՀՆԱ֊ի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունի արդյունաբերությունը (40-45%֊ը), որն էլ իր հերթին մեծամասամբ (շուրջ 80%-ը) նավթի, գազի և այլ հանքային հարստությունների հաշվին է գոյանում։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի ընդամենը 5%-ն է արտադրվում գյուղատնտեսության ոլորտում, շինարարության ոլորտում՝ ևս 5%-ը, ծառայություններում՝ 15%-ը և այլն։
Քանի որ Ադրբեջանի տնտեսությունը «սնվում է» մեծամասամբ նավթից, վիճակագիրները տնտեսության չափերը նկարագրելու համար այն երկու խոշոր հատվածների են բաժանում՝ նավթագազային և ոչ նավթային։
Այսպես, Ադրբեջանի Վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակված վերջին տարեգրքի համաձայն՝ 2018 թվականին երկրի ՀՆԱ-ի մոտ 40%-ը գեներացվել է նավթագազային հատվածից։ Տարբեր տարիների այս ցուցանիշը հասել է 60%֊ի։
Բացի այդ, Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների մեծ մասը (70-80%-ը) կրկին գոյանում է նավթագազային հատվածից։ Նավթարդյունաբերությունը վերահսկում է Ադրբեջանի Հանրապետության նավթի պետական ընկերությունը (The State Oil Company of the Azerbaijan Republic-SOCAR)։ Այն նաև վերահսկում է Ադրբեջանում միջազգային ընկերությունների կողմից նոր նավթ և բնական գազ հայտնաբերելու ծրագրերը։
Այսպիսով, Ադրբեջանի տնտեսությունը խիստ կենտրոնացած է նավթագազային հատվածի շուրջ, որով էլ հենց պայմանավորված է նավթի համաշխարհային շուկայից ունեցած կախվածությունը։ Իսկ ոչ նավթային հատվածի տնտեսությունը թույլ է, օրինակ՝ մշակող արդյունաբերությունը։
Նավթը միաժամանակ Ադրբեջանի տնտեսության և՛ հաղթաթուղթն է, և՛ զարգացման գլխավոր խոչընդոտը։ Նավթից ունեցած կախվածությունը պարբերաբար Ադրբեջանի տնտեսությունը ցնցումների է ենթարկում, ինչպես տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, երբ համաշխարհային շուկայում նավթը նկատելիորեն էժանացավ։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը մինչև 1 մլրդ դոլար է կորցնում նավթի գնանկման հետևանքով։
Այս և այլ ցնցումներ անմիջապես ազդում են ադրբեջանական արժույթի՝ մանաթի վրա։ Սակայն Ադրբեջանի կառավարությունն արհեստականորեն կայուն է պահում այն՝ պարբերաբար շուկան ողողելով ԿԲ պահուստներում առկա արտարժույթով, որը թույլ է տալիս կանխել մանաթի արեզրկումը։ Սրա արդյունքում այս տարվա մարտին, երբ տարածաշրջանում ազգային արժույթներն արժեզրկվում էին, մանաթը էական տատանումներ չգրանցեց։
Նավթարդյունաբերության վրա հիմնված Ադրբեջանի արտահանումը, բնականաբար, կրկին հիմնված է նավթի վրա։
Իտալիան, Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանի գլխավոր գործընկերներն են արտահանման գծով
Ըստ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տվյալների` 2019 թվականին Ադրբեջանից արտահանվել է 19.6 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0.7%֊ով։
Իսկ այս տարվա առաջին ութ ամիսներին արտահանումը կազմել է 7.9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվելով 31.5%-ով։ Ընդ որում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով էներգետիկայի նախարարությանը, նավթի արտահանման ֆիզիկական ծավալները կրճատվել են 8%-ով։
Ադրբեջանից արտահանվող ապրանքների մոտ 91%-ը 2019 թվականին կազմել է հանքային վառելիքը՝ հիմնականում նավթը։ Եվ միայն 9%-ն են ապահովել մնացած ապրանքները, ինչպես գյուղմթերքը, տեքստիլը, պլաստմասսան և այլն։
Այսինքն՝ եթե Ադրբեջանի արտահանման կազմից բացառվի նավթագազային հատվածը, ապա արտահանումը կկազմի ընդամենը մոտ 1.8 մլրդ դոլար։
Ադրբեջանի արտահանման հինգ խոշոր շուկաներն են՝ Իտալիան, Թուրքիան, Իսրայելը, Հնդկաստանն ու Գերմանիան։ Ընդ որում՝ Իտալիան բացարձակ առաջատարն է, որն Ադրբեջանից արտահանված նավթի գրեթե մեկ երրորդի գնորդն է։ Առհասարակ, ինչպես երևում է ՄԱԿ-ի՝ միջազգային առևտրի տվյալների բազայում (UN Comtrade Database), նշված խոշոր գործընկերները Ադրբեջանից գնում են մեծամասամբ նավթ։
Այս հինգ երկրներին 2019 թվականին բաժին է ընկել արտահանման մոտ 60%-ը։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ ըստ երկրների ևս Ադրբեջանի արտահանումը դիվերսիֆիկացված չէ։
Արտահանման առաջին տասնյակում են նաև Չինաստանը, Ռուսաստանը, Իսպանիան, Չեխիան ու Վրաստանը։
Ադրբեջանը ամենից շատ ապրանք ներմուծում է Ռուսաստանից, Թուրքիայից ու Չինաստանից
Վերջին տարիներին Ադրբեջանի արտաքին առևտրի հաշվեկշիռը դրական է եղել՝ ավելի շատ արտահանել է, քան ներմուծել։ 2019 թվականին, ինչպես նշեցինք, արտահանումը կազմել է 19.6 մլրդ դոլար, նույն ընթացքում ներմուծումը կազմել է 13.6 մլրդ դոլար։ 2018-ի համեմատ ներմուծումն աճել է 19.1%֊ով։
Այս տարվա առաջին ութ ամիսներին ներմուծվել է 5.9 մլրդ դոլարի ապրանք (նվազումը՝ 30%):
Ադրբեջան ներմուծվող ապրանքները մեծամասամբ Ռուսաստանից են, Թուրքիայից, Չինաստանից, ինչպես նաև՝ Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից։ Այս հինգ երկրները Ադրբեջանի ներմուծման կազմում 2019 թվականի տվյալներով զբաղեցրել են մոտ 54%-ը։ Տասնյակում են նաև Գերմանիան, Ուկրաինան, Իրանը, Կանադան ու Իտալիան։
Ներմուծվող ապրանքացանկում առաջատարները թանկարժեք քարերն ու մետաղներն են, միջուկային ռեակտորները (կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր), էլեկտրական մեքենաներն ու սարքավորումները, հանքային վառելիքը։ Ի դեպ, առևտրի տվյալների բազայում չի հրապարակվում 93 ծածկագրով սկսվող ապրանքների մասին ինֆորմացիան. դա զենք-զինամթերքի ծածկագիրն է։
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2019 թվականին Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (զուտ հոսքերը) կազմել են 1.5 մլրդ դոլար։ Վերջին տարիներին ներդրումներն Ադրբեջանում նկատելի նվազել են, հատկապես 2016 թվականից հետո։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմել են 4.5 մլրդ դոլար։
Ադրբեջանում հիմնականում ներդրումներ են կատարում Թուրքիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն ու Շվեյցարիան։
Ադրբեջանը պարբերաբար տնտեսական ցնցումների է ենթարկվում, որի պատճառը, ինչպես նշեցինք, տնտեսության կառուցվածքն է։ Սակայն, երկրի իշխանությունները մի կողմից վիճակագրական հնարքներով թաքցնում են տնտեսության իրական պատկերը, մյուս կողմից հասարակությանը հավաստիացնում են, որ ունեցած բնական պաշարները, մասնավորապես՝ նավթը, իրենց առնվազն մի քանի տասնամյակ կբավականացնի։
Մեկնաբանել