HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Լուսինե Պարոնյան․ «Պետք է ընտրություն լինի՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժել, թե՞ Արցախից տեղափոխվածներին»

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճը ընտրության առաջ է կանգնեցնելու առողջապահական համակարգը՝ բուժել կորոնավիրուսով հիվանդներին, թե՞ Արցախում վիրավորում ստացած անձանց։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

«Այս ամնենը լավ հասկանալով՝ մեր բնակչությունը պետք է կրկնապատկի զգոնությունը։ Պետք է գիտակցել, որ դիմակներ դնելով, սոցիալական հեռավորություն պահելով՝ օգնում ենք ռազմաճակատին»,- ասաց Լուսինե Պարոնյանը։

Համաճարակաբանության բաժնի պետը կորոնավիրուսով հիվանդացածների թվի կտրուկ աճը կապում է պատերազմական իրավիճակի հետ, քանի որ այս օրերին չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։ Մարդկանց կուտակումները, դիմակներ չդնելը, սոցիալական հեռավորության չպահելը հանգեցրեց վիրուսի կտրուկ տարածմանը։ Պարոնյանի խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց վարքագծով ծանրացնում են իրավիճակը առաջին հերթին բժշկական համակարգի համար։

Առողջապահության նախարարությունը իրազեկման միջոցառումներ արել է և շարունակում է իրականացնել, սակայն մարդկանց վարքագծից մեծ բան է կախված։ «Բնակչության մեջ պետք է գիտակցություն ձևավորվի, որ տուգանքից խուսափելու համար չէ որ պետք է դիմակ կրել»,- նկատում է մասնագետը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն էլ կարծում է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում վատթարացավ, քանի որ պատերազմական իրավիճակ սկսվեց։ Խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից՝ Եգոր Զայցևն ասաց, որ այժմ 4 տեսակի պատվաստանյութ կա, որը փորձարկման երրորդ և վերջնական փուլում է։ Այդ փուլը բարեհաջող անցնելուց հետո պատվաստանյութերը կգրանցվեն և կփոխանցվեն «Կովաքս» պատվաստանյութերի կենտրոնին, որից Հայաստանն էլ կստանա խմբաքանակ։

«Պատվաստուկներն առաջինը կլինեն, քան կստեղծվի դեղ կորոնավիրուսի դեմ, բայց մինչ այդ ծրագրերի իրականացումը ճիշտ կլինի պահպանել ճիշտ վարքագիծը։ Պետք է շարունակել թեստավորումը, հայտնաբերել կոնտակտավորներին»,- ասաց Եգոր Զայցևը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանն էլ համոզված է, որ դիմակներ չդնելը, պատերազմական իրավիճակը, վարչական օղակների թերացումը հանգեցրեց հիվանդացությունների թվի աճին։ Նա կարծում է, որ վարչական լծակի բացակայության պայմաններում մարդիկ մնում են իրենց գիտակցության հետ մենակ, և պետք է մարդկանց անընդհատ հորդորել, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները։

«Գիտության կողմից ապացուցված է մեր երկրի փորձը։ Երբ որ մարդկանց մեծամասնությունը կրում է դիմակ և պահում է սոցիալական հեռավորություն, մենք ունենում ենք այնպիսի երկիր, որ թեստերի 5 %-ն է դրական լինում։ Մենք հասել ենք 30 %-ի, սա շատ բարձր է։ Տեղերը պետք են վիրավորներին պատշաճ օգնություն ցույց տալու համար։ Խնդրում եմ, կրեք դիմակներ։ Հնարավորության դեպքում պահպանեք հեռավորություն և անպայման ձեռքերը ախտահանեք»,- նշեց Վարդուհի Պետրոսյանը։

Այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1371-ով՝ ընդհանուր կազմելով 59995: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Առողջացել է 47119 քաղաքացի։

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»–ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter