HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պոմպեոն սկսեց խոսել, որովհետեւ ամերիկահայությանը հաջողվեց ղարաբաղյան հակամարտության թեման դարձնել ամերիկյան օրակարգի մաս»

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «WSB Atlanta» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական պատերազմին:

«Դա վտանգավոր է։ Այժմ թուրքերը մտել են այնտեղ եւ միջոցներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակի հզորությունն այն պատմական կռվում, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար՝ շուրջ 150.000 բնակչություն ունեցող փոքր, բայց շատ վիճելի տարածք»,- ասել է Պոմպեոն։

«Վերջին 1000 տարի՞ն»,- հարցրել է հաղորդավարը՝ նկատի ունենալով հակամարտության երկարատեւությունը։

«Այո, դա երկարատեւ կոնֆլիկտ է։ Դրա կարգավորումը պետք է տեղի ունենա բանակցությունների եւ խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված հակամարտության եւ, իհարկե, երրորդ կողմերի մասնակցությամբ, որոնք ներքաշվել են՝ տրամադրելու իրենց կրակային ուժը մի իրավիճակում, որն արդեն իսկ վառոդի տակառ է։ Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, ու մինչ դա տեղի կունենա, բոլորը կպահպանեն հրադադարի ռեժիմը եւ կնստեն սեղանի շուրջ ու կփորձեն կարգավորել խնդիրը, այսինքն՝ սա իսկապես պատմական եւ բարդ խնդիր է»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով Պոմպեոյի պատասխանին, նշում է, թե այդ հարցարզույցի ամենակարեւոր հատվածն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն ակնհայտորեն ճանաչում է, որ սա Ադրբեջանի հարձակումն է, եւ հստակ ասում է, որ հայերը պաշտպանվում են։ Երկրորդ կարեւոր արձանագրումը Թուրքիայի աջակցությունն է Ադրբեջանին, որը եւս խնդիր է դիտվում, իսկ երրորդը՝ քանի դեռ պատերազմը չի ավարտվել, բանակցությունները մեծ հաշվով անհնար են:

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Պոմպեոն սկսեց խոսել այս մասին, որովհետեւ նաեւ ամերիկահայությանը հաջողվեց ղարաբաղյան հակամարտության թեման դարձնել ամերիկյան ներքաղաքական օրակարգի մաս, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի պաշտոնական հայտարարությունը, որտեղ շատ հստակ եւ կոնկրետ քննադատում էր Թրամփի վարած քաղաքականությունը, ինչին երեկ մամուլի ասուլիսին պետքարտուղարը ստիպված եղավ արձագանքել, իսկ այսօր էլ՝ այս հարցազրույցի ընթացքում»,- ասում է Խառատյանը:

Վերջինս նկատում է, որ չնայած պաշտոնական Վաշինգտոնը միացել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությանը, ԱՄՆ-ն հստակ դիրքորոշում հայտնելու առումով խուսափողական է եղել: Ըստ Խառատյանի՝ Պոմպեոյի ասածը գուցե կարելի է նախադեպ համարել․ սա եթե ոչ առաջին հայամետ, ապա առաջին պաշտոնական հայտարարությունն է ամերիկյան իշխանության կողմից, որ պատերազմն սկսել են ադրբեջանցիները, եւ հայերը պաշտպանվող կողմ են:

Հարցին, թե ինչ ակնկալիք պետք է ունենալ ԱՄՆ պետքարտուղարի ասածից, Արսեն Խառատյանը պատասխանում է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է հնարավորինս ակտուալ պահել ամերիկյան ներքաղաքական օրակարգում: ԱՄՆ նախագահի ընտրություններին երկու շաբաթ է մնացել, եւ, ըստ մեր զրուցակցի, չնայած արտաքին քաղաքականությունը շատ մեծ ազդեցություն չունի միջին ընտրողի համար, այնուհանդերձ, բոլորին հասկանալի է, որ այդ հարցում դիրքորոշում հայտնելը նշանակելու է նաեւ հայերի քվեները հատկապես այն նահանգներում, որտեղ հաղթողը հստակ չէ: Խառատյանի ասելով՝ այդ նահանգներում հայկական ներկայությունը պետք է ակտիվ պահել, որպեսզի ամերիկյան ներգրավվածությունը պատերազմը դադարեցնելու հարցում շարունակի առավել կարեւոր լինել: «Պետք է ժամ չկորցնել ամերիկյան քաղաքական օրակարգում բարձրացնելու այդ հարցը»,- ասում է կոնֆլիկտաբանը:

Լուսանկարը՝ Saul Loeb/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter