
Բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց (լուսանկարներ)
Տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակի դիմաց ակցիա էին կազմակերպել ի նշան բողոքի, որ միջազգային կառույցը քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ։
Ակցիայի կազմակերպիչ Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել են հայ զինվորների դիակների անարգման և գերիների նկատմամբ խոշտանգումները հավաստող փաստեր, իսկ ՄԱԿ-ը լռում է։ Միջազգային կազմակերպության լռությունը զայրացրել է հավաքի մասնակիցներին, բացի լռությունից` վրդովեցրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանում խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը ՄԱԿ-ը դատապարտել է, իսկ Արցախում տեղի ունեցողը չեն նկատում։ «Մենք փաստեր ենք բերել ՄԱԿ-ի գրասենյակ։ Ի լուր աշխարհի պետք է ցույց տանք, որ ոտնահարվում է մի ամբողջ ազգի իրավունք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմինե Մելքոնյնաը։
Հավաքի մասնակիցներից Համլետ Դանիելյանն էլ հայտարարեց, որ ՄԱԿ-ն իր խաղաղասիրական առաքելությունը չի իրականացնում։ «Ես ուզում եմ, որ այստեղ գա ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանատու մարդ և մեզ ասի՝ ոնց է ընթացակարգը, որ անվտանգության խորհրդի նիստ տեղի ունենա, այս հարցը դրվի քննարկման»,–-նշեց Դանիելյանը։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը տարիներ առաջ համագործակցել է ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամի հետ, նկատեց, որ չի հասկանում ՅՈւՆԻՍԵՖ–ի լռությունը, երբ ոտնահարվում է արցախցի երեխաների կրթության իրավունքը։ «Այնտեղ լավ գործընկերներ եմ ունեցել, այսօր ուղղակի ուզում եմ բոլորին ասել՝ ամոթ ձեզ։ Տարիներ շարունակ, փաստորեն, կեղծիքով եք զբաղվել և այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե դուք մեր երեխաների իրավունքներն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել։ Ուշքի եկեք, խելքի եկեք»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը։
Բժշկական համալսարանի ուսանող Վահե Գրիգորյանն ակցիայի ժամանակ պառտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ–ի կողմից իրեն տրված վկայականը։ Ուսանողն իր այդ քայլը բացատրեց նրանով, որ իրեն տրամադրված շնորհակալագիրը պետք չէ, քանի որ ՄԱԿ-ի արժեքները կեղծ են։ «ՅՈւՆԻՍԵՖ–ի շնորհակալագրերը մեզ պետք չեն, քանի որ իրենց արժեքները կեղծ են։ Հիմա Արցախից 24 հազար երեխա զրկված է իր հիմնարար իրավունքներից՝ կրթության, ազատ ապրելու իրավունքից, իրենց ընտանիքների հետ ապրելու իրավունքից։ ՄԱԿ–ը, կոչերից բացի, ոչինչ չի անում։ Ժամանակն է գործելու»,- ասաց ուսանողը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին լսելու նպատակով ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի անվտանգության հարցերով խորհրդատու Ինք Փենիլայը դուր եկավ ՄԱԿ-ի գրասենյակի շենքից։ Ակցիայի մասնակիցներին լսելուց հետո ասաց, որ ինքը տեղյակ է, թե ինչ է կատարվում Արցախում, բայց ոչինչ չի կարող անել։ Այս պատասխանն առաջացրեց ակցիայի մասնակիցների դժգոհությունը։
Մեկնաբանել