HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ռուսաստանն արգելել է թուրքական մոտ 160 տոննա մրգի ներկրումը

Արցախա-ադրբեջանական պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանն արգելել է Թուրքիայից ներկրված մոտ 160 տոննա մրգի մուտքը ռուսական շուկա՝ հայտարարելով, որ դրանց մեջ առկա են բուսասանիտարական նորմերի խախտումներ։

«Հետք»-ն ուսումնասիրել է, թե պատերազմի ընթացքում թուրքական որ մրգերի ներկրումն է արգելել Ռուսաստանը և կոնկրետ ինչ պատճառներով։

 

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՌԴ Տուապսե քաղաքի ծովային նավահանգստում, «Ռոսսելխոզնադզոր»-ի Հարավային միջտարածաշրջանային կառավարման մասնագետները Թուրքիայից բերված 21,808 տոննա նռան երկու խմբաքանակում կարանտինային օբյեկտներ են հայտնաբերել, մասնավորապես՝ միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)։ Այդ խմբաքանակի ներկրումը ՌԴ արգելվել է։ 

Միջերկրածովյան մրգերի ճանճ - դեղին և շագանակագույն վնասատու է, որը ծագում է Սահարայից՝ Աֆրիկայից: Համարվում է մրգերի համար աշխարհի ամենաքայքայող վնասատուներից մեկը: 

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին, «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջտարածաշրջանային կառավարման մասնագետները Թուրքիայից բերված 68,87 տոննա ընդհանուր քաշով թարմ մանդարինի մի քանի խմբաքանակ ստուգելիս դարձյալ հայտնաբերել են նույն կարանտինային օբյեկտը՝ միջերկրածովյան մրգերի ճանճը։ Մանդարինը, որը պետք է ուղարկվեր Մոսկվա, Կրասնոդար և Նովոռոսիյսկ, վերադարձվել է Թուրքիա։

Հոկտեմբերի 13-ին, դարձյալ Տուապսե քաղաքի ծովային նավահանգստում Թուրքիայից բերված 5,92 տոննա նռան մեջ է հայտնաբերվել կարանտինային օբյեկտ՝ նույն միջերկրածովային ճանճը՝ կենդանի վիճակում, ինչից հետո այդ խմբաքանակի մուտքը ՌԴ ևս արգելվել է։

Հոկտեմբերի 12-ին նույն նավահանգստում արգելվել է Թուրքիայից բերված 18,86 տոննա թարմ տանձերի ներկրումը ՌԴ։ Դրանց մեջ դարձյալ հայտնաբերվել է միջերկրածովյան ճանճ։ Խմբաքանակն ամբողջությամբ հետ է ուղարկվել։

Հոկտեմբերի 7-ին դարձյալ Տուապսեի նավահանգստում Թուրքիայից բերված 20,5 տոննա մանդարինի մեջ «Ռոսսելխոզնադզոր»-ի Հարավային միջտարածաշրջանային կառավարման մասնագետները հայտնաբերել են նույն միջերկրածովյան ճանճը՝ կենդանի վիճակում, և արգելել են այդ խմբաքանակի ներկրումը։

Հոկտեմբերի 1-ին Տուապսեի նավահանգստում արգելվել է Թուրքիայից բերած 22 տոննա խաղողի ներկրումը։ Այդ խմբաքանակի մեջ Ռոսսելխոզնադզորի մասնագետները հայտնաբերել են արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային թրիփս (Frankliniella occidentalis) և արգելել դրա մուտքը ՌԴ։

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի 1-15-ը Ռուսաստանն արգելել է 157,96 տոննա թուրքական մրգի ներկրումը։ Ամենամեծ խմբաքանակը եղել է մանդարինինը՝ 89,4 տոննա (57 %), ամենափոքրը՝ տանձինը՝ 18,9 տոննա (12 %)։ Մեծ մասամբ՝ թուրքական մրգերի վրա արգելք դրվել է Կրասնոդարի երկրամասի մաքսակետերում։

Թուրքական մրգերի արգելքը
Infogram

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ նրանք վայելում են Թուրքիայի բացահայտ աջակցությունն ու հովանավորությունը, Հայաստանում, ապա նաև մի շարք այլ երկրներում թափ առավ «բոյկոտել թուրքականը» շարժումը, որով առաջարկվում է հրաժարվել թուրքական արտադրության բոլոր ապրանքների ներկրումից և վաճառքից։

Իսկ այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրեց, որ մշակվել է նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է 6 ամսով էմբարգո սահմանել՝ արգելելով թուրքական ապրանքների ներկրումը։ Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020թ. դեկտեմբերի 31-ից։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Թուրքիան հրաժարվել էր Հայաստանի Քաղաքացիական ավիացիային տրամադրել իր օդային տարածքը՝ Հայաստան հումանիտար օգնություն տեղափոխելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter