HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են

Հայաստանի գերխոշոր տասը հարկատուներից երկուսն այս տարվա ինն ամիսների տվյալներով (2020թ. հունվար-սեպտեմբեր) հանքարդյունաբերության ոլորտից են։ Հանքարդյունաբերողների ենք հանդիպում նաև խոշորների ցանկի ավելի ցածր հորիզոնականներում։ Ընդհանուր առմամբ, ինն ամիսների տվյալներով հինգ հանքարդյունաբերողների դեպքում է հարկերի ծավալը գերազանցել 1 մլրդ դրամը։ Նրանցից երեքի հարկերը զգալի նվազել են, երկուսինն՝ աճել։

Ոլորտի առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոիլբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Թեղուտը», «Չաարատ Կապանը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հունվար-սեպտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը զգալի պակասել են։  Ինն ամսում պետական բյուջե է վճարել 31.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22.9%-ով կրճատվել է։

Երկրորդ խոշոր հանքարդյունաբերող հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է։ Այն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 16.3 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 29.9%-ով։ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Գեոպրոմայնինգ Գոլդը» 4-րդ տեղում է։

Հանքարդյունաբերության երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է։ Շահագործում է Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը։ Վճարել է 2.9 մլրդ դրամի հարկ, աճը՝ 5.5 անգամ։ Հանքավայրը շահագործվել է 2014 դեկտեմբերից մինչև 2018 թվականը։ Դրանից հետո՝ շուրջ 1.5 տարի դադար է եղել, որն, ըստ ընկերության հայտարարությունների, պայմանավորված էր հարստացուցիչ կոմբինատի ամբողջական վերագործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկվել է 2019 թ. հուլիսին, որից հետո աճել են ինչպես արդյունահանման, այնպես էլ՝ հարկերի ծավալները։

«Թեղուտը» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը։

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (նախկինում՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ևս խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը խոշորների ցանկում այս տարվա հունվար-սեպտեմբերին զբաղեցրել է 117-րդ տեղը՝ 1.15 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը կրկնակի նվազել են։ «Չաարատ Կապանը» շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

Ոլորտի հինգերորդ խոշոր հարկատուն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Հարկերի ծավալը կազմել է 1.1 մլրդ դրամ՝ կրճատվելով 19.4%-ով։ Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործողն է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը։

Այսպիսով, հանքարդյունաբերության հինգ ամենախոշոր հարկատուները 2020 թվականի առաջին ինը ամիսներին շուրջ 53 մլրդ դրամի հարկ են վճարել։ Դա կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 7.3%-ը։

Բացի վերը նշվածները, ևս մի քանի հանքարդյունաբերողներ տեղ են զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն, նրանց վճարած հարկերի ծավալն ինն ամսում չի գերազանցել մեկ միլիարդ դրամը, հետևաբար՝ այդ ընկերությունները բարձր հորիզոնականներում չեն։ Նրանց շարքում են «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ՍՊԸ-ն (188-րդ տեղ, 668 մլն դրամ), որը գրանցված է Քաջարանում, աշխատում է ԶՊՄԿ-ի հետ, զբաղվում է հանքահումքի փոխադրմամբ։

Խոշորների ցանկում են նաև հայտնի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (799-րդ տեղ, 146.5 մլն դրամ), «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (370-րդ տեղ, 339 մլն դրամ), ինչպես նաև այնպիսի ընկերություններ, որոնք թեև չեն համարվում հանքարդյունահանողներ, սակայն զբաղվում եմ մշակող արդյունաբերությամբ՝ վերամշակելով հանքերից ստացվող հումքը։ Նրանցից ամենաշատ հարկ վճարողներից են մոլիբդենի խտանյութ վերամշակող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն (55-րդ տեղ, 2.2 մլրդ դրամ) և «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն (109-րդ տեղ, 1.3 մլրդ դրամ), որոնք մշակում են ԶՊՄԿ-ից ստացվող հումքը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոսին հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 251 մլրդ դրամ, որը 2019 թվականի նույն ամիսների համեմատ 17.3%-ով ավելացել է։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին ինն ամիսներին (2020թ. հունվար-սեպտեմբեր) միասին պետական բյուջե են վճարել շուրջ 721.4 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների վերլուծությունը, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 5.6%-ով կամ 43.2 մլրդ դրամով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter