
Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան դիմաց (լուսանկարներ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց և պահանջում էին, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Արցախի անկախությունը։
Ակցիայի կազմակերպիչ Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ չեն պատրաստվում նամակ հանձնել դեսպանատանը, այլ պահանջում են հստակ գնահատական Արցախում կատարվող իրադարձություններին։ «Բավական է ջայլամային քաղաքականությամբ գլուխը մտցնել հողի մեջ և անտեսել մի ամբողջ ժողովրդի»,- հայտարարեց Արմինե Մելքոնյանը։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը միացել է ցուցարարներին, հայտարարեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարող է մեծ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա հիշեցրեց, որ այսօր սպասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որտեղ համանախագահների դիրքորոշումը չափազանց կարևոր է։ Ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ մյուս համանախագահ երկրներից նախկին պատգամավորը պահանջում է հավասարության նշան չդնել հակամարտության կողմերի գործողությունները գնահատելիս։
«Մենք պահանջում ենք ԱՄՆ-ից, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը»,- ասաց Անահիտ Բախշյանը։ Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում պատերազմական օրերին ԱՄՆ-ի վարքագիծը, նա պատասխանեց, որ Միացյալ Նահանգների վարքագիծը չի տեսնում, ուր մնաց գնահատի այն։ Անահիտ Բախշյանը բավարար չի համարում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները։
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններում ծառայություն անցկացրած նախկին զինվորական Արման Նիկոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերն ու ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը, որը հասնելու է նաև Եվրոպա, ԱՄՆ և ՆԱՏՕ–ի անդամ այլ երկրներ։
«Չի բացառվում, որ Թուրքիայի անձնագրերով ահաբեկիչները ներթափանցեն նաև ՆԱՏՕ–ի բազաներ։ Այսօր վտանգված են նաև ՆԱՏՕ–ի զինծառայողները»,– հայտարարեց նախկին զինծառայողը՝ կոչ անելով ՆԱՏՕ–ի անձնակազմին ուշադրություն դարձնել ահաբեկչական խմբերին։
Հավաքի մասնակիցներից Արսեն Վարդանյանը, Արմինե Մելքոնյանը Անահիտ Բախշյանը հանդիպեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական գծով ներկայացուցչի հետ։ Վերջինս լսել է բողոքի ակցիայի մասնակիցներին և խոստացել վաղը գրություն ուղարկել Վաշինգտոն, որում կնկարագրի իրավիճակը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ԱՄՆ դեսպանատան մոտից երթով շարժեցին ԵՄ-ի երևանյան գրասենյակ։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել