HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարար. «Միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների արձագանքը, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում»

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին մեկ սեղանի շուրջ հրավիրելու առնչությամբ:

Այս մասին խորհրդարանում հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, չի բացառվում նաև ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը:

«Շատ կարևոր է այն առումով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչ այժմ առավել ակտիվ է Ռուսաստանը: Հրադադարի  հաստատման երկրորդ փորձն առաջ էր տարել ֆրանսիական կողմը, հիմա ամերիկյան կողմի միանալը շատ կարևոր է: Տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է` ոչ միայն հրադադար հայտարարվի, այլև պաշտպանվի, և պատահական չէ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում հենց այդ հարցը քննարկվել է` հրադադարը պետք է երաշխավորված լինի»,- ասաց Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը գոհ է միջազգային կառույցների արձագանքից, փոխնախարարը պատասխանեց` ոչ բոլոր արձագանքներն են գոհացուցիչ, սակայն կարևոր է նաև, որ Հայաստանի դիրքորոշումը ևս հստակ արտահայտվի: ԱԳ փոխնախարարի խոսքով` բավարար չի կարելի համարել այն արձագանքները, որոնք Արցախը դիտարկում են որպես տարածք, որի բնակչությունը չի կարողանում օգտվել տարրական մարդկային իրավունքներից միայն այն պատճառով, որ երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ:

«Եթե դիտարկում ենք թե աշխարհը ինչի է լռում, պետք է հիշենք, որ 90-ականներին վիճակը շատ ավելի վատ էր, բայց անկախ ամեն ինչից մենք պատվով դուրս եկանք: Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների արձագանքը, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Եթե խոսքը քո անվտանգության պաշտպանության մասին է, առաջին հերթին քո պարտքն է, եթե հույսդ դնում ես, որ օտարը կօգնի, դատապարտված ես»,- ասաց Քոչարյանը: Փոխնախարարը նաև հավելեց`այս պատերազմում Թուրքիայի կողմից բացահայտ կերպով մեծ դերակատարում ունենալը խոսում է հնարավոր ցեղասպանության վտանգի մասին:

«Չպետք է աջուձախ նայենք, այլ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպություններն ու երկրները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում, փոխնախարարն արձագանքեց` բացահայտ ագրեսիա պետք է լինի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ին դիմելու համար: Այժմ այդ մասին խոսելը վաղ է:

«Եթե ունես փամփուշտ, որը կարող ես կրակել, պետք է օգտագործես  այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»,- եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը:

Տեղեկացնենք, որ Շավարշ Քոչարյանը խորհրդարան էր եկել ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ դռնփակ հանդիպման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter