HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Արդեն մեկ տասնյակից ավելի «Բայրաքթար» է խոցվել»

Իրավիճակը ռազմաճակատում լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին։ «Մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը մեր հրամանատարությունը շատ լավ պատկերացնում է»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ամփոփելով օրը՝ ՊՆ ներկայացուցիչը ասաց՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ։ Առավել համառ մարտեր են ընթացել հարավային ողղությամբ։ Այդ մարտերի ընթացքում հայկական զինված ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհ և նրանց հետ շպրտել ելման բնագծեր։

Օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Արդեն մեկ տասնյակից ավելի «Բայրաքթար» է խոցվել։

Ժամեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ 170-ից ավելի զինծառայող փրկվել է։ Արծրուն Հովհաննիսյանը դա ապատեղեկատվություն որակեց։ «Երեկ էլ, այսօր էլ լինում են դեպքեր, երբ մեր զորքերի առաջախաղացման ժամանակ առանձին խմբեր կամ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ, հայտնվել են ինչ-որ տեղ, ծուղակում են եղել, մոլորվել են, գերությունից փրկվել են, դուրս են եկել։ Բայց այդպիսի քանակ չի եղել»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը քաղաքացիներին հորդորեց նաև չտրվել ապատեղեկատվության այն հոսքերին, որ ադրբեջանական զինված ուժերը գրավում են հայկական բնակավայրեր։ Ասաց՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են մեծ ռազմաճակատային բնակավայրեր, որտեղ բնակիչներ չեն լինում, կամ վաղուց բնակեցված չեն, նկարահանում են և տարածում։ Այդ տեսանյութերն առաջին հերթին նախատեսված են իրենց հանրությանը մոլորեցնելու համար, բայց շատ հաճախ ազդում են նաև Հայաստանի բնակիչների վրա։

«Մտնելու են, փորձելու են, եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ այդ տեղանքներում, իրենց համար դժոխք է լինելու, ինչպես և լինում է։ Պատերազմի ժամանակ լինում են նահանջներ։ Նահանջը խուսավարման ձև է։ Նահանջ լինում է նաև միտումնավոր, հակահարձակման, հարձակման կամ ծուղակ գցելու նպատակով»,-ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երբեմն զինծառայողները կարող են չհասկանալ վերադասի՝ նահանջ կատարելու որոշումը, նրանց կարող է թվալ դա ստորացուցիչ կամ ծանր քայլ, բայց եթե վերադասը հստակ օպերացիայի պլան ունի, պետք է նաև նահանջել առավել լավ հարձակում կազմակերպելու, հակառակորդին ծուղակը գցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter