HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը հիվանդությունների բռնկման հանգեցնի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա: «Եթե անձը չի մահացել խիստ վարակիչ հիվանդությունից, հասարակության համար ռիսկն աննշան է»,-այս մասին «Հետքին» հայտնել են կազմակերպության տարածաշրջանային գրասենյակից՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչ առողջապահական ռիսկեր է պարունակում հակամարտության գոտում դիակները թողնելը։ 

ԱՀԿ-ն ընդգծել է, որ որոշակի հանգամանքներում դիակների առկայությունը կարող է դիարեայի (փորլուծություն) վտանգ առաջացնել, օրինակ՝ այն դեպքում, երբ մարդիկ խմեն դիակների կղանքից աղտոտված ջուրը։ Սակայն, ըստ կազմակերպության, խմելու ջրի սովորական վարակազերծումը բավարար է ջրային հիվանդությունները կանխելու համար:

«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է զինված հակամարտությունները, հակամարտոող կողմերը պարտավոր են հավաքել և տարհանել զոհվածներին` առանց տարբերակելու, թե որ կողմի համար են նրանք պայքարել:

Մահացածների արժանապատվությունը, նրանց մշակութային և կրոնական ավանդույթները և նրանց ընտանիքները պետք է հարգվեն և պաշտպանվեն»,-ընդգծել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակից։

ԱՀԿ-ից հայտնել են նաև, որ խորապես մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմամբ և դրա անմիջական, անուղղակի ազդեցությամբ ինչպես երկու երկրների, այնպես էլ դրանից դուրս բնակչության համար: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից ռազմական գործողություններ են ծավալվում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, եւ զինադադարի հաստատման երկու ձախողված փորձից հետո հակամարտության գոտում բազմաթիվ դիակներ կան, որոնք հնարավոր չի լինում դուրս բերել։  

Չնայած ԱՀԿ-ի կարծիքին, Հայաստանի առողջապահության նախարարությունը մտահոգիչ է համարել ստեղծված իրադրությունը։ Նախարարությունը նշել է, որ զոհվածների մարմինները դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների, վայրի կենդանիների սնվելու, բազմանալու բարենպաստ միջավայր։ Իսկ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը կստեղծի բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։

Ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter