HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Սպանելով լրագրողին` դուք չեք սպանում նրա գործը». ինչ է փոխվել Մալթայում հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունից երեք տարի անց

Երեք տարի առաջ Կորին Վելան ստացավ մի զանգ, որը հավերժ փոխեց նրա ընտանիքը, կյանքը և նույնիսկ հայրենիքը՝ միջերկրածովյան Մալթան։ «Ժամանի՛ր։ Պայթյուն է տեղի ունեցել»,- հեռախոսով նրան ասել է զարմիկը՝ Մեթյուն։  Այսպես Կորին իմացավ իր քրոջ՝ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մահվան մասին։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ին փորձել է հասկանալ, թե արդյոք հայտնի հետաքննող լրագրողի սպանությունը փոփոխություններ է արել Մալթայում։

Կարուանա Գալիցիան սպանվել է իր սեփական տնից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս պատահարը ցնցել է Մալթան և հավետ փոխել երկրի քաղաքական համակարգը։ Այն ապացուցեց, որ ԵՄ տարածքում նախկինի պես ծաղկում է հանցավորությունը և կոռուպցիան։ Նրա մահը նաև ցույց տվեց, թե ինչ վտանգ է սպառնում լրագրողներին, որոնք հետաքննում են հարուստների և ազդեցիկ մարդկանց անօրինական գործունեությունը։ Սակայն եթե նպատակը Կարուանա Գալիցիային լռեցնելն էր, ապա ծրագիրը ձախողվել է։

Լրագրողի մահվանից հետո՝ մալթայական հանցավորության վերաբերյալ նրա բազմաթիվ հրապարակումները, այդ թվում փողերի լվացման, թմրավաճառության և կաշառակերության վերաբերյալ, ավելի շատ մարդ է կարդացել, քան երբևէ։ «Դաֆնե» նախագծին միացել են 18 ԶԼՄ-ների տասնյակ լրագրողներ։ Նրանք շարունակում են Կարուանա Գալիցիայի գործը և փորձում պարզել նրա սպանության ճշմարտությունը։

Հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանը սահմանել է Դաֆնե Կարաունա Գալիցիայի անվան մրցանակ, որը տրվելու է լրագրողական արժեքավոր նյութերի համար՝ «հիմնված ԵՄ սկզբունքների և արժեքների վրա»։ OCCRP-ին Կորին Վելան հայտնել է, որ լրագրության մասշտաբները և մակարդակը բարձրացել է։ «Դաֆնեի աշխատանքը շարունակվում է, և կազմակերպված հանցավորությունը հասկանում է, որ սպանելով լրագրողին, դուք չեք սպանում նրա գործը»,- հավելել է նա։

Անցել է արդեն երեք տարի, սակայն որևէ մեկը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել Կարուանա Գալիցիայի սպանության համար։ Նախկինի պես առկա են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են նրա մահվան հանգամանքներին։ 

Մահվանից մի քանի շաբաթ անց, կասկածյալ հանդիսացող երեք վարձկաններին ռումբի տեղադրման համար մեղադրանք է առաջադրվել, որոնք չեն ընդունել իրենց մեղքը։ 2019 թվականի նոյեմբերին Մալթայի իշխանությունները ձերբակալել են գործարար Յորգեն Ֆենեչին, երբ նա իր շքեղ զբոսանավով փորձում էր լքել երկիրը։ Նա մեղադրվում է հետաքննող լրագրողի սպանության կազմակերպման մեջ, որն իրականացվել է նախկին վարչապետ Ջոզեֆ Մուսկատի մերձավոր շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ։ Ֆենեչին մատնացույց է արել ենթադրյալ միջնորդ և լրագրողի սպանության գործով հիմնական վկաներից Մելվին Տեուման։ Հետաքննության հետ համագործակցության համար՝ նա ստացել է նախագահական ներում։ Հուլիսին Տեումային արնաքամ վիճակում հայտնաբերել են սեփական բնակարանում։ Նախօրեին նա ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն կարողացել է ողջ մնալ և հանդես գալ դատարանում՝ Մալթայի պատմության ամենաաղմկոտ գործերից մեկի շրջանակներում:

Տեուման պնդում է, որ Ֆենեչն իրեն հրամայել է վարձու մարդասպաններ վարձել, որոնք, իբր, տեղադրել են ռումբը։ Այդ վարձու մարդասպանները եղել են Վինսենտ Մուսկատը և Ջորջ ու Ալֆրեդ Դեջորջիո եղբայրները։ Համաձայն նրա ցուցմունքների՝ պայթուցիկ սարքը տրամադրել է այն հանցավոր ցանցը, որին անդամակցել են ենթադրյալ վարձու մարդասպանները։ Ցանցը ղեկավարում են Ադրիան և Ռոբերտ Ագիուս եղբայրները, որոնք, հավանաբար, հանդիսանում են նմանատիպ մի քանի սպանությունների պատվիրատուներ։

«Դաֆնե» ծրագրի մյուս մասնակիցները լրագրողի սպանության տարելիցին հրապարակել են նոր նյութեր։ Շվեյցարական Tages Anzeiger թերթը գրել է, որ Ֆենեչն ունի գաղտնի կազմակերպություն, որը գումարներ է ստացել ադրբեջանական նավթային մագնատ Ռովշան Թամրազովից։ Ֆրանսիական Le Monde պարբերականի հրապարակած նյութն էլ մանրամասն պատմում էր, թե ինչպես է Ֆենեչը, ենթադրաբար, պլանավորել Կարուանա Գալիցիայի սպանությունը։ Համաձայն հոդվածի՝ սպանության պատճառը եղել է այն հանգամանքը, որ լրագրող տվյալներ է սկսել հավաքել Ֆենեչի կողմից վերահսկվող Electrogas ընկերության վերաբերյալ։

Ֆենեչի փաստաբանները «Դաֆնե» նախագծի լրագրողներին հայտնել են, որ իրենց հաճախորդը որևէ կապ չունի սպանության հետ։ Նրանք պնդել են, որ Տեումայի վկայություններն անհուսալի են։ «Մենք բացարձակապես վստահ ենք, որ արդար դատաքննությունը ... կապացուցի նրա պնդումների անհիմն լինելը»,- նշել են փաստաբանները։

«Դաֆնե» ծրագրի շրջանակներում OCCRP-ն արդեն իսկ հրապարակել է մի քանի հետաքննություններ, որոնք կապված են Կարուանա Գալիցիայի սպանության հետ։ 

Մալթայում, սակայն, սկսել են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ։ «Դաֆնեի մահը ստիպել է Մալթայի իշխանություններին անցնել ակտիվ գործողությունների»,- նշում է «Դաֆնե» ծրագրի համակարգող Արթուր Բուվարը։ Նա կարծում է, որ լրագրողի սպանությունը նպաստել է քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Նախորդ տարի Մալթան զգացել է հանրային ցասման ուժը։ Երկրի մայրաքաղաք Վալետայի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։ Երկրում տիրող անօրինությունների դեմ բողոքող մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք վարչապետ Ջոզեֆ Մուսկատի աշխատասենյակի պատուհանների տակ բղավել են. «Մաֆիա՜, մաֆիա՜»։ 2020 թվականի հունվարին Մուսկատը հրաժարական է տվել։

Մալթայի ուսանողական խորհրդի գլխավոր քարտուղար Ջուլիա Չինին, որը մասնակցել է բողոքի ցույցերի կազմակերպմանը, նշում է, որ Կարուանա Գալիցիան երիտասարդների մեջից հանել է վախը։ Ըստ նրա՝ առաջնորդների ապագա սերունդը չի դադարեցնի պայքարել ճշմարտության և արդարության համար։ «Գործը շարունակում են լրագրողները։ Նրանք հետաքննում և բացահայտում են պատմություններ, որոնք ազդեցիկ մարդիկ կնախընտրեին գաղտնի պահել»,- հավելել է նա։

Կորին Վելան զգուշավոր լավատեսություն է հայտնում Մալթայի ապագայի վերաբերյալ և հույս ունի, որ իր քրոջ մահը ապարդյուն չէր: Նա նշում է, որ մարդիկ այլևս չեն կարողանա ժխտել կոռուպցիայի գոյությունը։ «Փոփոխություններն արդեն տեսանելի են, սակայն առջևում դեռ շատ աշխատանք կա»,- կարծում է Վելան։

Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականի ապրիլին Կարուանա Գալիցիան իր բլոգում գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Al Sahra FZCO ընկերությունից, որը գրանցված է Դուբայի ազատ տնտեսական գոտում, վարկային վճարների անվան տակ գումարներ է փոխանցվել պանամական օֆշորներում գրանցված Hearnville Inc., Tillgate Inc. և Egrant Inc. ընկերություններին: Հաջորդ օրը լրագրողը հայտարարեց, որ մալթական Pilatus բանկում փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, թե Egrant Inc. ընկերության սեփականատերը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կինն է՝ Միշել Մուսկատը, սակայն ամուսինները հերքել էին իրենց անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին ցանկացած տեղեկություն:

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter