HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ մասին ես լռում, գառն Աստծո` AGNUS DEI

Մեծ եղեռնից հետո մենք` հայերս, պատմական ճշմարտության վերականգնման երկար ճանապարհ ենք անցել. պատմագրություն, դիվանագիտություն, լոբբիզմ: Լավ գիտենալով մշակույթի ուժը, մեր հանդեպ կատարված պետական հանցագործության մասին խոսել ենք նաև այդ լեզվով: Իհարկե այս հարցում նաև որոշ վրիպումներ ենք ունեցել. միշտ չէ, որ նկատի ենք ունեցել աշխարհին  հասանելի ու հասկանալի լինելու կարևոր հանգամանքը: Մինչդեռ մշակութային հեռահար քաղաքականություն վարելու դեպքում մենք գուցեև դանդաղ, բայց հիմնավորապես բազմապատկվող դիվանագիտական ձեռքբերումներ կունենայինք, քանի որ առհասարակ վավերագրությունն ավելի է վիճարկվում, քան գեղարվեստը:

Այսօր` Հայոց եղեռնի հարյուրամյակի շեմին, մենք ամբողջ աշխարհում հասարակական կարծիքի ձևավորման խնդիր ունենք: Խոսքս վերաբերում է անգամ այն երկրների ժողովրդներին, որոնց կառավարությունն ընդունել է հայերի ցեղասպանությունը: Ուրուգվայցուց մինչև ֆրանսիացի ու գերմանացի, դեռ լսելիք ունեն մեզանից, և որ կարևոր է` մի լեզվով, որը հասանելի լինի բոլորին: Եվ Աստծո բարեհաճությունը չէ՞, արդյոք, որ ճիշտ ժամանակին մենք ունեցանք արվեստի մի այնպիսի գործ, որը բազում դիվանագիտական նախաձեռնություն արժե:  

Խոսքս Տիգրան Մանսուրյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերում: Քառասունհինգ րոպեանոց այդ երաժշտական մեծակտավ երկը մաեստրոյի կյանքի տասը տարին է արժեցել, եթե նկատի ունենանք պրպտումների ամբողջ նախնական փուլը, աշխարհի մեծ թվով ռեքվիեմների խորքային ուսումնասիրության ընթացքը, նաև իր ստեղծած ու կիսատ թողած տարբերակները, որոնք ճանապարհ են բացել այն ստեղծագործության համար, որն առաջին անգամ հնչեց 2011-ի նոյեմբերին` Գերմանիայում: Ռեքվիեմ գրելու միտքը վաղուց էր զբաղեցրել Մանսուրյանին, երբ ստացավ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի «Ռիաս» կամերային երգչախմբի պատվերը:

Այն տարիներին, երբ Մանսուրյանն աշխատում էր «Ռեքվիեմ»-ի վրա, հաճախ եմ այցելել նրան ու ականատես եղել նրա ստեղծագործական մտահոգություններին ու պրպտումներին: Հասկանալի է` այդպիսի մի երկ կայացնելը պարզ ու դյուրին  գործ չէր: Պետք էր մտնել կաթոլիկ եկեղեցու լատինատառ կանոնական տեքստի հիման վրա ստեղծված բազմաթիվ ռեքվիեմների աշխարհը, նաև խորապես ճանաչել այն ռեքվիեմները, որոնք կանոնական տեքստով չեն գոյացել:

Այս բնագավառում բոլորը գիտեն Մոցարտի, Վերդիի, Բրամսի կոթողները: Խնդիր էր մտնել այդ աշխարհն ու այնտեղից դուրս բերել առաջին հայկական ռեքվիեմը` ստեղծված լատինատառ կանոնական տեքստի վրա, որը պիտի միաժամանակ ներառի թե'  հայ հոգևոր երաժշտության դարավոր փորձը, թե'  հավատացյալ հայ մարդու հոգեբանությունը: Եթե համաձայնենք, որ ամեն մի արարողակարգ իր ներսում թատերականության որոշ տարրեր է պարունակում, պիտի ընդունենք, որ ռեքվիեմի մեջ այն նույնպես ներկա է: Դրանով են պայմանավորված վախի ու խնդրանքի, լացի ու հիացումի արտահայտությունները ռեքվիեմում, որոնց համարժեք երաժշտական մարմնավորումն իր հավաստիացումը պետք է ստանար  մեր դարավոր ավանդույթների ու ծիսակարգերի խորքում:

Բավական է ասել, որ հզոր պետականություն և դրանից բխող ապահովությունն ունեցող երկրի զավակը Աստծուն իր աղերսը ներկայացնելիս հոգեբանորեն տարբերվում է այն մարդուց, որը զուրկ է իր երկրի ամրությամբ պայմանավորված ապահովության զգացողությունից: Մի խոսքով` պետք էր կատարել գերմանացիների պատվերը և միաժամանակ իրականացնել սեփական երազանքը, ստեղծել իրոք հայկական ռեքվիեմ: Շատ կարևոր էր այն, որ ռեքվիեմը նվիրված էր լինելու Հայոց ցեղասպանությանը: Մանսուրյանի ընտանիքի անդամներն էլ այդ միլիոնավոր զոհերի մեջ էին, և  համազգային ցավն արտահայտող երաժշտական կտավի վրա կամա, թե ակամա կդրոշմվեին անձնական վշտի  արտահայտությունները:    

Այսպես, Մանսուրյանի համար փաստորեն լուծված էր ինչ անելու խնդիրը: Մնում էր լուծել այն խնդիրը, թե ով է այս ռեքվիեմը երգողը: Ու նա գտավ իրենց  կոնկրետության մեջ տեսանելի, ընկալելի «հերոսներին»: Դրանք հայկական մանրանկարչության մեջ պատկերված, ինչպես ինքն է ասում` սև հոնքերով, կլոր աչքերով կերպարներն են, որոնք ապրում են իրենց խաղաղ միամտության, երբեմն խորախորհուրդ լռության մեջ: Այդ կերպարների նախնին կարծես թե չի խաբվել օձից: Այդաստիճան խոնարհության կողքին մեղքը չի կարող տեղ ունենալ: Ուրիշ էլ ո՞ւմ, եթե ոչ նման  կերպարներին կարելի է վստահել երգեցողությունը,  ուր լատիներենը  եկել է հյուսվելու հայ մելոսին` ասելու համար` Agnus Dei, այսինքն` Գառն Աստծո:  Եվ հենց այստեղ էր, որ սկիզբ առավ ո'չ բուն կաթոլիկականը, ո'չ բուն հայկականը, ոչ էլ անգամ նրանց սինթեզը, այլ մի բոլորովին նոր արժեք, որի մեկնաբանումն, իհարկե, երաժշտագետների անելիքն է, բայց մի բան միանշանակ է. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի տեքստը լատիներեն է, պատվիրված է գերմանացիների կողմից (ըստ պայմանագրի` մեկուկես տարի այն իրավունք ունեն կատարելու միայն պատվիրատուները` Մյունխենի կամերային նվագախումբն ու Բեռլինի «Ռիաս» կամերային երգչախումբը), բայց, այնուամենայնիվ, այս «Ռեքվիեմ»-ը մտավ և' համաշխարհային, և' հայ երաժշտության գանձարան:  

Իսկ հիմա` մի փոքր անդրադարձ այն մասին, թե ինչպես է ներկայացվել Մանսուրյանի ռեքվիեմը Բեռլինում: Գլխավոր փորձից հետո գերմանացի երիտասարդները մեկուկես ժամ զրուցել են Մանսուրյանի հետ` մաեստրոյի ռեքվիեմի, ինչպես նաև այդ աշխատանքը 97 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնելու, Հայաստանի անցյալի ու ներկայի մասին: Համերգի օրը, նախքան կհնչեր ռեքվիեմը, բեռլինցի դպրոցահասակ երեխաները կեսժամանոց ներկայացմամբ ունկնդրին նախապատրաստել են լսելու հնչելիք ստեղծագործությունը. ծանոթացրել են հայոց պատմությանը,  մանրանկարչությանը: Դրանից հետո միայն հնչել է ռեքվիեմը: Ծափահարությունները պարզապես չէին դադարում: Համերգի հաջորդ օրը Բեռլինի ռադիոկայանով հեռարձակվել է Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, այնուհետև` մաեստրոյի` բեռլինյան ռադիոկայանին տված հարցազրույցը: Եվ հենց այս մասին էր, որ խոսում էի սկզբում, աշխարհին հասանելի ու հասկանալի լինելու հենց այս կերպի մասին, ինչի պակասն ու ինչի կարիքը շատ ունենք:

Հայոց եղեռնի հարյուրամյակին երեք տարի է մնացել: Եթե մենք ջանանք, աշխարհի տարբեր երկրների եկեղեցիներում հնարավոր կլինի հնչեցնել մեր ռեքվիեմը: Ինչպես որ Գերմանիան Մանսուրյանի և Մոցարտի ռեքվիեմները հնչեցրեց նույն համերգի ընթացքում` անհայտ ստեղծագործությունը դնելով հանճարի գործի կողքին, նույնկերպ Մանսուրյանի ստեղծագործությունը Իտալիայում կարող է հնչել Վերդիի, Ֆրանսիայում` Ֆորեի ռեքվիեմների հետ: Եվ եթե մենք հիմնավորապես լուծենք այս` ոչ միայն մշակութային խնդիրը, աշխարհն առանց խոսքի էլ կհասկանա, թե ինչի մասին են լռում մեր քրիստոնեական մանրանկարչության կերպարները, կամ լատիներեն ծանոթ բառերով, բայց կարծես մի բոլորովին ուրիշ լեզվով ում է ոգեկոչում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: 

Ինչպես ասացի, ռեքվիեմի վրա աշխատելու ընթացքում շատ անգամ ենք Մանսուրյանի հետ խոսել մեր մշակույթում նախադեպը չունեցող այդ երաժշտական երկի ստեղծման մասին: Միասին նաև հանդիպել ենք Վեհափառին, զրուցել հոգևորի և մշակութայինի զուգորդումներից:

Տիգրանին տեսա նաև Գերմանիայից վերադառնալուց հետո: Արդեն որերորդ անգամ զարմացա նրա անսահման համեստությունից: Խոսում էր իր կատարած գործի մասին այնպես, ասես ինքը մաս չունի այդ արարումի մեջ: Մի պահ Տիգրանն ինձ մեր մանրանկարչության կերպարներից մեկը թվաց: Այդ հանդիպման ժամանակ էլ նա ինձ անակնկալ մատուցեց` խոստովանելով, որ պատրաստվում է գրել համերգային պատարագ (մասնավորաբար համերգային դահլիճում հնչեցնելու և ոչ եկեղեցական արարողակարգին ծառայեցնելու), որը դարձյալ պետք է նվիրված լինի Մեծ եղեռնի 100 ամյակին: Մանսուրյանի համար մի նոր պատասխանատվություն է` Կոմիտասից ու Եկմալյանից հետո ինչպես որ մեզ, այնպես էլ համայն աշխարհին ներկայացնել հայոց նորաստեղծ պատարագը: 73-ամյա մաեստրոն մանկան ոգևորությամբ խոսում էր մեր հոգևոր մշակույթի, աշխարհին ներկայացնելու արժանի մեր հայկական մելոսի ու այդ գործում իր անելիքների մասին:

Ես լսում էի նրան ու մտածում, որ վաղուց ժամանակն է, որ մեր երկիրը լրջորեն ու գործնականում նկատի ունենա իր ամենամեծ հարստությունը` մշակույթը, ու իր մշակութային ռազմավարությունը կառուցի ի նպաստ իր քաղաքացու, իր մտավորականի, իր դատի:   

Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանություններ (5)

Արաքս Հակոբյան
Մեծարգո պարո'ն Մարկոսյան, ինչպես միշտ, հրաշալի հոդված եք հրապարակել:Չեմ կարող չասել, որ Ձեր հոդվածները ժամանակակից հրապարակախոսությանը լուրջ հայտ են ներկայացնում: Ավելին, դրանք լրացնում են գրեթե անտարբերության մատնված հրապարակախոսության պարապ դաշտը: Այլևս անվիճելի է` Դուք մեր նորօրյա հրապարակախոսության լավագույն հրապարակագիրն եք: Պարզաբանեմ` ինչու: Նախ` փորձառու բժշկի նման անվրեպ ու ճշգրիտ ախտորոշում եք մեր հասարակության հիվանդ կողմերը և, որ պակաս կարևոր չէ, առաջարկում բուժման պարզ, բայց արժեքավոր տարբերակ: Երկրորդ` զերծ եք ինքնամեծարման վտանգավոր ախտից, մի բան, որ ուրիշ շատերին դարձնում է սեփական ,, փառքի,, գերին /օրինակներ` ինչքան ուզեք/ և թույլ չի տալիս նայե'լ ժողովրդին, տեսնե'լ նրա հոգսն ու ցավը և օգնե'լ դրանք լուծելու համար: Եվ վերջապես ամենակարևորը` ժողովրդի ու պետության խնդիրներին գնահատական եք տալիս խորը մտահոգությամբ և սրտացավությամբ և այնքան ազնիվ եք Ձեր քննադատության ու գնահատումների մեջ, որ հանկարծ դրանով տառապանք չպատճառեք ո'չ ժողովրդին, ո'չ պետությանը: ,,Ինչի մասին ես լռում, գառն Աստծո,, հոդվածը վերը ասվածի լավագույն ապացույցն է: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ` ,,մշակութային հեռահար քաղաքականություն վարելու դեպքում մենք գուցեև դանդաղ, բայց հիմնավորապես բազմապատկվող դիվանագիտական ձեռքբերումներ կունենանք, քանի որ առհասարակ վավերագրությունն ավելի է վիճարկվում, քան գեղարվեստը,, Այո', զորավոր է արվեստի ուժը, այն ծննդյան վկայագիր է, ապրելու իրավունք ժողովրդի համար: Թվում էր, թե այս պարզ ճշմարտությունը վաղուց պետք է հասկացած լինեինք: Մինչդեռ այսօր էլ հաճախ ,,ցաքուցրիվ ու անգաղափար,, առաջ ենք նետվում դեպի համաշխարհային մամլիչ կոչվող գնացքը, որը չի խնայելու մեզ, տրորելու է, դարձնելու է դիմազուրկ ու տձև մի հասարակություն: Դրանից խուսափելու լավագույն ճանապարհը ազգային մշակույթն է, որի մի երակն էլ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն է: Այդ երաժշտությունը մեր ,, ողբանվագ, լացակումած լարի,, սիրելի երգն է: Մանսուրյանը նրանցից է, ովքեր պահում են ժողովրդի արյան գույնն ու խտությունը: Նրա արվեստը այն ,, թխմորն,, է, որ անպայման խառնվում է ժողովրդի հանապազօրյա հացին: Ափսոսում եմ, որ նրա ռեքվիեմը առաջինը լսելու պատիվը մենք չենք ունեցել, սակայն վստահ եմ, որ Մանսուրյանի ռեքվիեմը ցեղասպանություն տեսած մեր նախնիների` օդում առկախ մնացած աղոթքների համանվագ հղումն է առ Աստված: Երիցս իրավացի եք` արվեստի այսպիսի մի գործ բազում դիվանագիտական նախաձեռնություն արժե, և ,,ժամանակն է, որ մեր երկիրը լրջորեն ու գործնականում նկատի ունենա իր ամենամեծ հարստությունը` մշակույթը, ու իր մշակութային ռազմավարությունը կառուցի ի նպաստ իր քաղաքացու, իր մտավորականի, իր դատի,,: Ուզում եմ հավատալ նաև, որ Մանսուրյանի Պատարագը լսելու պատիվը առաջինը Հայաստանում ապրող հայ մարդունը կլինի...
Հայ
Հարգելի ժողովուրդ իմ սուբյեկտիվ կարծիքով ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մինչ օրս ճանաչված չլինելը՝ մեր օրերում մարինեների առկայության հետևանք է, ես իրեն չեմ մեղադրում, քանի որ նա ըստ երևույթին տանն այդպիսի դաստիարակություն է ստացել: Այսօր շատերն են գրում, որ բավական է ամբողջ աշխարհում խեղճ ու կրակի պիտակով աղերսենք գենոցիդի ճանաչումը, մի գուցե սրա մեջ փոքրիկ ճշմարտություն կա՝ կապված այս սուրբ գործընթացի մատուցման ձևի հետ, ես կարծում եմ, որ խնդրողի կարգավիճակից մենք պետք է անցնենք ավելի շատ պահանջողի կեցվածք ունեցող կերպարին, սա իհարկե հեշտ չէ, բայց հարկավոր է..............................
Vardan
Հրաշալի հոդված է, սիրելի ընթերցողներ չպետք է հոգնել Գենոցիդ բառից, այլ հոգնել մեր առօրյա մամուլում առկա դատարկաբանություններից: Վերջապես տպվել է մի նյութ, որն ընթերցվում է, որն սովորեցնում է, որն խրախուսում է և ամենակարևորը նաև ուղղորդում: Ուղղորդել նկատի ունեմ, որ Մանսուրյանի այս գործր, ոչ միայն համամարդկային մշակութային արժեք է, այլ քաղաքական և լոբբիստական նպատակների անաղմուկ զենք: Յուրաքանչյուր երաժշտական գործ ունի իր պատմությունն ու ծագումնաբանությունը, թող այսուհետ երաժշտասերների բանակը, որն փոքրաթիվ չէ, ունկնդրի արվեստի այս գլուխգործոցը և փնտրի նրա արմատներն ու ակունքը, այսինքն ծանոթանա հայ ժողովրդի պատմությանը: Հավատացեք, թե քաղաքական գործչին, թե դիվանագետին ահռելի ժամանակ է պետք դիմացինին որևէ բան հասկացնել, իսկ երաժշտությունը ոչ միայն հասկացնում է, այլ մնում է հավերժ նրա հիշողության մեջ: Իսկ մեր գերագույն նպատակն է հավերժացնել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մարդկանց սրտերում, անկախ ազգային պատկանելության:
ARMAN
Marine jan nax mi qich barerit meech ushadir exii genocid@ zzvelu ban chi hargelu bana!!!! heto vor et bar@ shataa oktagorcvum et chi nshanakum chapic shat et nra hamar es shaat lsum vorovhetev mer azgi mer saxx hayutyan xndirnaa vor payqarum enq ashxarin apacucenq vor el voch mi yerkrum nman ban texi chunena !! voch mek chpetqa urana u morana ur mnac zzvi lseluc e vor menq zzvenq urishnerinel kzzzvcnenq ............
Մարինե
աշխարի յուրաքանաչյուր երկիր ունի իր բրենդը, օրինակ երբ մեկը ասում է շվեցիարիացի է, մտածում ես ժամացույցի մասին, կամ շոկոլատի, ասում է գերմանացի է, մտածում ես օրինականության մասին, հնդկաստան' մտածում ես յոգա, իսկ երբ աշխարհի ցանկացած երկրում ասում ես հայ եմ, լսողը սկզբից դեմքը խեղճուկրակ ծամածռում է, ասելով ' ցեղասպանություն, գենոցիդ: գենոցիդը դարձել է Հայաստանի բրենդը աշխարհում, երբ ասում ես հայ, մարդիկ հասկանում են գենոցիդ, երբ ասում ես գենոցիդ, հասկանում են հայ: երբ պետք է աշխարհում խեղճ ու կրակի, տանջվածի սինոնիմից անցնենք ուժեղ,հզորի սինոնիմի: հերիքա էլի, զզվել ենք: ամեն ինչ իր չափով է գեղեցիկ, չափից ավելը արդեն համը կորցնում է... կուզեմ որ երբ ասեմ հայ եմ, օտարները նախանձեն, այլ ոչ թե խեղճի դեմք ընդունեն ու ինձ խղճան...որ հայ եմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter