
Արծրուն Հովհաննիսյան. «Հոկտեմբերի 21-ին թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը»
Նախորդ օրերի մարտերի համեմատ հոկտեմբերի 21-ին օպերատիվ իրադրությունը թեժ չի եղել: Մարտերը շարունակվում են բոլոր ուղղություններով, հայկական զինված ուժերի կողմից կանխվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր: Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Մարտերը շարունակվել են բոլոր ուղղություններով: Հոկտեմբերի 21-ին թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հարձակողական բնույթի: Ադրբեջանի զինված ուժերը հարձակման մի քանի փորձ են կատարել, որոնք հետ են մղվել հայկական զինված ուժերի կողմից: Հակառակորդին պատճառվել է զգալի կորուստ: Այդ հատվածում կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողությունների չեն հասել:
Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են հայկական դիրքեր ներթափանցել և առաջանալ: Բայց հրետանային դիպուկ կրակի արդյունքում փախուստի են դիմել: Խմբերը եղել են առանց զրահատեխնիկայի:
Հարավային ուղղությամբ դիրքային օջախային մարտերը շարունակվել են և տեղափոխվել են Արաքս գետի հունի մոտ: Մի քանի օջախային տեղերում հայկական ուժերը հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցրել են: Օդուժ, որպես այդպիսին, շատ չի կիրառվել:
«Օպերատիվ իրավիճակն առաջնագծում թեժ չէր, ինչպես նախորդ օրերի մարտերը: Կիրառվում է հիմնականում հրետանի, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր ու հետևակ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկնաբանել