HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ. «Իրանցիներն անտարբեր չեն մնա, եթե վտանգ սպառնա Հայաստան-Իրան սահմանին»

«Հետքի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

-Պարոն Ոսկանյան, Արցախի հարավային ճակատում՝ Խուդափերինի ջրամբարի մոտ, օրեր առաջ տեղի ունեցած մարտերից հետո Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե իրենք նախազգուշացրել են, որ ցանկացած հարձակում Իրանի վրա, նույնիսկ ոչ դիտավորյալ, պատասխան է ստանալու։ Մյուս կողմից՝ հայտնի է, որ այս ջրամբարն առաջին հերթին ծառայում է Իրանին։ Պաշտոնական Թեհրանի այս հերթական զգուշացումն առաջին հերթին ու՞մ է ուղղված։ Արդյոք Ադրբեջանի դեմքով խաղացող Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները կարող են դրդել Իրանին գործնական քայլերի դիմել։

-Խուդափերինի ջրամբարը եւ ընդհանրապես այդ տարածաշրջանը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։ Ըստ էության, իրանցիներն այդ ջրամբարի միջոցով ոչ միայն ապահովում են ջրային ռեսուրսների իրենց պահանջմունքը, այլ նաեւ սա շատ կարեւոր կետ է արցախա-իրանական սահմանի համար, որովհետեւ, գիտեք, տարածքում առկա է թե պատմական կամուրջ, թե նաեւ նոր կամուրջներ են կառուցվել ջրամբարի շինարարության շրջանակներում, որոնք իրանցիները դիտարկում են որպես հնարավոր կապուղի դեպի հյուսիս իրենց ելքի համար, այսինքն՝ Արցախի միջոցով իրենց կապը դեպի հյուսիս ապահովելու համար։ Այս իմաստով ջրամբարը եւ հարակից ողջ համալիրը մեծ կարեւորություն ունի իրանցիների համար տարածաշրջանում։ Հետեւաբար, իրանցիները միանշանակ կողմնակից են, որպեսզի այստեղ ադրբեջանա-թուրքական եւ ահաբեկչական ուժերը չկարողանան հաստատվել եւ ամրապնդվել։ Չնայած հավասարակշիռ դիվանագիտական հռետորաբանությանը՝ իրանական կողմը չէր ցանկանա, որպեսզի Արցախ-Իրան սահմանը որեւէ փոփոխություն կրեր հօգուտ Ադրբեջանի։

-Այս երկուշաբթի Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցության մասին։ Սա նշանակում է արդյոք, որ Իրանը փորձում է ալյանս ձեւավորել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկրտումների։

-Հոկտեմբերի 21-ին իրանցիներն սկսել են նաեւ զորավարժություններ, որոնք միտված են հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորություններն ստուգելուն, եւ այս զորավարաժություններն ամենեւին պատահական չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից անօդաչու թռչող սարքեր են հայտնվում իրանական տարածքում, եւ, փառք Աստծո, իրանական հակաօդային պաշտպանության ուժերը կարողանում են ոչնչացնել դրանք։ Դրանց թվում եղել են թե՛ իսրայելական, թե՛ թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ գործակցությանը, բնական է, որ իրանցիներն այս տիրույթում, կարող են համագործակցել Ռուսաստանի հետ, որովհետեւ, ըստ էության, մերձարաքսյան շրջանի զարգացումները վտանգում են ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի անվտանգությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե ահաբեկիչները հաստատվեն այստեղ, ապա մեծ է վտանգը, որ նրանք այնուհետ կարող են տեղափոխվել ավելի հյուսիս եւ վտանգել Ռուսաստանի հարավը՝ հատկապես Դաղստանը։ Այս պատճառով է նաեւ, որ իրանական բանակի ցամաքային ուժերի հրամանատարը գտնվում է Ատրպատականում եւ տեղում կառավարում է իրանական զորամիավորների գործողությունները։ 

-Կիրակի օրվանից՝ հոկտեմբերի 18-ից, Իրանը կարող է զենք գնել ու վաճառել։ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստան-Իրան համագործակցությունն այս ոլորտում։ Այս առումով Ադրբեջանում էլ կարծես անհանգստություն կա։

-Հայաստանը զենքի եւ զինամթերքի իր պահանջմունքը հիմնականում բավարարում է ռուսական կողմից. թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվերոն գործակցում են, ինչպես վայել է իրական դաշնակիցներին, բայց իրանական կողմի արտադրած որոշ զինատեսակներ կարող են հետաքրքիր լինել մեզ համար, կարծում եմ՝այս պահին առնվազն ուղերձների մակարդակով պետք է հասկացնել Իրանին, որ Հայաստանն ապագայում պատրաստ է համագործակցել Իրանի հետ այս ոլորտում, կլինեն համատեղ արդյունաբերական ծրագրեր, թե ծրագրեր, որոնք առնչվում են գնումներին եւ վաճառքին։

Սա շատ կարեւոր ոլորտ է, եւ իրանցիները նախատեսում են, որ ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմամբ կարող են որոշակի տնտեսական հաջողություններ գրանցել, հաշվի առնելով նաեւ պատժամիջոցների հետեւանքով ի հայտ եկած տնտեսական դժվարությունները։

-Կանխատեսու՞մ եք, որ Իրանն ինչ-որ փուլում կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ թեկուզ իր տարածքից դուրս չգալով։ Թվում է, թե նույն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում Թեհրանը հիմա էլ կարող է դիմել այդ քայլին, բայց առայժմ զգուշավոր է։

-Իրանական կողմն այժմ էլ անուղղակիորեն պայքարում է այդ ահաբեկչական խմբավորումների դեմ։ Եթե ուշադիր լինեք, ապա իրանական զորաշարժերը, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ բանակի զորաշարժը ծանր տեխնիկայի փոխադրումը մերձարաքսյան գոտի, ինչպես նաեւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգի գործողություններն այս տարածքում միտված են զսպելու ահաբեկիչներին։

Ինչ վերաբերում է անդրսահմանային գործողությանը, ապա Իրանը պատրաստ կլինի իրականացնել դա, ըստ իս, միայն մի պարագայում, եթե այդ ահաբեկիչները փորձեն մտնել Իրանի տարածք, հաղթահարել Արաքսի պատնեշը եւ մուտք գործել Իրանի տարածք, բնական է, այս դեպքում իրանցիները շատ ակտիվ միջամտություն կունենան ռազմական առումով։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ իրանցիները անտարբեր չեն մնա, եթե վտանգ սպառնա Հայաստան-Իրան սահմանին՝ հատկապես նախիջեւանյան կողմից, որտեղ, ըստ տեղեկությունների, եւս տեղափոխվել են ահաբեկչական խմբավորումների անդամներ։

Լուսանկարը՝ Վ. Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter