HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավորը` Ջավախքից

Ջավախքցի Մաքսիմ Արզումանյանի առաջին այցն Արցախ պատերազմական առաջնագիծն է: Չնայած փոքր տարիքից միշտ լսել, կարդացել և ոգևորվել է ազատամարտի մասին մորեղբոր պատմություններով, սակայն առիթ չէր եղել ավելի վաղ այցելել Արցախ:

12 օր առաջ փակել է Նինոծմինդայի իր սպորտդպրոցն ու եկել Հայաստան: Կամավորագրվել է «Սև հովազ» ջոկատին, որտեղ կամավոր է նաև մորեղբայրը` Գրիգոր Սողոյանը (որին Գիք են կոչում-Ք.Ա) և մեկնել առաջնագիծ: Սկզբում Քարվաճառում են եղել, այնուհետև` նույն ջոկատի հետ տեղափոխվել Հադրութի մատույցներ:

«Որոշելու կամ մտածելու բան չկար, էդ իմ արյան մեջ էր. քեռիս Արցախյան պատերազմի մասնակից էր, մենք Նինոծմինդայում մի տան մեջ ենք ապրել մինչև 1997-98թթ.: Վերևի հարկում ինքն էր ապրում, ներքևում` մենք: Ես մեծացել, էդ եմ տեսել` զենք եմ տեսել, թրաշով մարդ եմ տեսել, իմ մեջ միշտ եղել է էդ ամենը: Ես չեմ ուզում` մեր ազգը, կրոնը կորի, թուրքն իրավունք չունի մեզ կործանել»,- ասում է Մաքսիմ Արզումանյանը:

Մաքսիմը Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1998-2002թթ., սովորել է Ուկրաինայի Բոգդան Խմելնիցկու անվան պետական սահմանային ծառայության ազգային ակադեմիայում: Վրաստանն այդ ժամանակ պայմանագիր ուներ և իր քաղաքացիներին փոխանակման ծրագրով ուղարկում էր Ուկրաինա` սովորելու: Փոխանակման ծրագրով սովորողներից մեկն էլ Մաքսիմն է եղել:

Վերադառնալուց հետո Մաքսիմը կարատեի մարզիչ է դարձել և արդեն 3 տարի է` Նինոծմինդայում բացել է իր սպորտային ակումբը` «Կլուբ Մաքս»-ը: Իր միջոցներով տարածք է ձեռք բերել, վերանորոգել ու կահավորել է, որպեսզի ջավախքցի երեխաները մարզվելու, տարբեր սպորտաձևեր սովորելու հնարավորություն ունենան:

Ոգևորությամբ պատմում է իր աշակերտների մեդալների և հաջողությունների մասին: Ակումբի երեխաների թվում Եվրոպայի, Հայաստանի և Վրաստանի չեմպիոններ կան: Ինքը ևս ժամանակին Հայաստանում և Վրաստանում հաղթանակներ է ունեցել: Այժմ կարատեի և «մարտ՝ առանց կանոնների» սպորտաձևերի մարզիչ է:

Կամավորագրվելիս Մաքսիմը չի վերապատրաստվել: Ասում է` իր զինվորական և մարտական գիտելիքները բավարար են եղել միանգամից ռազմաճակատ մեկնելու համար: Ռազմաճակատ, սակայն, չէր կարող մեկնել, եթե չունենար ՀՀ քաղաքացիություն: Նախ` կորոնավիրուսային այս իրավիճակում Վրաստանի սահմանը չէր կարողանա հատել: Երկրորդ` ՀՀ քաղաքացիություն չունեցողները, ըստ օրենսդրության, չեն կարող նաև զորակոչվել բանակ: Մաքսիմը դեռևս 2005 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել, իսկ Նինոծմինդայում ապրում է մշտական կացության կարգավիճակով: 

Մի քանի օր է` Մաքսիմն առաջնագծից վերադարձել է Երևան: Եկել է հրաժեշտ տալու «Սև հովազ»-ի հրամանատար Ռուստամ Գասպարյանն ու որդուն, որոնք զոհվեցին օրեր առաջ։

Այս օրերին իր աչքով տեսածը չի ուզում պատմել, քչախոս է: 

Մաքսիմն ամուսնացած է: Երկու անչափահաս դուստր ունի, որոնք նույնպես սիրում են սպորտը. ավագը բոքսով է զբաղվում, կրտսերը կարատե է պարապում:

Դուստրերը հայրիկին երրորդ երեխայի սպասման լուրն են ավետել, երբ Մաքսիմն արդեն Արցախում է եղել: Մաքսիմը հուզվել է. ինքն անհայր է մեծացել, չէր ուզենա, որ իր երեք երեխաներն էլ այդպես մեծանային, բայց գիտակցում է, որ այստեղ էլ դեռ անելիք ունի…  

Լուսանկարները` Մաքսիմ Արզումանյանի և կնոջ` Եսենյա Կարսլյանի ֆեյսբուք էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter