HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արցախի ՄԻՊ. «Վտանգը մեծ է, որ անհայտ կորած անձինք զոհվել կամ ենթարկվել են խոշտանգումների»

Սեպեմբերի 27-ից առ այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է առնվազն 37 քաղաքացիական  զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Վերջինս նշեց, որ քաղաքացիական անձանց շրջանում վիրավորում ստանալու վերջին դեպքն այսօր գիշերն է գրանցվել՝ Ավետարանոց գյուղում, ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։

Սեպտեմբերի 27-ից առ այսօր, նախնական վերլուծությամբ, 10500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, ինչպես նաև՝ վնասվել է 1100-ից ավելի շարժական գույք, մասնավորապես՝ մեքենա։ Բեգլարյանը նշեց, որ այս թվերը ճշգրտման կարիք ունեն, մոտավոր են՝ պայմանավորված վնասների ծավալի և ռազմական գործողությունների շարունակական լինելու հանգամանքով. հնարավոր չէ այժմ ավելի ստույգ թվեր ներկայացնել։

Բեգլարյանի խոսքով՝ որոշ նախնական տվյալներ առկա են նաև քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ, հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մուտք  գործել, սակայն, կրկին, պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջնական ճշգրտված տվյալ ներկայացնել։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հադրութի դեպքը, երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի տեսանյութը հայտնվեց նաև սոցիալական մեդիայում, ռիսկը բավական մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինեն։ Մեր տեղեկություններով՝ տվյալ բնակավայրերից կան անհայտ կորած քաղաքացիական անձինք։ Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, վտանգը մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների և մի շարք այլ ռազմական գործողությունների»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝  վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև՝ Հադրութի  շրջանի որոշ բնակավայրեր պարբերաբար հրետակոծության և հրթիռակոծության են ենթարկվում։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։

Ըստ ՄԻՊ-ի վերլուծության՝ կիրառվել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ՝  բնակելի հատվածներ,  ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։

Մասնավորապես՝ վնասվել են որոշ բնակելի տներ, խոշոր տրամաչափի գազատար խողովակ, արտադրական նշանակության որոշ օբյեկտներ։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս ամենը պատերազմական հանցագործություն է որակվում ժնևյան կոնվենցիաներով։ Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել, բայց, ըստ Արցախի ՄԻՊ-ի, բավականին շատ նյութական վնասներ են պատճառվել, որոնց վերաբերյալ հետագայում տվյալներ կներկայացվեն։ Մարտունի, Մարտակերտ քաղաքում ևս նյութական վնասներ են արձանագրվում, քանի որ մարդիկ գլխավորապես ապաստարաններում են լինում։

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայիում, ըստ Արտակ Բեգլարյանի, բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվում, որոնք պատերազմական հանցագործությունների մասին են վկայում։ ՄԻՊ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ լուսանկարներն ու տեսանյութերը հիմնականում լինում են ճիշտ, կեղծ տվյալներ չեն։ Այդ տեսանյութերում և լուսանկարներում դիակների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, գլխատման, ինչպես նաև՝ ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր են։ Վերջին երկու օրերին հրապարակված տեսանյութերից, ըստ Արտակ Բեգլարյանի, ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեսքում հայ ռազմագերների նկատմամբ Ադրբեջանում  կիրառում են ճնշման միջոցներ, բարձր հավանականությամբ՝ և՛ ֆիզիական, և՛ հոգեբանական, ինչը կրկին միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների խախտում է։

«Այս տեսանկյունից շատ կարևորն է, որ միջազգային հանրությունը  պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները, նաև երաշխավորի  ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում, նաև հայ զինծառայողների  դիակների մասով բացառվեն հետագա իրավախախտումներն ու ոտնձգությունները»,- միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Արցախի ՄԻՊ-ը։

Վերջինս կարևոր համարեց  այս համատեքստում ընդգծել, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ հրաժարվել է հրադադարի պայմանավորվածությունը պահելուց, ինչի հետևանքով բավականին շատ հայ և ադրբեջանցի  զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել, փոխանակել և հասցնել իրենց ընտանիքներին, ինչն անմարդկային վերաբերմունք է այդ դիակների նկատմամբ։

«Այստեղ էլ մենք և միջազգային հանրությունը հետևություններ ունենք անելու․ տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետև ունի բազմաթիվ զոհեր և չի ցանկանում այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, ինչը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,- դիտարկեց Բեգլարյանը։

Վերջինս նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ադրբեջանական զինված ուժերը փորձում են թիրախավորել կենսական նշանակության  ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի խորացնեն հումանիտար աղետն Արցախի բնակության շրջանում։ Մասնավորապես՝ երեկ էլ հրետանային միջոցներով թիրախավորվել է Բերձոր քաղաքը, որն, ըստ ՄԻՊ-ի, ցույց է տալիս Ադրբեջանի միտումը՝ Արցախն ու ՀՀ-ն իրար կապող ճանապարհը ինչ-որ ձևով կրակի տակ պահելու, որպեսզի հնարավորինս խաթարվի հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, ինչը հումանիտար մեծ նշանակություն ունի։

Բեգլարյանը նաև նշեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիվորեն քարոզչական թեզեր շրջանառել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի, համատեղ ապրելու, Արցախը Արդբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասին, որոնք քմծիծաղ են առաջացնում։

«Արցախի ապագան որոշում է Արցախի բնակությունը` ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի  ճակատագրի որոշողը, հետևաբար որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին․ դա բացառվում է, առաջին հերթին՝ քանի որ մենք ունենք բացառիկ իրավունք մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին՝ քանի որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանն ու պարզաբանեց, որ «համատեղ գոյակցություն» ասելով՝ ինքը նկատի ունի նույնիսկ ուղղակի փոխշփումները՝ անկախ կարգավիճակից։

Համատեղ գոյակցության անհնարինության վառ ապացույցը, ըստ Արցախի ՄԻՊ-ի, այս պատերազմի  ընթացքում դրսևորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ թե՛ պատերազմական գործողություների ժամանակ, թե՛ սոցիալական մեդիայում։

Բեգլարյանը նշեց, որ երբ ադրբեջանական կողմը որևէ որևէ տեսանյութ կամ լուսանկար է հրապարակում հայ ռազմագերիների կամ  դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերալ, ադրբեջանական հասարակության շրջանում «խրախճանք» է տիրում։

«Այնպես որ, պետք է օր առաջ այս ատելության քարոզը դադարեցնել, եթե իրենք մտածում են հարևանություն անելու մասին, և սրա մասին  պետք է մտածի նաև միջազգային հանրությունը, քանի որ պատասխանատվություն է կրում այս ամենի համար։Պատասխանատվություն է կրում, քանի որ ակնհայտ էր, որ տարիներ շարունակ այդ ատելության քարոզը մեկ օր կարող է պայթել և շատ լուրջ հումանիտար աղետի հանգեցնել ողջ տարածաշրջանում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Վերջինս նշեց, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է, և այդ ձեռագրի ամենացայտուն դրսևորման նպատակն է՝ ահաբեկչական, թուրքական և ադրբեջանական ուժերի ընդգրկմամբ Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանական ակտեր իրականացնելը, ինչը Թուրքիան դարեր շարունակ իրականացրել է տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայերի նկատմամբ, և հիմա էլ կատարում է Մերձավոր Արևելքում։

Բեգլարյանը խորհուրդ տվեց ադրբեջանական սոցիալական մեդիայի և լրատվամիջոցների հրապարակած նյութերը չբերել հայկական տեղեկատվական դաշտ, քանի որ դրանց մեծամասնությունը քարոզչական բնույթի է՝ ուղղված հայկական ներքին լսարանին։

«Իրենց նպատակը հոգեբանական դիվերսիան է մեր հասարակության և մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ։ Եթե այս տեղեկատվական հիգիենան մենք պահենք, շատ ավելի դժվար կլինի մեր հասարակության անդեպ հոգեբանական դիվերսիա իրականացնելը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Մեկնաբանություններ (1)

Arman Melkonyan
Today, the extant TURKISH REPUBLIC of 2020 is GUILTY of committing and perpetuating the ARMENIAN GENOCIDE! So WHY are Armenians being so insipid? Fact: Turks claim Armenians were deported from war zones for their own safety -- NOT with the goal of killing them and committing genocide. Fact: Turks TODAY conceal (and reportedly destroy) Ottoman Turkish deeds records and archives to obstruct official confirmation of Armenian ownership and thwart the inheritors of the Armenians they "deported" to reclaim and return to their homes, lands and property; Thereby; Fact: The Turks are continuing to commit genocide on the Armenians by preventing them from returning to their homes even though WWI is OVER. WHY Aren't Armenians suing the modern day Republic of Turkey for perpetrating the ongoing genocide TODAY? Aren't Armenians being self-defeating instead of helping their cause?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter