HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմություն մի տղայի մասին, որի ընթացքը փոխեց պատերազմը

«Մեկ ա՝ մեր ընտանիքն էլի 4 հոգուց ա ինձ համար»,- միակ եղբոր զոհվելու մասին գրել էր Էմինը՝ սոցցանցի իր էջում տեղադրելով եղբոր՝ 19-ամյա Վահե Մկրտչյանի լուսանկարը։

Այս պատմության նախաբանն այսպիսին պետք է չլիներ, սակայն պատերազմը փոխեց շատերիս կյանքի ընթացքը: Առհասարակ կորստի մասին գրելը հեշտ չէ։ Ինչ բառ էլ գտնես, իր տեղում չի լինի։ Ու երբեմն էլ բառերն ուղղակի սպրդում են թղթից՝ այն թողնելով սպիտակ, ինչպես օդը խիտ մառախուղի ժամանակ։ Այս պատմությունն Էմինի պայքարի մասին է՝ ընկնելու եւ բարձրանալու, կանգ առնելու եւ քայլելու։ Նրա հետ հանդիպել էինք մինչեւ պատերազմը: Սեպտեմբերի 30-ին պատերազմը Էմինից խլեց իր հենասյունը՝փոխարենը լցնելով անսահման վշտով ու անպատասխան հարցերով:

Կապույտ դարպասից այն կողմ. մինչեւ պատերազմը

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղ տանող ճանապարհը սակավածառ է։ Տեղ-տեղ տարածությունն անապատի է նմանվում։ Գյուղ մտնելուն պես ցածրահարկ, միհարկանի տները, ցանկապատներից երեւացող ծառերը, բակում խաղացող երեխաները միանգամից կենդանություն են տալիս նախորդ պատկերին։

Հասնում ենք գյուղի ծայրամասում գտնվող կապույտ դարպասին։ Դարպասի դուռը բաց է, ներս ենք մտնում։ Բակում Էմինի հայրն է, մեզ տուն է հրավիրում։ Տանը նոր թխվող գաթայի հոտն է տարածվել։ Էմինի մայրը՝ Հասմիկ Մուրադյանը, մեզ հրավիրում է հյուրասենյակ։ Այստեղ ամենուր կարծես Վահեի ներկայությունն ես զգում՝ նրա լուսանկարները դրված են դաշնամուրին, անգամ մեծ սեղանին։ Տանը դաշնամուր նվագողը Վահեն է։ Քիչ անց մեզ է միանում Էմինը՝ տեղավորվելով բազկաթոռում։

Հասմիկը պատմությունն սկսում է Էմինի ծննդից։ Տղան ծնվել է 7 ամսականում, նրա երկվորյակ եղբայրը չի ապրել։ Տղան 1,5 կգ էր՝ մի բռաչափ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ամեն ինչ կարգին էր երեխայի հետ, սակայն 8-9 ամսականում նկատել են, որ տղան չի կարողանում նստել, գլորվել։ Ծնողներն սկզբից մտածել են, որ վաղաժամ է ծնվել, գուցե դրանից է։ 9 ամսականում երեխային բժշկի են տարել Թալին, որտեղից էլ ուղղորդել են Երեւան։ Այստեղ փոքրիկ Էմինին ախտորոշել են մանկական ուղեղային կաթված, եւ ֆիզիոթերապիայի կուրս են նշանակել։ Հասմիկն ասում է՝ առաջին կուրսն ընդունելուց հետո մտածում էին, որ լավ է լինելու։ Սակայն դա միայն առաջին հայացքից էր։ Էմինը ոտնաթաթերի ծայրերին էր քայլում, մկանները կարճ էին, ծունկը չէր կարող ծալել։ Ֆիզիոթերապիայի ժամանակ ոտնաթաթն այնքան էին ձգում, որ երեխան ցավից գոռում էր, դրանից էլ դիմացի ատամը ջարդվել էր։

Էմինը վերականգնողական կուրսեր է անցել մի քանի կենտրոններում, որոնցից ամենաերկարը եղել է Նորագյուղի վերականգնողական կենտրոնում: Հասմիկն ասում է, որ այստեղ բուժումներն արդյունավետ էին, ու երեխայի նույնիսկ փոքր քայլը նկատելի էր իրենց, թեեւ կողքի աչքը չէր նկատում: «Կողքից անընդհատ ասում էին՝ բա տարե՞լ ես բուժման, ինչի՞ չի քայլում։ Ոմանք ափսոսանքով, ոմանք էլ զարմանքով էին ասում։ Ես էլ պատասխանում էի կատակով, թե Էմինը հո պուլտով չի»։ Վերականգնողական կուրսերը տեւել են մոտ 10 տարի։ Դրանց զուգահեռ ամեն տարի գնում էին Ջերմուկի առողջարան, բայց ուղեգրերը մեծ դժվարությամբ էին ձեռք բերում՝ համառության եւ հետեւողականության շնորհիվ։ Երբեմն այդ վազքը համընկնում էր Ամանորի նախապատրատության հետ, եւ Հասմիկն ամեն ինչ մի կողմ էր թողնում՝ զբաղվելով որդու ուղեգրի հարցով: «Էմինն ինձ ուժեղ է դարձրել, համառ է դարձրել»,- ասում է մայրը:

Հեծանիվով տղան

Էմինն սկզբից էլ հրաժարվել էր սայլակից: Նրան բոլորը ճանաչում էին հեծանիվով: Նույնիսկ դպրոցում դասարանից դասարան հեծանիվով էր անցնում: «Հետաքրքիր է, չէ՞, որ չքայլող երեխան կարող հեծանիվ քշել»,- նկատում է մայրը: Էմինը ժպտում է, ասում է՝ իր մեծանալուն զուգահեռ հեծանիվներն էլ փոխվեցին: Բացի հեծանիվից՝ տեղաշարժվում էր նաեւ քայլակի օգնությամբ:

Մինչեւ Էմինի դպրոց հաճախելը Հասմիկը կամավորության հիմունքներով նախադպրոցական տարիքի երեխաների հետ պարապում էր դպրոցում, քանի որ գյուղում մանկապարտեզ չկար: «Էմինն իր դասարանցիների հետ այդ խմբում էր: Կոշիկների մեջ օրթեզներ էր հագնում մինչեւ ծնկները, երեխաներն ուշադիր նայում էին, ասում էի՝ Էմինի նոր կոշիկներն են, հետո հանում էի՝ իրենց էլ էի հագցնում: Նրանք Էմինին ընդունում էին այնպես, ինչպեր կար»,- նշում է մայրը: Հենց այդ խումբն էլ հետագայում Էմինի դասարանի հիմնական կորիզն է դարձել:

Էմինն ասում է՝ որեւէ բան իրեն չէր խանգարում հանրային կյանքին մասնակցելու: Իհարկե, ցավեր շատ էր ունենում, վերականգնողական կուրսերն էլ ցավոտ էին, բայց դրանք տանելի էին դառնում, երբ մտածում էր քայլելու մասին: Բացի դրանից՝ ավագ եղբայրը՝ Վահեն, թեւ ու թիկունք էր Էմինի համար:

-Ախպորը մեկը մի բան ասի, գիտե՞ք ինչ կանի,- նկատում են ծնողները:

Երկու եղբայրները հաճախում էին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) խմբակներին: Էմինն ասում է՝ դրանք այնքան շատ են, որ չի կարող թվարկել: «Ինձ համար ինչ արեց, «COAF»-ն արեց»:

«COAF»-ի թատերական խմբակ հաճախելու համար Էմինը Լեռնագոգից Արագածավան էր հասնում ծնողների օգնությամբ:

-Ի՞նչ ներկայացումներ եք բեմադրել, ի՞նչ դերեր ես ունեցել:

-Օրինակ, «Հայ մուկը» բեմադրեցինք, ես էլ կատվի դերն էի տանում,- ասում է Էմինը՝ հեռախոսի մեջ փնտրելով ներկայացումներից լուսանկարներ:

-Դե, դա գլխավոր դերերից է, չէ՞,- մեր զրույցը շարունակելու համար՝ հարցնում եմ նրան:

-Թատրոնում գլխավոր եւ երկրորդական դերեր չկան, թատրոնում բոլոր դերերը գլխավոր են,-պատասխանում է 17-ամյա տղան: Դեմքիս ժպիտ է հայտնվում նրա այդքան տրամաբանական պատասխանից:

-Անգլերենի խմբակ էլ էին գնում, Էմինը կիսատ թողեց, իսկ Վահեն հաճախում էր ու փայլուն տիրապետում էր այդ լեզվին,- նշում է Հասմիկը:

Ընկնելով քայլելը

2016-ին Տուլայից Հայաստան էին եկել բժիշկներ, ովքեր, սակայն, ըստ Հասմիկի, ինչ-ինչ պատճառներով վիրահատություններ չարեցին Հայաստանում: Մինչ այդ հայ բժիշկներից մեկը հերթական այցի ժամանակ Էմինի ներկայությամբ ասել էր, որ եթե նույնիսկ վիրահատեն տղային, նա չի կարող քայլել, իսկ քայլակը կա ու կա: «Էնպիսի հուզմունքով, թեւաթափ եղած դուրս եկանք այդտեղից: Էմինն ասաց՝ եթե վիրահատությունն արդյունք չի տալու, էլ ինչի՞ վիրահատվեմ»,- հիշում է մայրը:

2017-ի աշնանը «COAF»-ի օգնությամբ Էմինին Տուլայում վիրահատել են, վիրահատությունը տեւել է 15 րոպե: Դրան հաջորդող 3 ամիսներին տղան, մոր պատմելով, աննկարագրելի ցավեր է ունեցել՝ անգամ չէր թողնում մահճակալին մոտենալ՝ մտածելով, որ կցավեցնեն:

«Մինչեւ վիրահատությունը մտածում էի, որ գոնե ուղիղ կկանգնի՝ թեկուզ իմ ձեռքին հենվելով»,-ասում է Հասմիկը: 2018-ի Նոր տարին Էմինն արդեն ոտքի վրա է դիմավորել:

Մինչ այդ նրա հեռախոսով նայում ենք լուսանկարների արխիվը: Փոքրիկ տղան հիմա ամրակազմ պատանի է դարձել՝ չկորցնելով իր բարի ժպիտը:

«Հիմա սկսել եմ շատ ընկնել, դե, որովհետեւ նոր եմ սկսել քայլել»,-դարձյալ բարի ժպիտով ասում է Էմինը:

«Իմ թալիսմանն իմ ընտանիքն է»

Հաջորդ տարի Էմինն ավարտելու է դպրոցը: Մտադիր է մարզական լրագրող դառնալ: Ասում է ՝ սիրում է զրուցել մարդկանց հետ: Պատմում է Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցի մասին:

-«COAF»-ն էր կազմակերպել, բայց դա մինչեւ իմ վիրահատությունն էր: Հարցազրույցն արեցի ֆուտբոլի ակադեմիայում: Հենրիխից շատ լավ տպավորություն ստացա, շատ համեստ էր: Կան, չէ՞, աստղայինը տարած մարզիկներ, ինքն էդպիսին չի:

-Ո՞ր պատասխանը քեզ տպավորեց:

-Հարցրեցի՝ունի՞ թալիսման, որը խաղադաշտ մտնելուց առաջ հաջողություն է բերում: Ասաց՝ չէ, իմ թալիսմանը իմ հայրն է եղել՝ ՀամլետՄխիթարյանը, եւ նրան ձգտելով է դարձել ֆուտբոլիստ:

-Իսկ ո՞րն է քո թալիսմանը:

-Իմ ընտանիքն ու ընկերները:

-Սպասեք Մխիթարյանի ստորագրությամբ շապիկը ցույց տամ,- ասում է Հասմիկը՝ հարեւան սենյակից բերելովշապիկը:

Էմինն ասում է՝ կցանկանար հարցազրույց անել նաեւ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի ու օլիմպիական փոխչեմպիոն, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի հետ:

Սեպտեմբերի 27-ից հետո

«Ուզում եմ, որ երկու տղաներս առողջ լինեն ու լավ ապագա ունենան: Ու ամենակարեւորը՝ երկրին խաղաղություն լինի». սա Հասմիկի եզրափակիչ խոսքն էր մեր զրույցում:

Նրա հետ մեր զրույցն ավարտեցինք հաջորդ տարի Վահեի զորացրվելուց հետո հանդիպելու պայմանավորվածությամբ: Վահեն սովորում էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ուսումը կիսատ թողեց՝ զորակոչվելով բանակ: «Վահեն էնքան խելացի, պատրաստված, շնորհալի տղա է: Էնպես չի, որ իմ տղան է, դրա համար եմ ասում: Որ բանակից գա, համեցեք, եկեք»,- Վահեի մասին խոսելիս ասաց Հասմիկը…

Ես ամեն օր կարդում եմ Էմինի գրառումները սոցցանցի իր էջում, տեսնում եմ Վահեի լուսանկարները, ու ինչ-որ բան գրելն ավելի է ծանրանում: «Աստված քեզ տարավ իր հետ, որովհետեւ դու նրան պետք էիր։ Բայց վստահ եմ, որ դու մեզ ավելի ու ավելի պետք էիր, իմ հավերժ թագավոր»,- օրեր առաջ ավագ եղբոր մասին գրել է Էմինը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter