Լեհ քաղաքական գործիչն արշավ է սկսել․ Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ
«Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ». change.org կայքում այսպիսի պահանջով ստորագրահավաք է նախաձեռնել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը (Tomasz Lech Buczek): Վերջինս «Հետքի» հետ զրույցում նշել է, որ անհրաժեշտ է 250 հազար ստորագրություն: Բուչեկի փոխանցմամբ՝ զուգահեռաբար ինքն աշխատում է հայտնի փաստաբանների հետ` հայցը Հաագայի դատարան ներկայացնելու համար: Լեհ քաղաքական գործիչն ասաց, որ այս պահին չի կարող հայտնել փաստաբանների անունները՝ ելնելով նրանց անվտանգությունից: Միաժամանակ նշեց, որ փաստաբանների խումբն ունի Ադրբեջանի կողմից բռնության, օրենքի, ներառյալ՝ Ժնեւի կոնվենցիայի խախտումների մասին մեծածավալ փաստաթղթեր:
«Ադրբեջանին միջազգային տրիբունալի առաջ կանգնեցնելն իմ ավելի վաղ ծրագրերի արդյունք է այն բանից հետո, երբ գիրք հրապարակեցի 1988 թ․ Սումգայիթում հայերի ցեղասպանության մասին»,- ասում է Թ․ Լ․ Բուչեկը: Ըստ լեհ գործչի՝ թեեւ նախատեսել է 250 հազար ստորագրություն, նպատակ ունի դրանց թիվը հասցնել միլիոնի, ինչը ցույց կտա ոչ թե քաղաքական իշխանությունների, այլ աշխարհի քաղաքացիների միասնությունը, ովքեր սիրում են խաղաղությունը:
«Բոլորն ինձ հարցնում եմ՝ իսկ դու ո՞վ ես, միշտ պատասխանում եմ՝ ընդամենը մարդ եմ, սակայն կյանքում առաջնահերթ պետք է անես այն, ինչ անհրաժեշտ է, ապա այն, ինչ հնարավոր է, մինչեւ չես նկատում, որ կարող ենք անել նույնիսկ անհնարին թվացողը»,- ասում է Բուչեկը։
Հարցին, թե արդյոք այս ընթացքում արդեն հասցրել է սպառնալիքներ ստանալ Ադրբեջանից, Բուչեկը դրական պատասխան է տալիս՝ նշելով, որ «Ֆեյսբուքում» ադրբեջանիցներից բազմաթիվ նեգատիվ մեկնաբանություններ է ստանում, չնայած դրանց մեծ մասը շինծու օգտատերեր են։
Թոմաշ Լեխ Բուչեկն առաջին անգամ Հայաստան է եկել 2018-ին: Ասում է՝ Վերնիսաժի մոտ հանդիպել էր խաչապուրի վաճառող մի կնոջ: Վերջինս, տեսնելով իր պիջակին ամրացված անմոռուկը, սկսել էր հարցեր տալ: Հետո պատմել էր, որ երկու որդիները զոհվել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ու հավելել, որ այդ անմոռուկը կարեւոր խորհրդանիշ է հայերի համար, եւ ինքը հպարտ է, որ Բուչեկը, չլինելով հայ, կրում է այն:
«Հայերեն չգիտեմ, նրա հետ խոսում էի ջարդված ռուսերենով: Նրա կորցրած երկու որդիներին նմանեցրի հայ ազգի երկու որդի-սարերին՝ Մեծ եւ Փոքր Արարատներին: Հենց դա էլ շարժառիթ դարձավ Սումգայիթում հայերի ջարդերի մասին գիրք գրելու համար, որն անվանեցի «Հայ մոր լացը. 1988 թ. Սումգայիթի Հայոց ցեղասպանությունը»: Հրապարակումը նվիրեցի քաջ հերոսների մայրերին»,- ասում է լեհ քաղաքական գործիչը՝ ներկայացնելով Լեհաստանի պատմությունից 1918-1919 թթ. Լվովի հերոսամարտը, որին մասնակցում էին հայ կամավորներ: Նրանցից մեկը Կոնստանտի Զարուգեւիչն էր (Konstanty Zarugiewicz), որը զոհվեց հանուն Լեհաստանի:
Լեհ քաղաքական գործիչը երեկ բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Նամակում հայտնել է, որ առաջիկայում Լեհաստանում ստեղծվելու է Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե, որի կազմում ընդգրկված են լինելու Լեհաստանի՝ խաղաղություն սիրող քաղաքացիներ: Կոմիտեի նպատակն է.
- Հայ ժողովրդի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը
- Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ
- Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ
- Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ
- Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին եւ փախստականներին օգնության տրամադրումը:
Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: «Ճանաչե՛նք Արցախը։ Դուք ՄԵՆԱ՛Կ չեք»,- նամակը եզրափակել է Թոմաշ Լեխ Բուչեկը:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել