HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքից` Արցախ. Գևորգը հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից ռազմաճակատ մեկնելու համար

Ջավախքցի Գևորգ Ավագյանը հոկտեմբերի 2-ին Նինոծմինդայից ուղևորվել է Հայաստան` մասնակցելու Արցախում սկսված ռազմական գործողություններին: Վրացի սահմանապահները նրան զգուշացրել են, որ կզրկվի Վրաստանի քաղաքացիությունից, եթե հատի սահմանը: Գևորգը և' Վրաստանի, և' ՀՀ քաղաքացիություն ունի: Առանց վարանելու սահմանապահներին է տվել վրացական անձնագիրն ու հաստատել, որ հրաժարվում է դրանից:

Վրաստանը թեկուզ Սահմանադրության մեջ արդեն ամրագրել է երկքաղաքացիության դրույթը, սակայն դեռևս չեն կարգավորվել մինչ դրա ուժի մեջ մտնելը այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց` միաժամանակ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու մեխանիզմները: Հաճախ սահմանն անցնելիս, երբ պարզվում է, որ տվյալ քաղաքացին մինչ Սահմանադրությամբ երկքաղաքացիության նորմի ամրագրումն արդեն այլ երկրի, օրինակ՝ ՀՀ քաղաքացիություն էր ստացել, զրկվում է վրացականից, քանի որ դա համարվում է անօրինական:

Վերադասի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցից հետո սահմանապահները թույլ են տվել Գևորգին հատել վրացական սահմանը և վերադարձրել անձնագիրը:

Միայն սահմանն անցնելուց հետո է Գևորգը զանգահարել ընտանիքին և տեղեկացրել, որ մեկնում է Արցախ: Գիտակցել է, որ ծնողների միակ զավակն է, 3 անչափահաս երեխա ունի, տան միակ աշխատողն է, ընտանիքը ծանր կտանի իր որոշումը:

Գևորգ Ավագյանը 33 տարեկան է: Արտագնա աշխատանքի չի մեկնում: Նինոծմինդայում մեքենաների վերանորոգմամբ է զբաղվում: «Տեղում եմ աշխատում, ավելի ճիշտ` աշխատում էի, հիմա չգիտեմ` ինչ պիտի անեմ, հաշմանդամ եմ դարձել կարծես»,- փոքր-ինչ հուսահատված ասում է Գևորգը:

Արցախում սկսված պատերազմի լուրը լսելուց մի քանի ժամ անց սկսել են ինքնակազմակերպվել. մտերիմներով հավաքվել են, նախապատրաստել կամավորագրման, Արցախի համար հումանիտար օգնության հավաքման գործընթացը: Ասում է` շատերը կամավորագրվեցին Ջավախքում, սակայն քչերն են դեռևս մեկնել Արցախ:

Հայաստան հասնելու հաջորդ օրը` հոկտեմբերի 3-ին, Գևորգը կամավորագրվել է ազատամարտիկ Մհեր Հարությունյանի (հայտնի` Հրազդանցի Ճուտ մականունով) «Կամավորական շարժում» ՀԿ-ի ջոկատին և մեկնել առաջնագիծ:

Հյուսիսարևելյան առաջնագծում դիրքավորվել են: 3 օր անց հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ բախվել են նրանց հետ:

«Երկու հոգով էինք, իջել էինք հացը բարձրացնելու: Տղաները վերևում էին: Մեկ էլ հանկարծ «Ալլահ աքբար», «Ալլահ աքբար» գոռոցներ լսեցի, ճիշտն ասած` ես մտածեցի մեր տղերքն են, կատակ են անում, թե չէ օրը ցերեկով ի՞նչ «Ալլահ աքբար»: Բայց ինձ հետ եկած տղան ճակատի կրակոցից միանգամից ընկավ, հասկացա, որ կատակ չէր, սկսվեց կռիվը: Երկուսին ես հասցրի կրակել ու իջա ձորը, իրենք վերևից կրակեցին, կպավ ոտքերիս ու մեջքիս, ես ընկա»,- հիշում է Գևորգը:

Վերևում կռիվը ջոկատի մյուս տղաների հետ է շարունակվել, տղաները դիվերսիոն 25-30-hոգանոց խմբին չեզոքացրել են: Մինչ այդ` մոտ 2 ժամ, Գևորգը մնացել է ձորում, կռիվն ավարտվել է, ջոկատի տղաները բարձրացրել են Գևորգին ձորից և հասցրել նախ Մարտակերտ, այնուհետև` Ստեփանակերտի հիվանդանոց, որից հետո` Երևան, քանի որ բարդ վիրահատություն պետք է կատարվեր:  

Դիվերսիոն խմբի անդամներից մեկի կրակոցից Գևորգի երկու ոտքերն են վիրավորել. վնասված են հատկապես աջ ոտքն ու նյարդերը, ինչի հետևանքով առայժմ քայլել չի կարողանում: Երկրորդ կրակոցը նրա մեջքին է հասել` ձախ երիկամի հատվածում: Բժիշկները Գևորգին ասել են, որ կվերականգնվի 6 ամսից մինչև 1 տարվա ընթացքում և կրկին կքայլի:

«Նյարդերս կտրված էին, աջ ոտքս անջատված էր, Երևան հասցրին, որ վիրահատեն: Ավտոմատով էին ոտքերիս ու մեջքիս կրակել, մեջքիս նաև ասկոլկա կար, բայց ես չեմ իմացել` երբ եմ դա ստացել, հիվանդանոցում ասացին էդ մասին»,- շարունակում է Գևորգը:

Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 6–ին «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել է հակագրոհ, և հետ է վերադարձվել Վարանկաթաղ (Լյուլասազ) կոչվող բարձունքը:

Գևորգն ասում է, որ պատերազմ գնացող մարդու համար կարևորը ոգին է, ընտանիքին, ազգին պաշտպանելու գիտակցությունը:

«Տղաներից ամեն մեկը մի մահապարտ էր, արյուններն աչքերի առաջ, մինչև վերջ կանգնել են, վախ չկար, ոչ մեկս չէինք վախենում: Գնալուց առաջ չէի պատկերացնում, որ պատերազմն էդպես է լինելու, ամբողջ աշխարհի դեմ էինք կռվում: Եթե «Ալլահ, աքբար» էին գոռում, նշանակում է` վարձկան իսլամիստներն էին, ադրբեջանցիներ չէին եկողները»,- ասում է Գևորգը:

Գևորգն արդեն տանն է: Հիվանդանոցից դուրս է գրվել և վերադարձել Նինոծմինդա: Ի զարմանս Գևորգի` վերադառնալիս վրացի սահմանապահները նրան նույն` վրացական անձնագրով են թույլ տվել մուտք գործել սահման: Գևորգը կարծում է, որ գուցե քաղաքացիությունից չեն զրկել գալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով:

Մեր զրույցը պարբերաբար ընդհատում է երեխայի բարձր ձայնը, երբեմն` լացը: Գևորգը ջավախքյան բարբառով սաստում է որդուն. «Մոնթե, դուրս ել, կամա ձեն մի հանե»:

Մոնթեն Գևորգի կրտսեր որդին է: Մոնթեից բացի` դուստր ու ևս մեկ որդի ունի: Ավագը 12 տարեկան է:

«Դեռ շատ պետք է երեխաներ ունենանք, հայ ազգը պետք է շատ երեխաներ ունենա»,- ասում է նա:

Գևորգին խնդրում եմ նկարներ տրամադրել Արցախյան առաջնագծում անցկացրած օրերից: Ասում է` ընդամենը մեկ նկար ունի զինվորական շորերով:

«Ես ցուցադրական բաներ չեմ սիրում, նկար էլ չունեմ»,- ասում է նա: 

Մեկնաբանություններ (2)

Ռազմիկ Ուստյան
Ապրես Գևորգ ջա,հայրենասեր,ազգասեր ծնվում են և տարիների ընթացքում ճիշտ դաստիարակությամբ հոգում և գիտակցության մեջ ամրապնդում այդ նվիրական և սուրբ զգացումը ․․․։ Երանի քո նմանները շատ լինեն։ Քեզ առողջություն ենք ցանկանում և քո ընտանիքն ու մեր երկիրը ապրի խաղաղության մեջ․․․
Vartan
How an admirable guy ! Armenian is proud to have such sons ! Happiness for him and his large family.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter