HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ստեփանավանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքապետի հոգեհանգիստը տեղի կունենա եկեղեցում

Երեկ Ստեփանավանի համայնքապետարանը հայտնեց, որ մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Քաղաքապետի մահվան պատճառը համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում նշված չէ։ Ստեփանավանում լուրեր էին տարածվում, որ Միքայել Ղարաքեշիշյանը մահացել է կորոնավիրուսից։

Մեզ հետ զրույցում, սակայն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Ղալաչյանն ու համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Տելեմակ Քալաշյանը չհաստատեցին, որ քաղաքապետի մոտ ախտորոշված է եղել կորոնավիրուս և մահացել է դրանից։ Նրանք պնդեցին, որ դեռևս նրա՝ կորոնավիրուսով վարակվելու մասին եզրակացություն չկա։ «Մի քիչ մրսած էր, ասեցինք՝ գնա տուն։ Շատ արագ եղավ, երկու օր չքաշեց»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Միքայել Ղարաքեշիշյանը հոսպիտալացվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ Ստեփանավանի համայնքապետը մահացել է կորոնավիրուսից։ Ասաց՝ իրենք այժմ սպասարկում են միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին, համայնքապետն էլ իրենց մոտ է հոսպիտալացվել, և մահը արձանագրվել է կորոնավիրուսից։

Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստի ու հուղարկավորության արարողությունները տեղի են ունենալու Ստեփանավանի եկեղեցում։ Թեև կորոնավիրուսով մահացածների մարմինները հարազատներին փոխանցվում է փակ դագաղով, բայց մտահոգիչ է, թե ինչպես են հակահամաճարակային կանոնները պահպանվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահացածը քաղաքապետ է, և նրան հրաժեշտ տալու համար այցելելու են շատ քաղաքացիներ։ Ըստ հաստատված կարգի՝ նման միջոցառումներին առավելագույնը կարող է մասնակցել 60 քաղաքացի։

Ոստիկանության լրատվական վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ ռազմական դրությամբ պայմանավորված իրենք ուժեղացված ծառայություն են իրականացնում ողջ Հանրապետությունում՝ չմանրամասնելով, արդյոք Ստեփանավանի եկեղեցում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար առավել խիստ հսկողություն կլինի, թե ոչ։

Միքայել Ղարաքեշիշյանը Ստեփանավան համայնքի ղեկավար է 2012 թվականի նոյեմբերից, նա անցնում էր քրեական մի քանի գործերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter