HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե 2021-ը՝ անորոշությունների ֆոնին. ինչպես է բաշխվելու այն

2021 թվականի բյուջեի ամենախոշոր ծախսային ուղղություններն են սոցիալական պաշտպանությունը, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները և ռազմական պաշտպանությունը։

Հայաստանի խորհրդարանն այսօր սկսել է 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այս անգամ բյուջեի քննարկումները համընկել են մեր երկրի համար դժվար ժամանակների, տնտեսական անորոշությունների հետ: Սակայն, անկախ ամեն ինչից, բյուջեի պլանավորումն ու ընդունումը պարտադիր գործընթաց է: Թեև նախագծում հստակ ամրագրված են բյուջետային սպասվող բոլոր ցուցանիշները, սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանիշները վերանայելու կարիք լինի, ինչպես եղավ 2020-ի բյուջեի դեպքում:

Այս տարվա մարտից բռնկված կորոնավիրուսը և արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը օրենսդիրներին ստիպել են տարվա ընթացքում վերանայել բյուջեի ծախսերը, եկամուտներն ու դեֆիցիտը: Մինչ եկող տարվա բյուջեն հաշվելը, հետահայաց հասկանանք, թե ինչ էր պլանավորված 2020-ի համար և ինչ ունենք այսօր:

Ի սկսզբանե՝ 2019 թվականին, երբ ընդունվում էր 2020-ի բյուջեն, նախագծի հիմքում դրված էին 1 տրլն 697.6 մլրդ դրամ եկամուտների, 1 տրլն 880.2 մլրդ դրամ ծախսերի ու  դեֆիցիտի (պակասուրդ) 182.6 մլրդ դրամ կանխատեսումները:

Սակայն, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները, եթե չասենք՝ ճգնաժամը, պատճառ դարձան, որ այս թվերը վերանայվեն: Հետագայում նոր խնդիրներ առաջ բերեց նաև արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Ընթերցողներին թվերով չծանրաբեռնելու համար միանգամից ներկայացնենք վերջին՝ ամենաթարմ վերանայումները։

Այսպես, վերջին ճշգրտումները կատարվեցին այս տարվա հոկտեմբերի սկզբին, երբ պարզ դարձավ, որ պատերազմի հետևանքով տնտեսությունը տուժելու է, հետևաբար բյուջեն չի կատարվելու պլանավորված ծրագրով։ Իսկ սա նշանակում է, որ ծախսերը նույնը թողնելու պարագայում, ինչը և անում է կառավարությունը, դեֆիցիտն աճելու է։ Վերջին վերանայումների համաձայն՝ դեֆիցիտը կազմելու է 459 մլրդ դրամ կամ ՀՆԱ֊ի 7.4%֊ը։

Այսինքն՝ վերանայումների արդյունքում եկամուտների զգալի կորուստ է արձանագրվում, որի հետևանքով էլ դեֆիցիտն էականորեն աճում  է:

Իսկ ահա 2021 թվականի համար կանխատեսվում են 1 տրլն 569.1 մլրդ դրամի եկամուտ, 1 տրլն 843.1 մլրդ դրամի ծախս, արդյունքում՝ 274.1 մլրդ դրամի դեֆիցիտ: 

Հարկ է նկատել, որ մինչ վերջին փոփոխությունները, որոնք կատարվել են հոկտեմբերին, 2021-ի բյուջեն արդեն իսկ նախագծվել էր՝ հիմք ընդունելով 2020-ի ավելի հին ցուցանիշներ։ Ստորև ներկայացված գրաֆիկում 2020-ի ցուցանիշներն են, որոնք դրվել են 2021-ի բյուջեի նախագծի հիմքում։ Ու քանի որ դրանք, այսպես թե այնպես, փոփոխվելու են, այս պահին անիմաստ ենք համարում համեմատել դրանք 2021-ի կանխատեսվող ցուցանիշների հետ։ Իսկ գրաֆիկի մյուս երեք տարիների՝ 2017-2019-ի ցուցանիշները փաստացի են։  

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ևս ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ շեշտել է, որ բյուջեի  նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը և հավանական է համարել, որ որոշ ցուցանիշներ քննարկումների արդյունքում փոխվեն: 

Այնուամենայնիվ, նախագծում արդեն իսկ նախանշված մի շարք ցուցանիշներ հստակ պատկերացում են տալիս ծախսային խոշոր ուղղությունների մասին, թե որ ոլորտին բյուջեի որ մասն է հատկացվելու: 

Ինչպես նշվեց վերևում, 2021 թվականին բյուջեի ծախսերը կանխատեսվում են 1 տրլն 843.1 մլրդ դրամի չափով: Ամենամեծ ծախսային ուղղությունը սոցիալական պաշտպանությունն է, որին ծրագրված է ուղղել բյուջեի ծախսերի 27.4%-ը՝ մոտ 505 մլրդ դրամ: Այս գումարն առաջնահերթ ուղղվելու է ծերության կենսաթոշակներին, ընտանեկան նպաստներին, գործազրկությանը և սոցիալական այլ ծրագրերին: 2020-ի բյուջեով հաստատված ցուցանիշների համաձայն՝ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծասխերն ավելանալու են 12.8 մլրդ դրամով կամ 2.6%-ով:

Ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են: Նախատեսվում է 2021-ին այս ոլորտին հատկացնել 393.6 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր ծախսերի 21.3%-ը: 2020-ին հաստատված ցուցանիշի համեմատ այն ավելանում է մոտ 32 մլրդ դրամով կամ 8.8%-ով: Սա ներառում է ինչպես պետական ապարատի ծախսերը, այնպես էլ՝ պետական բյուջեի սպասարկումը, որին կանդրադառնանք առանձին հոդվածով: Միայն նշենք, որ նախատեսված 393.6 մլրդ դրամից մոտ 192 մլրդ դրամը պետական պարտքի սպասարկումը՝ տոկոսավճարներն են  կազմելու: Համեմատությունները ցույց են տալիս, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին հատկացվելիք գումարների նախատեսվող աճը հիմնականում պայմանավորված է պետպարտքի տոկոսավճարների աճով, որը ցույց է տալիս, թե ինչպես է աճող պետական պարտքի սպասարկումը տարեցտարի ավելի թանկ արժենում մեր բյուջեի համար:

Երրորդ խոշոր ուղղությունը պաշտպանությունն է: Ծրագրված է պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի  16.9%-ը՝ 312 մլրդ դրամ: Աճը կազմում է 1.3%:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է 2021 թվականի պետական բյուջեի ուղերձում, 2017-2020թթ․ պետական բյուջեի ընդամենը ծախսերում գերակայել են սոցիալական բնույթի ծախսերը (կրթություն, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն և այլն)՝ միջինում 44%, պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության՝ միջինում 26%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների՝ միջինում 20%, տնտեսական ոլորտի՝ միջինում 10% ֆինանսավորումը։ Այս միտումը կշարունակվի նաև 2021 թվականին։

2021-ի ծախսային ուղղություններն առավել մանրամասն կարող եք տեսնել ստորև՝ գրաֆիկում:

Եկամուտները կանխատեսվում են 1 տրլն 569.1 մլրդ դրամ, որի մոտ 96%-ը կգոյանա հարկերից, մնացածը՝ պաշտոնական դրամաշնորհներից և այլ դրամաշնորհներից: 

Պետական բյուջեն մեր ամենակարևոր ֆինանսական փաստաթղթերից է: Այն մինչև ընդունվելը դեռևս երկար կվերլուծվի, կքննարկվի ու կքննադատվի: Օրենսդիրն այս անգամ պետք է առավել քան երբևէ ուշադրություն դարձնի պաշտպանության ծախսերին, առավել քննարկվող ուղղություններին, կապիտալ ծախսերին՝ հասկանալու, թե, ի վերջո, ինչու է վերջին երկու տարում այն էականորեն թերակատարվում: Սա պարզապես թերթելու ու ընդունելու նախագիծ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter