HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արծրուն Հովհաննիսյան. «Գերիների փոխանակման աշխատանքները հաջողություն չեն ունենում»

Անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Ադրբեջանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցին ասաց պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 2-ի առավոտյան 7։00-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական՝ Մարտունու ողղությամբ, հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել, որոնք իրենց ուժգնությամբ որոշակիորեն տարբերվել են նախորդ օրերի հարձակումներից։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ բոլոր ուղղություններում հակառակորդի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել հակառակորդին և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ, սակայն Մարտունիից հարավ՝ Ճարտար քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք։ Այս պահին մարտերը շարունակվում են։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտում է, որ ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ին հակառակորդի հարձակողական գործողությունները, որոնք եղել են 3-4 ուղղությամբ, տապալվել են։ Ադրբեջանի զինված ուժերը գործել են հիմնականում վաշտի և գումարտակի կազմերով։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ 

Գերիների փոխանակման վերաբերյալ հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում, սակայն այդ աշխատանքները չեն կարող հաջողել, եթե ադրբեջանական կողմը այդ հարցի վերաբերյալ մարդկային վերաբերմունք չդրսևորի։ ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ գերիների փոխանակման աշխատանքները հաջողություն չեն ունենում։ 

«Տեղեր կան, որտեղ 20 և ավելի օր է, ինչ ադրբեջանական կողմի դիակները մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրները լուծել ինչ-որ տարբեր ձևերով, որպեսզի համաճարակ չառաջանա։ Չգիտեմ՝ այդ հարցում կհաջողենք, թե՝ չէ, սակայն դիակները այդպես էլ մնում են։ Հենց այսօրվա մարտերի ընթացքում Հադրութի շրջանի գյուղերից մեկի հատվածում՝ մեր դիրքերի ուղղությամբ, իրենց բավականին մեծաթիվ զորքերի գրոհը հետ մղելիս թողել են 15-16 դիակ ու փախչել են, բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով այն թեմային, որ վերջին օրերի ընթացքում առավել շատ տեղային մարտեր են ընթանում, ոչ թե լայնածավալ գործողություններ, Արծրուն Հովհաննիսյանը այդ փաստը բացատրեց այն հանգամանքով, որ հակառակորդի հետևակային և զրահատանկային ներուժը լուրջ կորուստներ է կրել և որպես խմբավորում ու զորատեսակ՝ արդեն միասնական գոյություն չունի, դրա համար էլ այդ գործողությունները հակառակորը վստահում է վարձկաններին, որոնք հիմնականում գործում են առանց զրահատեխնիկայի։

Հարցին, թե արդյոք հակառակորդը ունի՞ հետախուզական արբանյակներ, որոնց միջոցով կարողանում է Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում վերահսկել հայկական զինված ուժերի շարժը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ունենալով Թուրքիայի լիարժեք վերահսկողությունը մարտական գործողություններում՝ կարող են այդպիսի հնարավորություն ունենալ, սակայն դա «կատաստրոֆիկ չէ», քանի որ հայկական կողմն էլ որոշակի հնարավորություններ ունի հակառակորդի թիկունքում հետախուզություն իրականացնելու համար։ 

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ վաղ կամ մյուսը օրը  թարմացված քարտեզ կներկայացնեն դիրքային որոշ փոփոխությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter