
Նախատեսված է 2021-ին բյուջեի 10.4%-ն ուղղել պետական պարտքի տոկոսներին
Հայաստանի պետական պարտքը շարունակելու է աճել ինչպես այս տարվա վերջին երկու ամիսներին, այնպես էլ՝ եկող տարվա ամբողջ ընթացքում: Սրա հետևանքով ծանրանում է նաև պետական պարտքի սպասարկումը՝ տոկոսավճարները, որոնք տրամադրվում են պետական բյուջեից: Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած բյուջետային խնդիրները կառավարությանը ստիպում են ավելի շատ պարտք ներգրավել եկամուտների ու ծախսերի մեծացող «ճեղքվածը» փակելու համար:
Սպասվում է, որ 2020 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2021-ի վերջում՝ 9.215 միլարդ դոլար: Նման կանխատեսումներ են ընկած Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում, որն այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում:
Այսպիսով, կանխատեսվում է, որ գալիք տարում պետական պարտքն ավելանալու է 365 մլն դոլարով կամ 4.1%-ով: Այս ընթացքում կառավարությունը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները:
Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.855 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 533 մլն դոլարով կամ 7.3%-ով։
Արտաքին պարտքը մոտ 5.977 մլրդ դոլար է, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 192 մլն դոլարով կամ 3.3%-ով։
Նույն ընթացքում ներքին պարտքն աճել է 341 մլն դոլարով կամ 22.2%-ով՝ կազմելով մոտ 1.878 մլրդ դոլար։
Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց խոչընդոտների
Բյուջեի նախագծի ուղերձում կանխատեսվում է, որ այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 69%-ը, իսկ 2021-ին թվականին կառավարությունը կձգտի նվազեցնել այս ցուցանիշն ու հասցնել 66.8%-ը: Որքան բարձր է պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը, այնքան կառավարությունը ստիպված է ձգել գոտիներն ու սահմանափակվել «Պետական պարտքի մասին» օրենքի դրույթներով:
Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է։ Այն գերազանցելու դեպքում կառավարությունը բյուջեն պլանավորելիս արդեն որոշ սահմանափակումների է «ենթարկվում» և պետք է հստակ ծրագրով ներկայացնի այն հետագա տարում նվազեցնելու քայլերը: Կառավարությունն այսօր այս խնդրի առաջ է կանգնած:
Մասնավորապես, ինչպես նշվեց վերևում, կանխատեսվում է, որ այս տարվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմելու է 8.850 միլիարդ դոլար: Սակայն, սա ամբողջությամբ չէ, որ կառավարության պարտքն է: Սպասվում է, որ կառավարության պարտքը կկազմի 8.325 մլրդ դոլար (մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է), որն էլ ՀՆԱ-ի 64.9%-ը կլինի: Հենց այս ցուցանիշին է վերաբերում օրենքի սահմանափակումը, որը ևս, ինչպես տեսնում ենք, հատում է 60%-ի շեմը:
2012 թվականի համար էլ կանխատեսվում է, որ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը փոքր-ինչ կնվազի՝ կազմելով 63.2%:
191.7 մլրդ դրամ՝ պարտքի տոկոսներին
Ամեն տարի աճող պարտքին զուգահեռ ավելանում են նաև պետական բյուջեից պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները: Եթե 2019-ին բյուջեից կառավարության պետպարտքի տոկոսներին ուղղվել է 157.5 մլրդ դրամ, այս տարվա համար սպասվում է 166.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար՝ 191.7 մլրդ դրամ:
Նշված 191.7 մլրդ դրամը կազմում է 2021 թվականին բյուջեի պլանավորված ծախսերի 10.4%-ը: Ամեն տարի առիթ ենք ունենում գրելու, որ մի շարք ոլորտների, ինչպես կրթությանը, առողջապահությանը, մշակույթին և այլն, պետական բյուջեից ավելի քիչ գումար է հատկացվում, քան պետական պարտքի սպասարկմանը: Այս տարին էլ բացառություն չէ: Դա այն գինն է, որ պետությունը՝ հարկատուները, վճարում են աճող պետական պարտքի համար:
Բացի նշված 191.7 մլրդ դրամից, ևս 278.6 մլրդ դրամ էլ կկազմեն պարտքի գծով մայր գումարի մարումները, որոնք պետությունը հիմնականում մարում է նոր ստացված վարկերի հաշվին:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 470.3 մլրդ դրամ: Միայն արտաքին վարկերի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել 163.1 մլրդ դրամ: Հայաստանն այդ վարկերը վերցրել է Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Եվրասիական զարգացման բանկից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից և այլ միջազգային կառույցներից ու օտարկերյա պետություններից:
Մեկնաբանել