HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Բերձոր-Շուշի ուղղությունում հակառակորդի դիվերսիոն խումբը չեզոքացվել է»

Նոյեմբերի 4-ին ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ողղություններում, այդ թվում հյուսիս-արևելքում ձեռնարկել են հարձակման փորձեր, սակայն հաջողության չեն հասել։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում, Ստեփանակերտից հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Այն տեղեկությունները, որ հակառակորդին հաշված կիլոմետրեր է մնացել հասնելու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, այդ ճանապարհները Արծրուն Հովհաննիսյանը հակառակորդի համար դժոխք որակեց։

Հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով մի բարձունքի ուղղությամբ հակառակորդը վաշտի կազմով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է 2-3 միավոր զինտեխնիկա և հետ է շպրտվել։ Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մասշտաբային կերպով կիրառել են նաև օդուժ և հրետանի։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանակն սահմանում տիրող իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բացառությամբ հայկական զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզում խոցված երեք ԱԹՍ-ների, որոնց մասին Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ էր հայտնել։ Թե ինչ տիպի ԱԹՍ-ներ էին դրանք ՊՆ ներկայացուցիչը չմանրամասնեց։

Գնահատելով ներկայի իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ 10-15 օր առաջ հայկական զինված ուժերի վիճակը ավելի ծանր է եղել, քան այսօր։

«Հիմա մեր թե՛ ներուժը, թե՛ ինքնակազմակերպվածությունը, թե՛ կառավարումը և շատուշատ այլ գործոններ ավելի լավ վիճակում են։ Մենք չենք տեսնում ո՛չ խուճապ, ո՛չ ինչ-որ մեկին զոռով պահել։ Ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ու ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես ինքս այդպիսի արտահայտություն չէի անի, եթե վստահ չլինեի դրանում»,- վստահեցրեց ՊՆ ներկայացուցիչը։

Բերձոր-Շուշի ճանապարհը քաղաքացիական անձանց համար շարունակում է ժամանակավորապես փակ մնալ։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այդ ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խումբն արդեն իսկ չեզոքացվել է, սակայն չեն ցանկանում քաղաքացիական անձանց կյանքը վտանգի ենթարկել։ Արցախը մայր Հայաստանի հետ կապող այլ ճանապարհներ կան, Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց քաղաքացիական անձանց օգտվել այդ ճանապարհներից։

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մնացած հատվածը այլևս հասանելի չէր, քանի որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հեռարձակվող ուղիղ եթերն ընդհատվեց՝ հավանաբար կապի վատթարացման պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter