HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց իրավիճակն օրհասական չէ». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակիորեն նվազել է: Դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, ճանապարհներին, անտառներում, ձորակներում փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ: Այս մասին հոկտեմբերի 5-ի երեկոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ առավոտյան ավելի թեժ մարտեր են ընթացել հրետանու կիրառմամբ: Օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի տարածքում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կիրառմամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:

Շուշի քաղաքի մերձակա տարածքների դիվերսիոն հարձակման փորձերի մասին խոսելիս Ա. Հովհաննիսյանը նշեց, որ վերջիններս, հանդիպելով Պաշտպանության բանակի դիմադրությանը, երկարատև մարտի չեն բռնվում: «Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել՝ կորուստներ կրելով տվյալ բնագծերից»,- ասաց նա: 

Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են ու դրանք կլինեն նաև այս գիշերվա ընթացքում՝ ինչպես նախորդ գիշեր:

«Մարտերը  տարբեր ուղղություններով շարունակվում են, բայց իրավիճակն օրհասական չէ, կան դժվարություններ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ փորձել են Քարին Տակի և այլ ուղղություններով ժայռեր մագլցել, բայց ոչնչացվել են:

Հովհաննիսյանը վերջում հավելեց, որ չնայած նրան, որ մարտերը շարունակվում են, կորցրել են իրենց ինտենսիվությունը, բայց ունեն որոշակի բարդություններ, լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը: Հակառակորդն ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով որոշակի հաջողություններ գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter