HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռաֆայել Վարդանյան․ «Սիրիացի վարձկանները մասնակի են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները»

Քրեական գործի շրջանակներում կալանավորված սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մասնակի են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նշենք, որ վերը նշված անձինք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, վարձկանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու փորձի մեջ։ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և  Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին հայտնում են, որ իրենց մարդ չեն սպանել և միևնույն ժամանակ դիտարկեց, որ նրանց սպանության մեղադրանք առաջադրված չէ։

ՔԿ քրեագիտական վարչության պետը նաև հայտնեց, որ մեղադրյալներից մեզի, մազի և արյան նմուշներ են վերցվել՝ պարզելու համար նրանց՝ հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքը։ Իրենք՝ մեղադրյալներն, ըստ Վարդանյանի, ցուցմունք են տվել այն մասին, որ հոգեմետ նյութեր չեն օգտագործել, սակայն կան անձինք, որոնք օգտագործել են այդպիսի նյութեր։ Մեղադրյալները նաև հայտնել են, որ հոգեմետ դեղերը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչն է բաժանել իրենց։

Վարդանյանի խոսքով՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով Սիրիային տեղյակ է պահվել իր քաղաքացիների՝ ՀՀ-ում ձերբակալվելու մասին, միջոցներ են ձեռնարկվում նաև անազատության մեջ հայտնված  անձանց գտնվելու վայրի, կարգավիճակի մասին նրանց հարազատներին տեղեկացնելու ուղղությամբ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ պայմաններում են պահվում սիրիացիները, արդյոք ապահովվա՞ծ  է նրանց անվտանգությունը։ Ռաֆայել Վարդանյանը հավաստիացրեց, որ նրանց անվտանգությունն ապահովված է ու շեշտեց, որ այս անձինք Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր, անփոխարինելու նշանակություն ունեն՝ ցույց տալու համար, որ հավաստի են այն տեղեկությունները, որ Արցախի դեմ պատերազմում են վարձկաններ և որ միջազգային կոնվենցիաներով արգելված հանցագործություն է տեղի ունենում։

Սիրիացի մեղադրյալները հարցաքննության ընթացում մանրամասն ցուցմունքներ են տվել, հայտնել մի շարք անձանց անուններ, որոնց միջոցով իրենք հայտնվել են Ադրբեջանում։ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ նրանք տվել են տարբեր խմբավորումների ղեկավարների, նրանց հարազատների տվյալներ։ Ցուցմունքներ կան այն մասին, թե ինչպես է ահաբեկչական խմբավորման ղեկավարը տեղում աշխատանքներ, ղեկավարում իրականացրել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ։

Լրագրողները հետաքրքվեցին, թե Սիրիայի և Հայաստանի միջև իրավական փոխօգնության պայմանագրի շրջանակներում ի՞նչ գործողություներ են կատարվել այս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Վարդանյանը նշեց, որ համապատասխան աշխատանքներ արվում են, սակայն այս պահին առարկայական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրեց։

ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը նշեց, որ բացի քննչական և դատավարական գործողություններից կան նաև այլ մեխանիզմներ՝ սիրիացիների կողմից մատնանշված անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ։ Խոսքն օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին է։

 «Սակայն նկատի ունեցեք, որ Սիրիայում վարձկանների առկայությունը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, եւ լուրջ դժվարություններ կան այնտեղ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու համար, որովհետև նրանք տարբեր տեղերում են ապրում, հաճախ գրանցված չեն, չունեն համապատասխան փաստաթղթեր, այսինքն՝ մենք այժմ բախվում ենք այն պրոբլեմներին, որ վերաբերում են միջազգային ահաբեկչությանը»,- ասաց Վազգեն Ավետիսյանը։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter